Ո՞ւմ ապագան են մեր երեխաները

03/07/2005

Խորհրդային տարիներին դպրոցական ճամբարները պատկանել են տարբեր
գերատեսչությունների: Գերատեսչությունների լուծարումը կամ
վերակազմավորումը բնականաբար անդրադառնալու էր նաեւ ճամբարների վրա՝ դրանց
մի մասը սեփականաշնորհվել է, մի մասը լուծարվել, ամբողջական ինֆորմացիա
այս մասին առայժմ չկա: Այսօր, ինչպես հավաստիացնում է ԿԳ նախարարության
Մարզառազմական եւ արտադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Մանուշակ
Խուդադյանը, այս ոլորտում զարգացման տենդենց է սկսվել. «Տարեցտարի
ճամբարների թիվն ավելանում է, հիմա եւ համայնքները, եւ խոշոր
ձեռնարկություններն իրենց առջեւ նման խնդիր ունեն, նույնիսկ դպրոցականների
ամառային հանգստի կազմակերպման գրանտային ծրագրեր գոյություն ունեն
արդեն»: ԿԳ նախարարությունն այժմ մշակում է արտադպրոցական կրթության
ռազմավարության ծրագիր, որտեղ ճամբարներին մեծ դեր է վերապահվում:
Դպրոցական ճամբարը՝ որպես արտադպրոցական հաստատություն, ամրագրված է
Կրթության եւ գիտության մասին օրենքում, ինչպես նաեւ՝ հարկային ու
սոցապահովագրության դաշտերում: «Հասարակությունն էլ է արդեն հասկացել, որ
առանց հանգստի կազմակերպման երեխան մեծ կորուստներ է կրում եւ ուսման
պրոցեսում, եւ առողջության հետ կապված, եւ պատրաստ են աջակցության»,-
ասում է տիկին Խուդադյանը: Այս տարվա հունիսի 1-ից ՀՀ վարչապետի որոշմամբ՝
3000 դպրոցականներ անվճար կհանգստանան Հանքավանի ճամբարներում: Հուլիսի
4-ից Հանքավանի «Հասմիկ»,«Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթների կիրճ»,
«Տանձաղբյուր», «Նարինե» ճամբարները պատրաստ կլինեն երկու հերթափոխով
ընդունել դպրոցականներին: Այս տարի անվճար կհանգստանան միայն զոհված
ազատամարտիկների, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների
երեխաները: Ֆինանսների նախարարությունն այժմ հաշվարկում է մեկ երեխայի
օրական ծախսը: Թեեւ Մ. Խուդադյանը հավաստիացնում էր, որ երեխաների
սննդակարգը հաստատվելու է միջազգային չափանիշների շրջանակներում, սակայն
որոշ լուրեր խիստ կասկածի տեղիք են տալիս: Մասնավորապես՝ ֆինանսների
նախարար Վարդան Խաչատրյանին առայժմ ոչ միջազգային չափանիշներն են հուզում,
ոչ էլ մեր երեխաների առողջ հանգիստը, նա ավելի շատ մտահոգված է
պետբյուջեից ճամբարներին հատկացվելիք 60 մլն դրամի համար: «Չպրծա՞ն
դրանք»,- ասել է ֆիննախարարը՝ նկատի ունենալով երեխաներին: Մեր ունեցած
տվյալներով՝ Հանքավանի մի քանի ճամբարների տնօրեններ դիմել են ԱԺ
պատգամավորների՝ խնդրանքով, որ հարցն անպայման քննարկվի ԱԺ-ում, որովհետեւ
բացառված չէ, որ ֆիննախարարի մտահոգությունը գագաթնակետին կարող է հասնել,
եւ պետբյուջեն ավելորդ ծախսերից ապահովագրելու համար մեր երեխաների
բերանից կկտրեն նաեւ համեստ օրապահիկը: Փոխարենը՝ իրենք կուտեն խեցգետնի
քյաբաբ, կհանգստանան կազինոներում եւ կծախսեն մոտավորապես այնքան գումար,
որքան պետբյուջեն պետք է տրամադրի 3000 երեխայի հանգստի համար:

Ն.Ա.