Արդեն ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը եւս ներքաշված է համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Եվրոպան Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցուրտ գիշերների ու փակված դպրոցների դասեր ստացավ, իսկ հիմա փորձում է ելքեր գտնել այս բարդ իրավիճակից: Մի կողմից` Եվրոպան, ինչպես ողջ արդյունաբերական աշխարհը, կրճատում է իր ներդրումների, արտադրության, շինարարության, հետազոտությունների ծավալները, սակայնգ միայն այն ոլորտներում, որոնք «կարող են սպասել»: Այս պայմաններում Եվրոպան սկսում է էներգակիրների այլընտրանքային ուղիներ որոնել. ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան Ռուսաստանի «քիթը տրորելը»: Դա հաճելի է եւ՛ Եվրոպային, եւ՛ Վրաստանին, եւ՛ Թուրքիային, եւ՛ Ադրբեջանին, եւ անգամ Ռուսաստանի մեծ բարեկամ Ղազախստանին: Սակայն կաշխատի՞ արդյոք մտահայեցողական սխեման` խողովակաշարը, որը պետք է անցնի այնպիսի երկրների տարածքներով, որոնց շահերը ոչ միայն չեն համընկնում, այլեւ տրամագծորեն հակասում են իրար: Թուրքիան եւ Վրաստանը տարանցիկ երկրներ են: Ունի՞ արդյոք Ադրբեջանը գազի բավարար պաշարներ Եվրոպայի համար, հարցականի տակ է: Եվ ի՞նչ ճակատագիր է սպասում էներգետիկային եւ արդյունաբերությանը: Ինչպիսի՞ն կլինեն էներգետիկ շուկայի, այլ ապրանքների կոնֆիգուրացիաները այլընտրանքային էներգետիկայի այս նոր պայմաններում: Սրանք կարեւոր հարցեր են Հայաստանի համար, որը կարող է ոչ թե գազ կամ նավթ «խաղալ», այլ ավելի հզոր եւ հեռանկարային խաղ: Առավել եւս, որ դա նրա խաղը չէ: Սակայն ինչի՞ վրա պետք է «խաղագումար» դնել եւ ինչպե՞ս լուծել հարցերը, երբ տնտեսության կախվածությունը գազից, նավթից, ածուխից ու տորֆից ուղղակի ակնհայտ է: Եվ սա՝ այն ժամանակ, երբ ատոմակայանները դառնում են ավելի ու ավելի անվտանգ: Մյուս կողմից` աշխարհում տեխնոլոգիական նորարարությունների բուռն աճ է նկատվում, ի հայտ են գալիս նոր ոլորտներ ու ճյուղեր: Միաժամանակ ստեղծվում եւ մշակվում են այլընտրանքային էներգետիկայի տարբեր ուղղություններ, գիտական ոլորտներ: Ճգնաժամի հետ կապված` այս աշխատանքները կարեւոր նշանակություն են ձեռք բերում ինչպես գիտական ուսումնասիրությունների ոլորտում, այնպես էլ տնտեսության պլանավորման մեջ: Եվ այստեղ բազմաթիվ դրական գործոններ կան. ամենակարեւորը` այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու ոլորտում հաջողություններն են: Հսկայական թվով կառույցներ են զբաղվում տնտեսության ավանդական սեգմենտներում էկոլոգիապես մաքուր ճյուղեր ստեղծելու ուղղությամբ, օրինակ` ավտոմոբիլաշինության կամ ջեռուցման ոլորտներում: Այս ամենը խոսում է այն մասին, որ ճգնաժամը կարագացնի էներգիայի այլընտրանքային տեսակների` տնտեսության լիիրավ սուբյեկտ դառնալու գործընթացը: Եվ այստեղ հայ գիտնականները կարող են առավելություն ունենալ դրանց մշակման հարցում, մանավանդ որ՝ այսօր այլընտրանքային էներգիայի նկատմամբ խիստ մեծ է հետաքրքրությունը: Սակայն ի՞նչ կարող է գիտնականներին առաջարկել իշխանությունը: Այնինչ գիտնականների ձեռքբերումները կարելի է արդյունավետորեն օգտագործել հանուն մեր երկրի շահերի: Նախօրոք գիտենալով իշխանությունների իներտությունն ու անարդյունավետությունը` կարող ենք լոկ հուսալ, որ նրանք առավելությունները չեն վերածի թերությունների: Ի՞նչ այլընտրանք ունեն հետաքրքիր, արդիական, արդյունավետ նախագծերը: Չէ՞ որ երկրում արդեն գիտական միտք չի մնացել, այլ կան ընդամենը մի քանի լավ գիտնականներ (ինչպե՞ս են նրանք մինչեւ հիմա մնացել Հայաստանում), եւ փոխանակ նրանց գործելու, աշխատելու հնարավորություն տան, փորձում են խանգարել: Չի կարելի բողոքել աշխարհից, թե այն անարդար է` չի ընդունում ցեղասպանությունը, չի տեսնում պատմական ճշմարտությունը, եւն, այն ժամանակ, երբ երկրի ներսում մենք ինքներս ենք անարդար գրեթե ամեն ինչում: Այսպես մենք կործանել ենք մեր բոլոր թագավորությունները: Այնպես որ` առաջին անգամը չէ: