Լուսանկարում պատկերված 6-ամյա երեխան Սեւակ Հակոբյանն է, ով տառապում էր գլխի գոնոկոկո, ինչպես նաեւ՝ քիթ-կոկորդային հիվանդություններով: «168 Ժամը» երկու ամիս առաջ անդրադարձավ այս երեխայի ծայրահեղ անօգնական վիճակին, ինչի պատճառով 6-ամյա տղան գրեթե անկողնային հիվանդ էր դարձել: Հրապարակմանն անմիջապես արձագանքեց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն, ով հոդվածը կարդալուց հետո անմիջապես շտապօգնության խումբ ուղարկեց, եւ Սեւակին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Հարություն Քուշկյանը մշտապես արձագանքում է մեր թերթի հրապարակումներին, սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող բոլոր մարդկանց: Եվ այսպես, երկարատեւ բուժումից հետո մենք երեկ փոքրիկ Սեւակին տեսանք ամբողջովին ապաքինված. նա իսկապես անճանաչելի էր: Սեւակի տատիկը` Լարիսա Մաթեւոսյանը, մեզ դիմեց խնդրանքով` «Ես ուղղակի ձեւ չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու համար: Երեխան բժիշկների միջոցով փրկվեց, որովհետեւ շատ ծանր վիրահատություն տարավ: Էս դարում նման վերաբերմունք, նման հոգատարություն ես չեմ տեսել եւ խնդրում եմ, եթե անաչառ եք, գրեք նաեւ լավ բանի մասին: Պրն Սայադյանի անմիջական հսկողության տակ է եղել երեխան, եւ ամբողջ հիվանդանոցի մասնագետները ստուգել են, ինչի արդյունքում պարզվեց, որ երեխան սրտի, նյարդային համակարգի, գեղձերի ծանր պրոբլեմներ ուներ: Սեւակի վիրահատությունը պետական արժեքով շատ թանկ վիրահատություն է, բայց մեզ այնտեղ շուրջ 20 օր պահեցին անվճար, հարազատի նման: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքի վարիչ Սիմոն Փխրիկյանը եւ ամբողջ բուժանձնակազմը մեզ այնքան լավ, հոգատար վերաբերվեցին, որ խոսքեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու համար: Խնդրում եմ, թերթի միջոցով շնորհակալությունս հայտնեք նախարար Հարություն Քուշկյանին, Գագիկ Սայադյանին, հիվանդանոցի տնօրենին, քիթ-կոկորդ բաժնի վարիչին եւ բուժանձնակազմին: Ես, իրոք, ցնցված եմ, որովհետեւ քիթ-կոկորդի մասնագետ, բուժող բժիշկ Սեյրան Հովհաննիսյանն ու մյուսներն իրենք էին Սեւակի համար խաղալիքներ կամ սնունդ բերում, նվիրում: Մինչեւ օրս էլ երեխան նրանց հսկողության տակ է: Ախր էդ համակարգն էնքան վարկաբեկված է, որ ինչ ասես խոսում են, բայց կան մարդիկ, որոնք ամեն ինչի պատրաստ են մարդուն օգնելու, կյանքը փրկելու համար»: