Սոխ ու պանիր

31/01/2009

Կանայք սոխի հոտ ունեն, իսկ տղամարդիկ՝ պանրի: Այս եզրակացությանն են հանգել Firmenich ընկերության աշխատակիցները։ Firmenich-ը զբաղվում է սննդի եւ պարֆյումերային արդյունաբերության համար համերի եւ հոտերի հետազոտությամբ: Արտասովոր հետազոտության մասին հաղորդում է «The Daily Telegraph»-ը: Հետազոտությանը մասնակցել է 49 մարդ՝ 25 կին եւ 24 տղամարդ: Կամավորները պետք է քրտնեին կա՛մ շոգեբաղնիքում, կա՛մ հեծանվամարզոցի վրա: Ի դեպ, անկախ փորձագետները, որոնք մասնակցել են հետազոտությանը, նշել են, որ կանանց քրտինքի հոտն ավելի տհաճ է: Հետազոտության ղեկավար Քրիստիան Ստարկենմանը հայտարարել է, որ այս տվյալները կօգնեն մշակելու նոր տեսակի հոտազերծիչներ տղամարդկանց եւ կանանց համար: Մինչդեռ որոշ գիտնականներ կասկածում են, թե հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել Շվեյցարիայի սահմաններից դուրս, քանի որ տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են սնվում: Պրոֆեսոր Թիմ Ջեյկոբի խոսքով, մարդու հոտը կախված է այն բանից, թե ինչ է նա ուտում, ինչով է լողանում, ինչ հագուստ է կրում եւ ինչ գեներ է ժառանգել: