– Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ-ի վրա էական բացասական ազդեցություն կարո՞ղ է թողնել: Արտաքին տրանսֆերտները զգալիորեն կկրճատվե՞ն, թե՞ ոչ:
– Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնվել: Ինչ վերաբերում է դրա ծավալներին` դատելով անցյալ տարվա վերջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում արձանագրված արդյունքներից, կարծում եմ՝ այո՛, ազդեցությունը կարող է լինել էական: ՀՀ տնտեսության համար առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի տրանսֆերտների կրճատման հարցը, որը ավելի լայն պետք է մեկնաբանվի, անհրաժեշտ է քննարկել ընդհանրապես արտարժույթի հնարավոր ներհոսքի ու արտահոսքի փոփոխությունները: Ըստ իս, առաջիկայում արտարժույթի ներհոսքն էականորեն կրճատվելու է: Եթե վերցնենք միայն բանկային համակարգով իրականացվող փոխանցումները` հնարավոր է մասնավոր տրանսֆերտների նվազում չգրանցվի: Սակայն նախորդ տարի արդեն դրսեւորվեց ստվերային փողի ներհոսքի նվազում, ինչը կշարունակվի նաեւ այս տարի: Բացի դրանից, հայտնի է, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված յուրաքանչյուր տարի մեկնում են Ռուսաստան սեզոնային աշխատանքների, եւ նրանց զգալի մասն այս տարի նման հնարավորություն չեն ունենալու, իսկ նրանք սովորաբար իրենց աշխատած գումարները ոչ թե բանկային համակարգով են փոխանցում Հայաստան, այլ «գրպանով» են բերում: Ուստի ընդհանուր հաշվառման մեջ սա չի արտացոլվում, թեեւ խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց վաստակած գումարների մասին է, որը պատկառելի թիվ է կազմում: Կարեւոր գործոն է հանդիսանալու նաեւ արտահանման ծավալների կրճատումը, որը նախորդ տարվա ընթացքում կազմեց շուրջ 1 մլրդ դոլար եւ որն իրականացվող քաղաքականության անփոփոխ մնալու պարագայում կդիտվի նաեւ այս տարվա ընթացքում:
– Այսօր ԿԲ-ն շարունակում է փոխարժեքը կայուն պահել` վաճառելով արտաքին պահուստները, թեեւ նախկինում անընդհատ հայտարարվում էր, որ ԿԲ-ի խնդիրը գները կայուն պահելն է, ոչ թե փոխարժեքի տատանումների հետեւից ընկնելը:
– Իսկապես, երբ դրամը արժեւորվում էր, անգամ արտահանողների դժգոհության պայմաններում, ԿԲ-ն շատ հստակ պատասխանում էր` լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում, ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է. ԿԲ-ն չի կարող երկու նպատակ հետապնդել, եւ այլն: Սակայն այժմ ճիշտ հակառակն է իրականացվում, որը, իմ կարծիքով, միանշանակ սխալ է: Լողացող փոխարժեքի քաղաքականությունը գործիք է, որ հնարավորություն է տալիս մեղմելու այն ճեղքվածքները, որոնք տնտեսության մեջ կարող են առաջ գալ: Խոսքը վերաբերում է նաեւ վճարային հաշվեկշռի ճեղքվածքին, արտահանման-ներմուծման աճող տարբերությանը: Փոխարժեք ֆիքսելը եւս քաղաքականության ձեւ է, սակայն մեր տնտեսությունը իսկապես կառուցված է լողացող քաղաքականության վրա, եւ ստացվում է, որ մենք, առանց համակարգային փոփոխությունների, ինչ-որ օտար գործիքներ ենք կիրառում: Նման գործելաոճը անհետեւանք չի մնա, ընդ որում, հետեւանքները լինելու են բավականին ծանր: Ենթադրում եմ, որ թե դրամավարկային իշխանությունները, եւ թե գործադիր իշխանությունը, որը, վստահաբար պնդում եմ` այս հարցում միջամտում է, հույս ունեն, որ արտաքին ինչ-ինչ ներդրումներ են լինելու, արտարժութային մեծածավալ ներհոսք է լինելու: Սակայն դրամավարկային քաղաքականությունը չի կարող կառուցվել նման սպասումների վրա, առավել եւս, որ պահուստների կառավարման խնդիրը, ինքնին, առանձնահատուկ է: Պահուստները երկրի վճարունակության մասին վկայող միջոցներ են: Նրանք հանդիսանում են ներկրման որոշակի ծավալների ապահովման միջոց եւս: Իսկ մենք խնդրին պետք է նախ եւ առաջ այս տեսակետից մոտենանք: 2007թ.-ի վերջում ՀՀ արտաքին պահուստները կազմում էին շուրջ 1,65 մլրդ դոլար, այսինքն՝ հանդիսանում էին ավելի քան 6 ամսվա ներմուծման ծածկույթ: Կարելի է պահուստների մակարդակը չափել նաեւ վճարային հաշվեկշռի դեֆիցիտի, ներմուծման ու արտահանման տարբերության նկատմամբ: 2008թ. վերջին պահուստները կազմեցին մոտ 1,4 մլրդ դոլար: Մյուս կողմից, եթե հաշվի ենք առնում, որ ներմուծումը 2008-ին կազմել է մոտ 4.4 մլրդ դոլար` 2007թ.-ի մոտ 3.3 մլրդ-ի դիմաց, կստացվի, որ պահուստները կարող են ապահովել տարեկան ներմուծման 4 ամսից էլ պակաս ծավալը: Այսինքն՝ վտանգվում են երկրի վճարունակությունը եւ տնտեսության բնականոն գործունեությունը:
– Նշեցիք, որ հնարավոր է՝ իշխանությունները արտարժույթի ինչ-որ ներհոսքեր են սպասում: Ձեր կարծիքով՝ ՀԲ-ից առաջիկա 4 տարիների համար նախատեսված ավելի քան 500 միլիոն դոլարի վարկային ծրագիրը նո՞ւյնպես այդ սպասումների մեջ է մտնում:
– Մենք Համաշխարհային բանկից միշտ էլ վարկեր ստացել ենք եւ, հավանաբար, ստանալու ենք: Այստեղ էականը ծավալն է: 500 միլիոնը 4 տարվա համար մեծ թիվ չէ:
– Պահուստների նման վատնումը ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել:
– Այստեղ կարող եմ միայն ենթադրություններ անել: ԿԲ-ն ինքնուրույն չէ այս վճիռը կայացրել, սա միանշանակ է: Մեր տնտեսության վրա նախորդ տարի ճգնաժամի ազդեցությունը դեռեւս էական չէր: Ճգնաժամի առաջին դրսեւորումներից էին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները` պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների մոտ 2.5 անգամ անկումը: Սակայն այդ ապրանքատեսակները կազմում են արտահանման մոտ 20%-ը կամ մոտ 200 միլիոն դոլար: Լուրջ դրսեւորումներից է շինարարության ծավալների անկումը տարվա վերջին եռամսյակում: Հիմնական գործոնը, իհարկե, քաղաքական իրադարձություններն էին, որոնք թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ իրական ներդրողների մոտ անհանգստություններ առաջացրեցին: Այսինքն` սրանք հանգեցրեցին դրամի պահանջարկի նվազման եւ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումների, որը ԿԲ-ն փորձում է չեզոքացնել: Բայց կարծում եմ՝ արտարժութային շուկայի վրա ազդող գործոններն ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն: Մարդիկ իրենց գրպանի կանխիկը ուզում են վերածել ավելի կայուն արժույթի` դոլարի: Կարծում եմ՝ ԿԲ-ն ձգտում է այս հոգեբանական պոռթկումը լռեցնել: ԿԲ-ի նման քաղաքականությունը պայմանավորող մյուս գործոնը արդեն նշել եմ` խոշոր ներդրումների մասին ենթադրությունները: Հիշո՞ւմ եք` նախորդ տարի` ընտրություններից անմիջապես հետո, մեծ-մեծ թվեր հայտարարվեցին. իբր մեր հայրենակիցները պատրաստվում են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կատարել: Նման հեքիաթներ հորինելը բնորոշ է մեր իշխանություններին, շարունակ ինչ-որ հեքիաթային լուծումներ են առաջարկվում, ֆինանսական կենտրոններ են ստեղծվում եւ այլն: Այդ հայտարարություններին, կարծում եմ, անգամ իրենք լուրջ չեն վերաբերվում, սակայն ինչ-որ սպասումներ, անշուշտ, եղել են: Պետք չէ բացառել նաեւ այն, որ մեր երկիրը օլիգարխիկ է, մի քանի ներկրողներ իրենց պահանջներն են պարտադրում իշխանությանը, նաեւ` դրամավարկային իշխանությանը: Մյուս կարեւոր գործոնը այն է, որ չունենալով գների կայունացման արդյունավետ գործիքներ, անհնար համարելով մենաշնորհների գնային թելադրանքի դեմ պայքարը անգամ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում դրսեւորվում է գնանկում, մեր իշխանությունները գների կայունության ապահովման հիմնական միջոց են դարձնում արտարժութային ներարկումները:
– Վերջին հարկային փոփոխություններից հատկապես շատ դժգոհություններ առաջացրեց ՀԴՄ-ների պարտադիր կիրառման պահանջը, դրա հետ կապված տուգանքների մեծացումը: ՀԴՄ-ներով աշխատողները այժմ ստիպված են լինելու փաստաթուղթ պահանջել այն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից, որոնցից ապրանքներ են գնում: Այս կերպ, ըստ իշխանությունների, փորձ է արվում հարկային դաշտ բերել նաեւ խոշորներին: Համոզի՞չ է այս բացատրությունը:
– Բնավ էլ համոզիչ չէ: Իհարկե, շատ լավ կլինի, որ գործունեության որեւէ տեսակի թափանցելիությունն ապահովվի, հաշվառման մշակույթն արմատավորվի, բայց ՀԴՄ-ները միակ միջոցը չեն: Օրինակ՝ զարգացած երկրներում որոշակի ազատություն կա, ընտրության հնարավորություն կա: Փոքր բիզնեսը պարտադիր չէ, որ ՀԴՄ կիրառի, կամ կիրառելուց բնավ էլ հարկային նպատակներ չեն հետապնդվում: Սակայն անհեթեթ է մտածել, որ փոքր առեւտրականի միջոցով հնարավոր է լուծել խոշորներին հարկելու խնդիրը, որոնք այսօր արդեն օժտված են քաղաքական իշխանությամբ, յուրաքանչյուրի հետեւում կանգնած է սեփական պատժիչ ջոկատը: Նրանք մասն են կազմում իշխանության, թող իրենք իրենց մեջ այդ հարցերը լուծեն, օրինակ՝ թող իշխանության, պառլամենտի մեջ գտնվող խոշոր բիզնեսմեններին պարտադրեն հարկերը օրինավոր վճարել: Ի՞նչ են ընկել տոնավաճառներում առեւտուր իրականացնողների կամ տաքսու վարորդների հետեւից: Օրինակ, թող լուծեն շուկայի տերերի կամ երթուղային գծերի տերերի օրինավոր հարկման խնդիրը` դրանից հետո նույն անհատ տաքսիստները կամ առեւտուր իրականացնողները կամովին կիրականացնեն խելամիտ պահանջները: Հաշվառումը շատ լավ բան է, բայց միակ ձեւը սա չէ, եւ հետո՝ սրա միջոցով այլ խնդիրներ թող չփորձեն լուծել, այդ թվում նաեւ՝ խոշոր բիզնեսը հաշվառելու ու հարկային դաշտ բերելու հետ կապված: