Ի՞նչ արժե հայկական տուրիզմը

03/07/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում
Հայաստան է այցելել 39.907 զբոսաշրջիկ, որոնցից 7157-ն օգտվել են
հյուրանոցներից: Ի դեպ, ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքը զբոսաշրջիկ է
անվանում այն «այցելուին, ով ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման
վայրում (երկրում) անցկացնում է մեկ գիշերակաց»: ՀՀ Ազգային վիճակագրական
վարչությունից տեղեկացնում են, որ զբոսաշրջիկների թիվը ստանում են
սահմանային անցակետերից ստացված, ինչպես նաեւ՝ հյուրանոցների տրամադրած
ինֆորմացիայի հետազոտության արդյունքում:

Զբոսաշրջիկների քանակը տարեցտարի ավելանում է՝ հավաստիացնում է Առեւտրի եւ
տնտեսական զարգացման նախարարությունը: Այդ են փաստում նաեւ օրեցօր
ավելացող տուրիստական կազմակերպությունները: Վերջիններս վստահ են, որ եթե
արտերկրում Հայաստանը պատշաճ գովազդվի, զբոսաշրջիկների թիվն անհամեմատ
կավելանա: «Տուրիստական գործակալություններն իրենց հնարավորությունների
սահմաններում անում են այդ գործը, բայց դա ավելի շատ պետական մակարդակի
խնդիր է»,- ասում է «Եվրազիա» տուրգործակալության կոմերցիոն տնօրեն
Միքայել Բաբայանը: Զբոսաշրջիկների քանակի ավելացումը նրանք բացատրում են
նաեւ ոլորտի ծառայությունների բավարար որակով: Մեր երկրի անկրկնելի
բնությամբ հիացող արտասահմանցի զբոսաշրջիկներին առայժմ անհասկանալի է
մնում մեր ճանապարհների վիճակը: «Օրինակ, եթե մենք զբոսաշրջիկների մեծ
խումբ ենք տանում Տաթեւ, նախ ավտոբուսով հասցնում ենք Գորիս, այնուհետեւ
Գորիսից գազելներ ենք վերցնում, որովհետեւ Տաթեւի ճանապարհն ավտոբուսով
հնարավոր չէ անցնել,- ասում է «Ֆանտուր» տուրիստական գործակալության
մենեջեր Մարինե Սարգսյանը։ -Լավ է, որ մենք, փաստորեն, Գորիսի վարորդներին
աշխատելու հնարավորություն ենք տալիս, բայց զբոսաշրջիկները հիասթափվում են
մեր ճանապարհներից»:
Հայաստան այցելող արտասահմանցի եւ սփյուռքահայ զբոսաշրջիկների
նախասիրությունները տարբեր են: «Եթե սփյուռքահայերին հիմնականում
բավարարում է Գառնի, Գեղարդ, Սեւան տեսնելը, ապա արտասահմանցիներին
հետաքրքրում է ամեն ինչ, նրանք ավելի շատ նախընտրում են էկոտուրիզմ,
շատերը նույնիսկ հյուրանոցային ծառայություն չեն ուզում, ապրում են
վրաններում եւ փող չեն խնայում որեւէ հետաքրքրաշարժ բան տեսնելու համար»,-
ասում է Մ. Բաբայանը: Սփյուռքահայերը, պարզվում է, չեն սիրում «փող դնել
զբոսաշրջության մեջ, նրանց թվում է՝ ամենուրեք իրենց ուզում են խաբել եւ
շատ փող կորզել»: Նրանք հիմնականում գերադասում են գնել ինքնաթիռի տոմս,
գալ Հայաստան, Երեւանի կենտրոնում բնակարան վարձել, ապրել մեկ ամիս եւ հետ
վերադառնալ: «Բայց դե Հայաստանը տուրիզմի առումով թանկ երկիր է, մենք
ինքներս էլ ենք դա գիտակցում,- ասում է Մ. Սարգսյանը,- եւ ամեն ինչ անում
ենք, որ գոնե մեր սպասարկումից դժգոհ չմնան»: Հատկապես հիմա, երբ
տուրիստական գործակալությունների միջեւ մեծանում է մրցակցությունը, նրանք
ջանում են աշխատել վայրկյանների ճշգրտությամբ՝ հաշվի առնելով
յուրաքանչյուր մանրուք: «Եթե նախկինում հնարավոր էր, որ ճաշը մի քանի
րոպեով ուշանար, կամ ավտոբուսը նշված ժամին տեղում չլիներ, հիմա աշխատում
ենք նման բաները բացառել, որպեսզի այդ մարդը երկրորդ անգամ էլ ուզենա
օգտվել մեր ծառայությունից»,- ասում է «Ֆանտուրի» մենեջերը:
Այն սփյուքահայերը, ովքեր առաջին անգամ չեն Հայաստանում, գերադասում են
այցելել գյուղական վայրեր եւ շփվել ժողովրդի հետ: «Նման դեպքերում մենք
նրանց առաջարկում ենք հեռավոր գյուղեր, ուր ժողովուրդն ավելի աղքատ է,-
պատմում է Մ. Սարգսյանը,- նախապես պայմանավորվում ենք որեւէ ընտանիքի հետ,
պատվիրում ենք գյուղական մաքուր մթերքներով սեղան պատրաստել տուրիստներին
հյուրընկալելու համար, ինչի համար, բնականաբար, մենք վճարում ենք»:
Սփյուռքի մեր հայրենակիցներին մեծ հաճույք է պատճառում հատկապես լավաշի
թխման արարողությունը: Նման արարողությունների համար տուրիստական
գործակալությունը հացթուխին վճարում է մինչեւ 15.000 դրամ: Վճարում են
նաեւ տուրիստները: «Որպես թեյադրամ՝ նրանք միշտ ինչ-որ գումար թողնում են
այդ ընտանիքին, օրինակ վերջին անգամ 20 հոգանոց սփյուռքահայերի խումբ էինք
տարել Տաթեւ, ուր նրանց համար սեղան էին պատրաստել լավաշով, թան ու
մածունով, շատ սրտաբաց ընդունեցին, ու զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը,
հուզված նման ընդունելությունից՝ նրանց համար դա ամենամեծ հաճույքն է,
5000-ական դրամ նվիրեցին այդ ընտանիքին, նման դեպքերում մենք էլ ենք
ուրախանում, որ կարողանում ենք օգտակար լինել գյուղացիներին»,- պատմում է
Մ. Սարգսյանը: Սփյուռքահայերն, իհարկե, սեղանի ամբողջ բարիքը միանգամից
չեն ուտում. «Նրանք ընդամենը մի պուճուր համտես են անում, որովհետեւ,
ինչպես իրենք են խոստովանում, այնքան արհեստական սնունդ են ընդունում, որ
կովի մաքուր կաթից հրաժարվում են՝ վախենալով փորացավ ընկնել»:
Տուրիստական գործակալությունները սովորաբար խուսափում են ծառայության
հստակ գներ նշել. «Որովհետեւ միանշանակ որեւէ գին հնարավոր չէ ասել, դա
կախված է այն բանից, թե ինչ կարգի ծառայություն է ուզում պատվիրատուն՝
կարող է բարձրակարգ հյուրանոց ուզի կամ ընդհանրապես հրաժարվի
հյուրանոցային ծառայությունից»: Արտասահմանցի երիտասարդները սովորաբար
բավարարվում են օրը 3-4 հազար դրամ արժեցող հյուրանոցներով, տարեցները
գերադասում են բարձրակարգ հյուրանոցային սպասարկում: Հայաստան այցելող
արտասահմանցիների միջին տարիքը 40-ից բարձր է. «Հատկապես այս սեզոնին
դատարկ հյուրանոց չես գտնի»,- ասում է «Եվրազիայի» տնօրինությունը:
Տուրիստական գործակալություններն աշխատում են տարբեր սկզբունքներով, մի
մասն առաջարկում են նվազագույնը մեկշաբաթյա հանգստի ծրագիրը՝ գտնելով, որ
այդպես երկուստեք արդյունավետ է, մյուսներն առաջարկում են մեկօրյա
շրջագայություններ տարբեր ուղղություններով: Թեեւ նշեցինք, որ գները խիստ
հարաբերական են, այնուամենայնիվ, մի քանի տուրգործակալություններից արված
հարցումներն ուրվագծեցին մոտավոր գնացուցակը: Այսպես, օրինակ, մեկօրյա
շրջագայությունը Երեւան-Սանահին-Օձուն-Հաղպատ երթուղով, 1-3 հոգու համար
արժե մոտ 145 դոլար, Երեւան-Էջմիածին՝ 30 դոլար, Երեւան-Խոր Վիրապ-Զորաց
Քարեր-Տաթեւ՝ 175 դոլար, Երեւան-Աշտարակ-Ամբերդ-Տեղեր-Սաղմոսավանք՝ 60
դոլար, Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան՝ 115 դոլար: Հայաստանաբնակները ներգնա
տուրիզմի համար գործակալություններին չեն դիմում, նրանց համար առայժմ
ավելի մատչելի է մի քանի հոգով «փող քցվել», մի մեքենա վերցնել ու գնալ:
Իսկ թե որ ուղղությամբ գնալ՝ «Եվրազիա» տուրիստական գործակալությունում,
օրինակ, հավաստիացնում են, որ տեղացիներին իրենք միշտ անվճար են
ինֆորմացիա տրամադրում: Արտագնա տուրիզմից օգտվող մեր հայրենակիցներին
այսօր առաջարկում են հանգստանալ արտասահմանյան բազմաթիվ երկրներում,
մերոնք գերադասում են մեկնել Անթալիա: Յոթնօրյա հանգիստն Անթալիայում արժե
մոտավորապես 565 դոլար: Այն այժմ ամենամատչելին է մեր հայրենակիցներին ոչ
միայն գնի առումով, այլեւ «վիզայի» հետ կապված խնդիրների բացակայությամբ:
Այս տարվանից տուրիստական գործակալություններն առաջարկում են ընդամենը 100
դոլարով յոթ օր հանգստանալ Սեւ ծովի ափին՝ Կաբուլետիում: «Սա անհամեմատ
ավելի էժան տարբերակ է, քան Սեւանում կամ Ծաղկաձորում հանգստանալը, ուր
մեկ օրը կարժենա մոտ 30 դոլար»,- ասում է Մ. Բաբայանը:
«Եվրազիա» տուրգործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ
մեր հայրենակիցների միայն որոշակի խավն է արտերկրում հանգստանում՝ նրանք,
ում աշխատավարձը 300 դոլարից բարձր է: Ըստ մասնագիտությունների՝ նրանք
բանկային համակարգի, մասնավոր բժշկական հաստատությունների աշխատակիցներ
են, բիզնեսմեններ եւ պետական բարձր պաշտոնյաներ: