Հետաձգվեց «7-ի գործով» նաեւ 7-րդ դատավարությունը

01/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու «ավանդույթի համաձայն»՝ միանգամից ավարտվեց «7-ի գործով» հերթական դատավարությունը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներս մտնելու պահին քաղբանտարկյալները կրկին ոտքի չկանգնեցին, եւ նա նորից որոշեց նիստը հետաձգել «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» պատճառաբանությամբ: Այս անգամ միակ տարբերությունն այն էր, որ դատարան չէր եկել քաղբանտարկյալ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Ինչպես հայտնի է, առողջական վիճակի վատթարացման պատճառով նա այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում եւ ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին: Այնպես որ, Մ.Մարտիրոսյանի երեկվա սանկցիան վերաբերում էր մյուս 6 քաղբանտարկյալներին` Ալեքսան Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին, Շանթ Հարությունյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին: Եվ «7-ի գործով» 7-րդ դատավարությունը տեւեց ընդամենը 3 րոպե: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին: Մ.Մարտիրոսյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ հայտարարեց, թե սանկցիա կիրառելու մասին իր այս վճիռը բողոքարկման ենթակա չէ, եւ արագ դուրս եկավ: Ժամանակի սղության պատճառով երեկ քաղբանտարկյալները չկարողացան հայտարարություններ անել: Հ.Հակոբյանի եւ Մ.Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը նիստից հետո տեղեկացրեց, որ թեեւ չեն կարողանա դատավորի վճիռը բողոքարկել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, բայց կդիմեն Սահմանադրական դատարան:

«Դա հակասահմանադրական է եւ պետք է բողոքարկվի: Բայց ինչպես նայում ենք՝ որոշումը բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ ներպետական ատյաններում սպառելու հնարավորություն չունենք: Սա քողարկված դատավճիռ է, մարդիկ ազատազրկվում են առանց կողմերի մրցակցության, առանց դատական քննության: Ոչ միայն պաշտպանող կողմը, այլեւ մեղադրող կողմն էլ է զրկված կարծիք հայտնելու հնարավորությունից: Փաստորեն, դատավորը միանձնյա կայացնում է այդ որոշումը, ու մենք չենք կարողանում բողոքարկել: 314-րդ նորմը այս առումով հակասում է Սահմանադրությանը: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջն է, որ յուրաքանչյուր ոք կարող է իր նկատմամբ կիրառված սանկցիայից բողոքարկելու հնարավորություն ունենալ: Մեր պաշտպանյալները ապօրինի են անազատության մեջ: Հնարավոր է, որ ՍԴ-ի հետ միասին դիմենք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- հայտարարեց տիկին Առուստամյանը:

Մ.Առուստամյանը նաեւ անդրադարձավ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների հնարավոր փոփոխություններին: Փաստաբանի համոզմամբ՝ ինչպես էլ փոխվեն այդ հոդվածները, քաղբանտարկյալներն իրենց մեղավոր չեն ճանաչի: «Եթե նույնիսկ ձեռք բերված ապացույցները, որ մենք միշտ հայտարարել ենք, թե շինծու են, փորձեն համապատասխանեցնել այս հոդվածներին, միեւնույն է, չեն կարողանա դատապարտել, որովհետեւ ամբաստանյալների վիճակը վատթարացնող յուրաքանչյուր փոփոխություն ետադարձ ուժ ունենալ չի կարող: Իսկ եթե համապատասխանեցնեն, միեւնույն է, ավելի կվատթարացնեն վիճակը»,- կարծում է փաստաբանը:

Մ.Առուստամյանը միաժամանակ ավելացրեց, թե դեռեւս անցած տարվա գարնանը Փաստաբանների պալատում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ է նշվել, որ 300 հոդվածը փոփոխության կարիք ունի: «Մեր պետությունը դա ժամանակին շտկելու հնարավորություն ուներ: Չշտկեց: Ես չեմ կարծում, որ մեր քրեական հետապնդում իրականացնող մարմինը եւ ԱԺ-ն չեն դիտել այս երկու հոդվածները եւ որեւէ եզրահանգումներ չեն ունեցել: Եթե լիներ բարի կամքի դրսեւորում, դա կարվեր մինչեւ նախաքննության ավարտը»,- նկատեց պաշտպանը:

Ի վերջո, որքա՞ն կարող է դատավորը հետաձգել դատաքննությունը: Արդեն պարզ է, որ 7 քաղբանտարկյալները քաղաքական որոշում են կայացրել եւ ոտքի չեն կանգնելու: «Ի վերջո, դատարանը պետք է անցնի իր լիազորությունների կատարմանը: Նախաձեռնությունը ոչ թե մեր պաշտպանյալները, այլ դատարանը պիտի ցուցաբերի»,- կարծում է Ա.Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սարգսյանը:

Նշենք նաեւ, որ եթե նույնիսկ այս անգամ քաղբանտարկյալները ոտքի կանգնեին, միեւնույն է, նիստը պետք է հետաձգվեր, քանի որ Հ.Հակոբյանը դատարանում չէր եղել: Սակայն Մ.Մարտիրոսյանն անտեսեց այս հանգամանքը:

Վերջին զարգացումներից, հատկապես ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի ընդունումից հետո կարծիք կա, թե դատավարությունն ըստ էության չի սկսվի, մինչեւ փոփոխության չենթարկվեն վերը նշված հոդվածները:

«Եթե այս ճանապարհով են գնում, ես համարում եմ խոհեմ: Այսօր լավատես եմ, ուզում եմ իրենց ոգեւորել, որ արագ անեն այդ գործը, իրենց բեռն էլ թեթեւանա: Բանաձեւում բոլոր տարբերակները որպես միջոց ողջունված են` եւ՛ գործերի վերանայումը, եւ՛ կարճումը, եւ՛ համաներումը, եւ՛ այս հոդվածների վերացումը եւ՛՛ 32 ոստիկանների ցուցմունքներով նստածների ազատումը: Այսինքն՝ այս խնդիրը լուծելու համար լայն դաշտ է տրված իրավապահներին, դատավորներին ու իշխանությանը: Մենք ողջունում ենք, եթե քաղբանտարկյալները դուրս են գալու տարբեր ճանապարհներով, արժանապատիվ ճանապարհներով: Իշխանությունը թող ընտրի՝ որն է իր համար ընդունելու»,- ասաց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Ավելացնենք, որ ինչպես միշտ՝ այս անգամ էլ դատավարության ողջ ընթացքում դատարանի շենքի հարակից շրջակայքում հավաքվել էին քաղբանտարկյալների հարյուրավոր բարեկամները, ընկերներն ու պարզապես քաղաքացիները: Դատական նիստից հետո նրանք շարժվեցին Գլխավոր դատախազություն` իրենց ամենշաբաթյա բողոքի նամակը հանձնելու համար: Արժեր ավելացնել, որ հսկող ոստիկաններն այս անգամ ծեծկռտուք չհրահրեցին: Երեկ լրացավ նաեւ մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի 24-ամյակը: