Հունիսի 20-ից նախագահի նստավայրի մոտ նստացույց հայտարարած Բուզանդ
փողոցի բնակիչներին երեկ վերջապես ուշադրության են արժանացրել: ԱԺ նախագահ
Արթուր Բաղդասարյանի հանձնարարականով նրանց ընդունել եւ լսել են ԱԺ
պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու Իրավաբանական ծառայության պետ Արամ
Մամիկոնյանը: Նստացույցի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահից անվավեր
ճանաչել Կառավարության անշարժ գույքի օտարման վերաբերյալ ընդունված
հակասահմանադրական որոշումները, Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների
կառուցապատման շրջանակներում կատարված մարդու իրավունքների խախտումների
անաչառ քննություն կատարել եւ մեղավորներին պատժել օրենքի սահմաններում:
«Մենք մեր բողոքն ենք հայտնում առ այն, որ կոպտորեն խախտելով «Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական
կոնվենցիան եւ ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ կառավարությունը, գործի դնելով իր
ամբողջ ապարատը, շարունակում է իրականացնել տոտալիտար ռեժիմներին բնորոշ
սեփականազրկում՝ մեր պապենական տներից մեզ վտարելով եւ ազատված տարածքները
տրամադրելով մի խումբ բիզնեսմենների»,- նախագահին ուղղված նամակում գրում
են բնակիչները: Բնակիչների հավաստմամբ, երբ իրենք Հ. Մարգարյանին ու Ա.
Մամիկոնյանին են ներկայացրել օրինախախտումների իրենց կողմից արձանագրված
փաստերը, «պրն Մամիկոնյանը զարմանքից գլուխն էր բռնել, իսկ պրն Մարգարյանն
ասաց՝ ես ուղղակի ամաչում եմ նայել ձեր աչքերին»: Նրանք բնակիչներին
խոստացել են ներկայացված բոլոր օրինախախտումների մասին տեղեկացնել ԱԺ
նախագահին: Երեկ, ՀՀ նախագահի հանրապետությունից բացակայելու փաստով
պայմանավորված, բնակիչները մեկ օրով դադարեցրել էին նստացույցը՝ այսօր
կրկին վերսկսելու որոշումով:
Ն.Ա.