Էրդողանը զայրացել է

31/01/2009

Երեկ Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնվել է տհաճ սկանդալի կենտրոնում: Էրդողանը ուղեւորվել է մի սրահ, որտեղ նախատեսված էր Մերձավոր Արեւելքի խնդրին նվիրված քննարկում: Դրան մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը: Հանդիպումը վարել է ամերիկացի անվանի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:

Թուրքիայի վարչապետը դատապարտել է Իսրայելի գործողությունները` նշելով, որ դրանց արդյունքում զոհվել են մեծ թվով խաղաղ մարդիկ, այդ թվում` երեխաներ: Պերեսը արդարացրել է ռմբահարումները եւ գրեթե գոռալով դիմելով Էրդողանին՝ հռետորական հարց է տվել՝ «Դուք ի՞նչ կանեիք, եթե Ստամբուլը ամեն գիշեր հրթիռակոծվեր»: Զայրույթից կարմրած Էրդողանը փորձել է պատասխանել, սակայն բանավեճը վարող Իգնատիուսն առարկել է: Էրդողանը դա անվանել է իր նկատմամբ խտրականություն եւ ի նշան բողոքի՝ հեռացել է սրահից, ասելով, թե, հավանաբար, այլեւս Դավոս չի գա: Ավելի ուշ նա հրավիրել է ասուլիս, որին մասնակցել է Դավոսի տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը: «Ես ինձ թույլ չեմ տվել բարձր տոնով խոսել Պերեսի հետ` հարգելով նրա պատկառելի տարիքը, ավելին, բոլոր քննարկումներում ես ընդգծել եմ, որ հրեատյացությունը մարդկության դեմ հանցագործություն է»,- ասել է Թուրքիայի վարչապետը եւ նշել, որ Շվաբի հետ կքննարկի Դավոսի ֆորումին իր հետագա մասնակցության հարցը: Կլաուս Շվաբը խորը ափսոսանք է հայտնել այդ միջադեպի համար: Պերեսն ավելի ուշ զանգահարել է Էրդողանին եւ նույնպես ափսոսանք է հայտնել` ընդգծելով, որ Իսրայելի համար շատ կարեւոր են հարաբերությունները Թուրքիայի հետ: Նշենք, որ այս միջադեպից ոգեւորված՝ Ստամբուլի հազարավոր բնակիչներ քաղաքի օդանավակայանում որպես ազգային հերոսի են դիմավորել վարչապետ Էրդողանին: Էրդողանին դիմավորողները թափահարել են ազգային դրոշներ ու ցուցապաստառներ՝ «Բարի գալուստ, Դավոսի հաղթող», «Թուրքիան հպարտանում է քեզանով» կարգախոսներով: Դավոսում վարչապետի դեմարշը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Թուրքիայում: Ի տարբերություն կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության, որը գլխավորում է Էրդողանը, նրա գործողությունները քննադատության են ենթարկել ընդդիմության, մտավորականության եւ մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Շոկ Դավոսում». այսպես է կատարվածը գնահատել «Միլիեթ» թերթը: «Էրդողանի հակազդումը չի պատշաճում պետական գործչի կարգավիճակին եւ միջազգային քաղաքական վարվելակերպին: Էրդողանը խոշոր երկաթուղային վթար թույլ տվեց»,- թերթին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Շյուքրյու Սինա Գյուրելը: «Էրդողանը շահած իրադրությունը տանուլ տվեց: Նա արտաքին քաղաքական կոպիտ սխալ թույլ տվեց»,- նշել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Օզդեմ Սանբերկը: Թուրքիայի արտաքին գործերի նախկին փոխնախարար, ներկայում հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Օնուր Օյմենն Էրդողանի ելույթը որակել է՝ որպես «դիվանագիտությանը հակասող»: «Դիվանագիտության մեջ նմանօրինակ վարվելաձեւեր չկան: Դուք վնաս հասցրիք Թուրքիայի հեղինակությանը: Քաղաքակիրթ աշխարհի համար Էրդողանն այլեւս չկա»,- ասել է նա: