Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հայաստանցիների առօրյա կյանքի վրա արդեն իրողություն է, եւ այդ մասին է վկայում բնակչության գնողունակության նվազումը: Ամանորյա աշխույժ առեւտուրից հետո մայրաքաղաքի գյուղմթերքների շուկաները կարծես «հանգստանում են»: Սովորաբար այդ հանգիստը տեւում էր մինչեւ հունվարի 5-6-ը, երբ մարդիկ նշում էին Սուրբ Ծնունդը կամ Զատիկը:
Հատկապես այս տարի այդ ավանդույթը որոշակիորեն խախտվել է: Նախատոնական օրերին շուկաներում նկատված եռուզեռից հետո աշխույժ առեւտուրը չի վերականգնվում նույնիսկ հունվարի կեսերից հետո. հատուկենտ վաճառողների ու գնորդների կարելի է հանդիպել: Փոխարենը շուկաներին հարող տարածքները լեփ-լեցուն են փչացած գյուղմթերքների աղբով: Եվ եթե սովորաբար նախատոնական օրերին վաճառողները նախընտրում էին արդեն փչացող մթերքը թափել, քան վաճառել համեմատաբար էժան գնով, ապա այսօր, իրենց իսկ խոսքերով, 150-200 դրամանոց խնձորը վաճառում են 70 դրամով, 400-500 դրամանոց մանդարինը` 200-300 դրամով, 500-600 դրամանոց նարինջը` 300-400 դրամով եւ այլն:
Երեւանյան գյուղմթերքի շուկաներում վաղուց արդեն գյուղացի-վաճառականներ չկան, նրանց դուրս են մղել վերավաճառողները: Նաեւ այդ պատճառով է գյուղմթերքը կրկնակի-եռակի անգամ թանկացել: Գառնիի բնակիչ 67-ամյա տիկին Շողիկը խոստովանում էր, որ մեծ չարչարանքներով աճեցրած կանաչեղենը (ձմռան ամիսներին) վերավաճառողներին է հանձնում ընդամենը 100-150 դրամով (համեմի ու կոտեմի մեկ կապը` 100 դրամով, իսկ սոխն ու մաղադանոսը` 150 դրամով): «Այսօր 1 պարկ սելիտրան արժե 6000 դրամ, ջուրը Գառնիում մեծ պրոբլեմ է, էլ չեմ խոսում գյուղացուն ճնշող ջրի, հողի հարկերի մասին: Իսկ վերավաճառողը գալիս ասում ա` 25 կգ կշռող 1 արկղ խնձորը 1000 դրամով տուր տանեմ: Տանջվում ենք, պայմաններ ստեղծում, որ ապրանքը ցուրտը չտանի, բայց էսքան էժան ծախելով` չգիտենք էլ՝ գոնե ցելոֆանի փողը կհանե՞նք, թե՞ չէ: Գյուղացու տանջանքը շատ ա, բայց արդյունքում շահում ա վերավաճառողը` էժան առնում ա ու թանկ ծախում»,- արդարացիորեն դժգոհում է տիկին Շողիկը: Ամռան ամիսներին թարխունի, համեմի եւ այլ կանաչիների 1 կապը վերավաճառողներին գյուղացին հանձնում է նույնիսկ 20-30 դրամով: Իսկ մայրաքաղաքի գյուղմթերքի շուկաներում վերավաճառում են կրկնակի-քառակի թանկ գնով:
Վերավաճառողներն էլ, սակայն, այսօր կանգնած են մեծ խնդրի առջեւ: Օրինակ՝ Զեյթունում գտնվող գյուղմթերքի շուկայի վաճառողուհի Անուշ Աթանեսյանն, ով արդեն 15 տարի զբաղվում է վերավաճառությամբ, ասում է. «Հիմա 1 կապ համեմը գյուղացուց առել եմ 130 դրամով,150-ով ծախում եմ, սոխը 180-ով առել եմ, բայց 200-ով անգամ չի ծախվում: Մի օրվա առած ապրանքը 2-3 օրում հազիվ եմ վաճառում: Ըստ նրա, լինում են օրեր, երբ իր ընտանիքի օրվա հացը ձեռք է բերում ապրանքափոխանակությամբ»։ «Հացի գործարաններում աշխատողներ կան, որոնց նույնպես ձեռք է տալիս՝ հացը բերեն մեկ այլ ապրանքով փոխանակեն: Օրինակ` 3 կապ կանաչին 3 հատ հացի դիմաց: Իրենք բերք ու բարիքով են յոլա գնում, մենք էլ հացով»,- կատակում է վաճառողուհին: Նա նաեւ նշում է, որ մեծ դժվարությամբ է կարողանում վճարել շուկայում իր զբաղեցրած սեղանի համար սահմանված վարձավճարը. «Օրական 1000 դրամ` 1 սեղանի համար: Բայց հիմա չափից ավելի ենք զբաղեցրել` 1 ու կես սեղան: Ժամանակին 1 սեղանի համար վճարում էինք 1200դրամ: Տնօրինությունը մեղմ է վերաբերվում մեզ, քանի որ այսօր ազատ սեղաններ շատ կան: Նույնիսկ վճարման կտրոն են տալիս»,- ասում է նա` ցույց տալով այդ օրվա կտրոնը: Մեր զրույցի պահին նույն շուկայի վաճառող Սերգեյ Գրիգորյանը (ով նույնպես զբաղեցրել էր 1 ու կես սեղան) լսելով մեր խոսակցությունը` փորձում էր ամեն կերպ մեզ համոզել, որ շուկայում այդպիսի «տեղի գին» գոյություն չունի. «Ի՞նչ 1000 դրամ, էդ հեքիաթ ա: Հես ա, նայիր (ցույց է տալիս կտրոնը.- հեղ.) Սե-րո՛ժ` 800դրամ,15.01.2009 թիվ»: Փորձեցինք մեկ այլ վաճառողից ճշտել, թե նա որքա՞ն է վճարում իր զբաղեցրած սեղանի դիմաց, սակայն նա սկզբում հրաժարվեց հարցին պատասխանել, ապա, թե` «Գին չգիտեմ, առաջին անգամ եմ եկել շուկա»:
Գյուղմթերքի շուկայում այս խառնաշփոթը պարզելու համար փորձեցինք զրուցել «Զեյթուն շուկա» ՍՊԸ-ի տնօրենի հետ, սակայն 2 օր անընդմեջ նրան փնտրելուց հետո մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել նրան:
Պատկերը նույնն էր նաեւ Նորքի N7 շուկայում. վաճառողներն ասում են, որ տեղի համար իրենք վճարում են օրական 700-1000 դրամ, շուկայի հսկիչն էլ պնդում է, թե. «Մեզ մոտ բոլոր սեղանները արժեն 500 դրամ: Մեր տնօրենը էդպես է ասել»: Ցավոք այստեղ նույնպես չհաջողվեց զրուցել տնօրենի հետ: Կրկին ստացանք «Դեռ չի եկել» պատասխանը: Ի դեպ, մեզ հետ զրույցում շուկայում առեւտրով զբաղվողները բարձրաձայնեցին նաեւ իրենց մտահոգող մեկ այլ խնդրի` հաշվիչ-դրամարկղերի մասին: Նրանց խոսքերով` տեղի գնին ավելացած ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջը` բոլորովին անիմաստ է դարձնում նման աշխատանքով զբաղվելը: «1 սեղանի համար 1000 դրամ, հիմա էլ ասում են` հաշվիչ մեքենա պետք է դնեսգ Հետաքրքիր ա` ի՞նչն են հաշվելու, եթե հաշվելու բան չկա: Էդպես չի լինի աշխատել: Հեն ա ապրանքը տանք իրանց` թողնենք գնանքգ» ,- ասում է Արաբկիր շուկայի մի վաճառողուհի, ով ամեն օր Էջմիածնից մայրաքաղաք է գալիս, ինչպես ինքն է ասում` «2 կոպեկ աշխատելու նպատակով»: Մեր այցելության պահին շուկան շատ սակավամարդ էր: Առեւտրի պասիվությունը տեղի առեւտրականները բացատրում են երկրում առկա թանկություններով եւ մարդկանց «դատարկ գրպաններով»: «Էս ի՞նչ վիճակ ա, անգամ Նոր տարուն առեւտուր չկար: Էս տարի մենք չիմացանք՝ նոր տարին գալի՞ս էր, թե՞ գնում էր: Ում ուզում ես՝ մոտեցի-հարցրու` նույն բողոքներն ա: Բայց մենակ մեզ մոտ չի էսպես, բոլոր շուկաներում էլ մեռած առեւտուր ա»,- դժգոհում էր Նորքի շուկայի վաճառողուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Իսկ նրա գործընկերուհին հեգնանքով ավելացրեց. «Էդ մեր հանրապետության «լավ» վիճակից ա»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է այսօր գյուղացին «դուրս մղված» շուկայից, վերավաճառողուհին պատասխանեց. «Գյուղացին այսօր ի վիճակի չի հողը մենակ մշակի ու մենակ էլ բերի ծախի: Եթե նա մեզ բիրիք չտվեց` իրա ապրանքը ընդհանրապես դաշտում կմնա: Թող գա, ես մեծ սիրով իմ տեղը կզիջեմ նրան: Դուք մի կարծեք, որ կանաչի եմ ծախում, ուրեմն կանաչու հետ ծնվել եմ: Ես մանկավարժ կին եմ ու հաճույքով կգնամ իմ գործին»:
Ի դեպ, այսօր «մեռած առեւտրից» դժգոհում են ոչ միայն գյուղմթերք վաճառողները, այլեւ կրպակավաճառները, խանութպանները: Նրանց խոսքերով` հաճախ ամբողջ օրվա ընթացքում ունենում են ընդամենը 4-5 գնորդ:
Իհարկե, գյուղմթերքի շուկաներում առեւտրի նվազման հիմնական պատճառը բնակչության գնողունակության անկումն է: Սակայն դրան նպաստում են նաեւ փողոցային առեւտուրը եւ սուպերմարկետները: «Փողոցային առեւտուրը» մայրաքաղաքում չի վերանում, քանի որ սպառողի համար հաճախ առաջնային է գնի գործոնը, իսկ արտադրողն էլ ունի իրացման խնդիր: Շատերն այսօր էլ գերադասում են գնել փողոցում վաճառվող սննդամթերքը, քանի որ փողոցում վաճառվող ապրանքը սուպերմարկետների համեմատ էժան է: Սուպերմարկետներում, չնայած գները բարձր են (օրինակ` 1կգ նարինջը 650-1000 դրամ, 1կգ մանդարինը` 630-800 դրամ), սակայն առեւտուրն անհամեմատ ավելի աշխույժ է: Բնակչության որոշակի` համեմատաբար գնողունակ խավի ներկայացուցիչները այլեւս նախընտրում են գնումներ կատարել ոչ թե շուկաներից կամ փողոցից, այլ սուպերմարկետներից: «Եթե ժամկետն անց սնունդը վաճառվում է, ու վաճառողը իրեն վատ չի զգում` էլ ինչի՞ մասին է խոսքը: Կամ ինչպե՞ս առեւտուր անեմ մի տեղից, ուր վաճառողն անգամ ձեռքերը լվանալու հնարավորություն չունի»,- ասում է երեւանաբնակ Անահիտ Առաքելյանը: Իհարկե, պետք է նշել, որ այսօր մայրաքաղաքի լավագույն սուպերմարկետներից շատերում էլ մշտապես հնարավոր է հանդիպել ժամկետանց ու անորակ սննդամթերքի, կամ «ձեռքերը չլվացող ու հակահիգիենիկ» վաճառողների: