Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգում վերանորոգումներ կատարելու համար հատկացրել է 700 մլն դրամ, եւ աշխատանքներն ավարտելու ժամանակացույց է սահմանել 2012-ը: Քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսեսյանը մեզ տեղեկացրեց, որ 2008թ. իրականացվել է երկու ծրագիր, որի ընթացքում արդեն ծախսվել է 58 մլն դրամ: Կատարվել են ասֆալտապատման, արտաքին լուսավորման, պարսպապատման, ջրային ներքին ցանցի, եզրաբազրիքների փոփոխման, ինչպես նաեւ՝ այգու դարպասի հեռակառավարման վահանակի տեխնիկական աշխատանքներ: Բացի այդ, վերանորոգվել են կապիկների ազատավանդակները: Շինարարությունն իրականացնում է «Վերնածածկ» ՍՊԸ-ն: