Հարմար փոխարժեքը` 400-450 դրամ

01/02/2009

Հայկական ապրանքների արտահանման համար դոլարի «հարմար փոխարժեքը» 400-450 դրամն է: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Գ. Մակարյանն ասել է, որ սպասվում է հայկական դրամի թուլացում ԱՄՆ դոլարի նկատմամբ, որը, ի թիվս ԵՄ երկրների հետ բարելավված առեւտրային ռեժիմի (GSP+)` նշանակալի խթան կհանդիսանա հայկական ապրանքների արտահանման համար: Նշենք, որ Հայաստանը GSP+-ից օգտվելու է 2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. ավարտը: GSP+ ռեժիմը հնարավորություն է տալիս ԵՄ շուկաներ արտահանել շուրջ 6400 անուն ապրանքատեսակներ զրոյական կամ զգալիորեն իջեցված մաքսային տուրքերով, իսկ ՀՀ-ի արտահանման ծավալի կեսն ուղղվում է ԵՄ երկրներ: Մ. Թումասյանն, իհարկե, ասել է, որ դրամի փոխարժեքի փոփոխությունը կանխատեսելը գրեթե անհնար է, «քանի որ այն կախված է շուկայի փոփոխություններից»: Նշենք միայն, օրերս նույնիսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ըստ էության, խոստովանել էր, որ «կարճաժամկետ կտրվածքով» ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում: Մ. Թումասյանը հիշեցրել է, որ նախկինում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ գործում էր GSP ռեժիմը, որով իջեցված տուրքերը տարածվում էին 2000 անուն ապրանքատեսակների վրա: Նա հավելել է, որ ներկայումս ՀՀ-ն ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում առեւտրի լիարժեք ազատ ռեժիմ հաստատելու ուղղությամբ: «Փետրվարի 17-18-ը ՀՀ կժամանի ԵՄ փաստահավաք առաքելությունը, որը կկազմի այն չափանիշների ցուցակը, որոնց պետք է համապատասխանի մեր պետությունը Եվրոպայի հետ ազատ առեւտրային ռեժիմ հաստատելու համար»,- ասել է Մ. Թումասյանը: Ինչ վերաբերում է 2009թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Ֆինանսների փոխնախարարը համաձայնել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, ըստ որի` ՀՀ-ում 2009թ. սպասվում է ՀՆԱ-ի 5.5% աճ: