Կարիք չկա՞

01/02/2009

Անցած շաբաթ կտրուկ վատթարացել էր «7-ի գործով» քաղբանտարկյալ, պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Նա գտնվում է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ էլ անցած շաբաթ պատգամավորի համար շտապօգնություն է կանչվել: Ս.Միքայելյանը տարիներ առաջ ինֆարկտ է տարել: Նրա պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքերով. «Ճնշումը սարսափելի ցածր է, սրտի աշխատանքը` անկանոն»: Բացի այդ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ս.Միքայելյանը գլխի հատվածում վիրավորվել է: Հ.Արսենյանը ցույց տվեց նաեւ պատգամավորի գլխի ռենտգեն-պատկերը, որտեղ հստակ երեւում էին բեկորների տեղերը: Երեկ «7-ի գործով» հերթական դատավարության ժամանակ Ս.Միքայելյանը ներկա էր, եւ դահլիճը կիսող ապակու ետեւից էլ ակնհայտ էր, որ վատ է զգում: «Ներկա պահին նրա կյանքին իրական վտանգ է սպառնում, քանի որ առավոտյան 9-ից մինչեւ 18-ն ընդամենը 1 բժիշկ է ներկայանում: Իսկ վերջին ժամանակներում մշտական է դարձել գիշերային ժամերին շտապօգնություն կանչելը: Կամ բուժքույրը գիշերվա կեսին գալիս է, սրսկվում է, ու դրանով վերջանում է: Տեսեք, սա Ս.Միքայելյանի գլխի նկարահանումներն են, տեսեք քանի բեկոր կա, եւ այս պայմաններում, առանց բժշկական հսկողության, շուրջ մեկ տարի՝ առնվազն հանցագործություն է: Դրա փոխարեն՝ Քրեակատարողական վարչության պետը ուղղակի ինձ պատասխանում է, թե ի պատասխան ձեր միջնորդությանը, այն ուսումնասիրվել է, որպեսզի տեղափոխենք, անհրաժեշտ է դատարանի միջնորդությունը: Աստված իմ, ի՞նչ որոշման մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի դատարանը, երբ որ Քրեակատարողական օրենսգիրք գոյություն ունի` առաջնորդվեք ձեր լիազորություններով, ձեր իրավունքներով, կատարեք ձեր պարտականությունները: Եթե մարդու կյանքին, առողջությանը իրական վտանգ է սպառնում, Քրեակատարողական վարչությունն է պարտավոր հոգալու կալանավորի համար»,- ասաց Հ.Արսենյանը:

Հ.Արսենյանն անցած շաբաթ միջնորդել էր, որ իր պաշտպանյալին տեղափոխեն գոնե Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: «Միջնորդում եմ, նկատի ունենալով, որ Ս.Միքայելյանը ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում, ունի փոխգնդապետի կոչում` նրան տեղափոխել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ առկա են այնպիսի պայմաններ, որ մշտական բժշկական հսկողություն կարող է իրականացվել»,- ասում է պաշտպանը:

Ս.Միքայելյանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար անցած շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր միջնորդությամբ դիմել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: Նամակը հավանաբար ուղարկվել է Քրեակատարողական վարչություն, որտեղից էլ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տեղեկացրեց, թե «Ս.Միքայելյանին են այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի, շտապ օգնության եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները, որոնք զննել են Ս.Միքայելյանին եւ կայացրել եզրակացություն այն մասին, որ վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի»: