Կընդունվեն, բայց կազատվեն

31/01/2009

Երեկ երկու իրար հակասող տեղեկատվություն է տարածվել «Նաիրիտ» գործարանի հետ կապված: Ընդ որում` երկուսն էլ նույն աղբյուրից: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «Արմենպրեսին» ասել է, թե գործարանի 1744 աշխատակիցներից հարկադիր պարապուրդում գտնվող 1500-ը մարտից կվերադառնան աշխատանքի: Ավելին` հայտարարել է, թե առաջիկա 2-3 ամսվա ընթացքում «Նաիրիտը» նախատեսում է համալրել իր կադրերը, իսկ փետրվարից գործարանում արդեն կմեկնարկեն արտադրության վերսկսման նախնական աշխատանքները: Սակայն արդեն ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ զրույցում Ա. Հարությունյանն ասել է, որ գործարանը կվերագործարկվի փետրվարի 1-ից, սակայն աշխատակիցների հարկադիր արձակուրդը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը: «Վերագործարկումը բավականին երկար գործընթաց է, եւ գործարանի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատակիցների մեծ մասի հարկադիր արձակուրդը երկարացնել եւս մեկ ամսով»,- ասել է նա։