Երեկ «168 Ժամն» ահազանգ է ստացել Էրեբունի համայնքի 35փ. 127/1 հասցեի բնակիչներից, որ հունվարի 26-ին արտակարգ պատահար է գրանցվել: Հանրակացարանի նկուղային հարկի խմելու ջրի խողովակաշարը պայթել եւ խառնվել է կոյուղաջրերի հետ: 33-ամյա մի երիտասարդ ստեղծված իրավիճակը կանխելու նպատակով՝ փորձել է փակել նկուղի կենտրոնական խողովակաշարը, ինչի արդյունքում ընկնելով նկուղի կոյուղաջրերի ճահիճը՝ հայտնվել է մահամերձ վիճակում: Բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվել է փրկել, սակայն երեկվա դրությամբ՝ շենքի 15 բնակիչներ, որոնց մեծ մասը մանկահասակ երեխաներ են` բարձր ջերմություն ունեն: Բնակիչները ենթադրում են, որ երեխաները ջրից թունավորվել են, հետեւաբար՝ չի բացառվում, որ համաճարակ է տարածվել: Վերջիններիս ահազանգերին Սանէպիդկայանից համառորեն չեն արձագանքում: