Վթար եղել է, տուժողներ կան

31/01/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Համաճարակ է տարածվել» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ):

Նախարարության կայքէջում այդ կապակցությամբ տեղադրված է «Պարզաբանում» վերնագրով հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ, որի կապակցությամբ ստիպված ենք այսօր էլ մենք պարզաբանում տալ, քանի որ ԱՆ-ն տվյալ դեպքում սխալ տեղեկատվություն է տարածել: Այսպիսով, գրված է. «ԱՆ ՊՀՀ տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային կենտրոնը հայտնում է, որ «168 Ժամ» թերթի «Համաճարակ Էրեբունիում» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 շենքը նախկինում եղել է հանրակացարան, որի տարածքը 1995թ. սեփականաշնորհվել է, եւ հանրակացարանը բնակելի շենքի է վերածվել: Շենքի խմելու ջուրը մշտական է, այն կենտրոնի մշտական հսկողության տակ է: Թերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշտելու նպատակով հունվարի 29-ին Էրեբունի-Նուբարաշենի տարածքային կենտրոնի եւ սպասարկող պոլիկլինիկաների` Էրեբունի ԲԿ-ի, Գրիգոր Նարեկացի ԲԿ-ին եւ Նոր Արեշ պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կողմից համայց է կազմակերպվել, ինչի արդյունքում պարզվել է, որ ջրի եւ կոյուղու վթար չկա եւ չեն արձանագրվել հիվանդներ, որ շենքից ինֆեկցիայի կասկածով հիվանդներ պոլիկլինիկաներ դիմողներ չեն եղել եւ ստացիոնարներում բուժվող հիվանդներ չկան»: Նախ զարմացած ենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն է վթարի իսկությունը փորձում ճշտել, այն դեպքում, երբ դա իր գործառույթը չէ, ապա հայտարարում, թե վթար չի եղել: Այն դեպքում, ինչպեսեւ գրել էինք` Նոր-Արեշ 35 127/1 հասցեում հունվարի 26-ին իսկապես վթար է արձանագրվել: Ասվածն ապացուցելու համար մենք դիմեցինք Էրեբունի համայնքի թաղապետարանի բնակբաժնի պետ Արամ Մաջկալյանին: Վերջինս ոչ միայն հաստատեց տեղի ունեցած վթարի մասին մեր լուրը, այլեւ` տեղեկացրեց, որ հանրակացարանի նկուղային հարկում սկսած 1985-ից ստորգետնյա ջրերը հավաքվելով կուտակվում են, եւ որ խողովակաշարերն իսկապես եղել են վթարային վիճակում: «Փաստորեն, 1985-ից տեղյակ եք, որ այնտեղ կարող էր արտակարգ պատահար գրանցվել, բայց կանխարգելիչ միջոցներ չեք ձեռնարկել, որպեսզի վթար չլինի: Ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվել»: Ա. Մաջկալյանը ամենայն հանգստությամբ պատասխանեց` «Դե՛, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ էդ խնդիրները վերանան»: Կրկին հարցրեցինք` «Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որ այդ տարածքում վթար չի եղել, որն, ի դեպ, տպագրել են որոշ ԶԼՄ-ներ: Ինչո՞ւ չեք հերքել այդ ապատեղեկատվությունը: Դուք հաստատում եք, որ վթար եղել է»: Ա. Մաջկալյանը պատասխանեց. «Դե՛, հիմա ձեր ուզածն ի՞նչ ա, ասեցինք` կկարգավորենք»: Այս կապակցությամբ նաեւ զրուցեցինք «Երեւան ջուր» ընկերության աշխատակից Մանե Մամյանի հետ: Պարզվեց, որ ջրային ներքին ցանցի հետ կապված խնդիրների պատասխանատուն ոչ թե «Երեւան ջուր»-ն է, այլ` ըստ օրենքի` կառավարման մարմինը, ասել է թե` համատիրությունը, իսկ եթե շենքը սեփականաշնորհված է, ապա` սեփականատերը: Մ. Մամյանը նաեւ նշեց. «ՀՀ օրենքով սահմանված կարգով մենք պատասխանատու ենք մինչեւ մուտքագիծը, իսկ ներքին ցանցի համար պատասխանատվություն են կրում համատիրությունները կամ սեփականատերերը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նույն շենքի բնակիչները դեռեւս մեկուկես տարի առաջ իրենց են դիմել` ահազանգելով խողովակաշարի վթարային վիճակի մասին, եւ ընկերությունից նրանց հորդորել են դիմել կառավարման մարմնին: Հիշեցնենք, որ հանրակացարանի նկուղային հարկի բնակիչներն այդ խնդրի հետ կապված դիմումներով՝ արդեն 2 տարի է, ահազանգում են ՀՀ իշխանություններին: Այսպիսով, մեզ պարզ դարձավ նաեւ, թե ինչո՞ւ էին երեկ մի քանի տղամարդիկ ներխուժել խմբագրություն` պահանջելով հերքել մեր նախորդ հրապարակում-ահազանգը: Մեր հրապարակումից հետո խնդրին անդրադարձել էր նաեւ «Հայլուրը»: «168 Ժամ» այցելած տղամարդիկ համատիրության ներկայացուցիչներն էին, որոնք էլ այս ամբողջ պատմության համար պատասխանատվություն են կրում՝ թաղապետարանի համապատասխան բաժնի հետ միասին: Երեկ մենք նաեւ գրավոր հաղորդագրություն ստացանք «Երեւան ջուր» ՓԲԸ-ից, որտեղ ասվում է` «Տեղեկացնում ենք, որ բարձրացված խնդրի վերաբերյալ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են հետեւյալը. խնդիրն ընկերության գործունեության հետ որեւէ առնչություն չունի: Այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, մեր լաբորատորիայի աշխատակիցների կողմից այդ եւ հարակից 2 շենքերի բնակարաններից վերցվել են ջրի փորձանմուշներ մանրէաբանական եւ կենսաբանական հետազոտությունների համար: Հետազոտությունների արդյունքները համապատասխանում են ջրի որակին ներկայացվող սանիտարական պահանջներին»:

Այնպես որ, համայնքային իշխանությունները եւս հաստատում են, որ վթար եղել է, ավելին, խողովակաշարի վթարային իրավիճակի մասին տեղյակ են եղել վաղուց: ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունն արդեն քանի օր է` ստուգումներ է իրականացնում, ինչի արդյունքում պարզվել է, որ համաճարակի տարածման դեպք չի արձանագրվել, եւ թունավորվածներ չկան: ԱՆ-ից մեզ տեղեկացրեցին նաեւ, որ այդ բնակիչներն իսկապես ապրում են սարսափելի խոնավ պայմաններում, ինչի պատճառով մարդիկ շուտ են հիվանդանում եւ բարձր ջերմության դեպքերը հիմնականում խոնավության հետեւանք են: