«Մենք չէինք էլ ցանկանում, որ Հայաստանը Եվրախորհրդում զրկվեր ձայնի իրավունքից, եւ ԵԽ ԽՎ որոշումը ընդդիմության ձախողում կամ էլ իշխանության հաղթանակ չի կարելի համարել: ԵԽ ԽՎ-ն լրացուցիչ ժամանակ տվեց Հայաստանի իշխանություններին` համապատասխան քայլեր կատարելու համար»,- երեկ ասուլիսում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա` այս բանաձեւն ընդունվել է, քանի որ իշխանությունները խոստացել են փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում: «Սակայն ակնհայտ է, որ այդ մեղադրանքներով հարուցված գործերը, մասնավորապես` «7-ի գործը» շինծու է: Բացի այդ, չպետք է մոռանանք, որ շինծու գործեր են հարուցված նաեւ այլ հոդվածներով` բացառապես ոստիկանների ցուցմունքներով, այնպես որ, խոսքը չի գնում միայն «7-ի գործի» մասին, պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»,- շեշտեց Ս. Դեմիրճյանը: «ԵԽ-ի պահանջները լիարժեքորեն այս իշխանությունները երբեք էլ չեն կատարել: Այնպես որ, այսօր էլ շատերը թերահավատ են, եւ դրա համար հիմքեր ունեն: Սակայն ես հուսով եմ, որ այսքանից հետո իշխանությունները ռեալ քայլեր կկատարեն քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ: Եթե ԵԽ ԽՎ-ն ձայնի իրավունքից չզրկեց մեր պատվիրակությանը, դա չի նշանակում, թե ճգնաժամը հաղթահարվել է»,- հավելեց նա: ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի ընդունումը Ս. Դեմիրճյանը պայմանավորում է նաեւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացով: «Ակնհայտ է, որ այս փուլում, երբ համազեկուցողները խոսում են ԼՂ հարցի հնարավոր հանգուցալուծման մասին, ԵԽ-ն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու քայլին չէր կարող գնալ: Նրանք միշտ փորձում են հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Ամեն դեպքում` կարծում եմ, այս բանաձեւը նպաստելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրի լուծմանը»,- ասաց նա: Պատրաստվո՞ւմ է արդյոք ընդդիմությունը ՀՀ հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի ու Ջոն Պրեսկոտի նկատմամբ ինչ-որ ձեւով անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Չեմ կարծում, թե նման գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա: Նման հարց չի էլ քննարկվում: Ի վերջո, այդ ինֆորմացիան նրանց տրամադրել են իշխանությունները, նրանք էլ ներկայացրել են Մոնիտորինգի հանձնաժողովին»: Ուստի, ըստ Ս. Դեմիրճյանի, սա էր պատճառը, որ ՀԱԿ-ը իր ներկայացուցիչներին ուղարկեց Ստրասբուրգ: «Ինֆորմացիա տրամադրելու մեջ որեւէ հակապետական տարր չեմ տեսնում»,- ի պատասխան իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից հնչող մեղադրանքների՝ ասաց Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա` շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստան այցելության ժամանակ Կոլոմբիեն ու Պրեսկոտը հանդիպեին ընդդիմության հետ, եւ այդ պարագայում Ստրասբուրգ գնալու անհրաժեշտություն այլեւս չէր լինի:
Ս. Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի հարաբերություններին: «ՀԺԿ-ի հարաբերությունները ՀԱԿ-ի հետ նորմալ ու գործնական են»,- նշեց Ս. Դեմիրճյանը: «Իհարկե, տարբեր հարցերի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, մոտեցումներ, գնահատականներ, դա նորմալ է, սակայն կան հարցեր, որոնք բոլորիս միավորում են: Խոսքը երկրում սահմանադրական կարգի, ժողովրդավարության ու օրինականության հաստատման մասին է»,- հավելեց Ս. Դեմիրճյանը: Նա անդրադարձավ նաեւ այս տարի նախատեսված Երեւանի քաղաքապետի ընտրություններին: «Ընդդիմությունը պետք է մասնակցի այդ ընտրություններին: Մենք ցանկանում էինք, որ Երեւանի քաղաքապետն ընտրվեր ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն այս դեպքերում էլ գտնում ենք, որ պետք է մասնակցել: Ինչ վերաբերում է մասնակցության ձեւին, ապա, այդ խնդիրը դեռ ՀԱԿ-ում չի քննարկվել: Ես նպատակահարմար եմ գտնում այն, որ ընդդիմությունը միասնական ուժերով մասնակցի այդ ընտրությանը»,- նշեց Ս. Դեմիրճյանը: Նա համաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդեն ժամանակն է, որ այդ խնդիրը ՀԱԿ-ի ներսում քննարկվի եւ համապատասխան որոշում կայացվի: