Բացառված չէ, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակի վատթարացման դեպքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն դադարեցնի գործունեությունը: Այդ մասին «Հետքի» թղթակցին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Անդրադառնալով ընկերությունում սպասվող կրճատումներին, նա նշել է. «Չեմ կարող ստույգ ասել, թե ինչ կրճատումներ կլինեն: Այդ փաստը այնքան էլ պայմանավորված չէ համաձայնագրի հետ, այլ ֆինանսական միջազգային ճգնաժամի ու մետաղի գների հետ: Նաեւ կախված է արտադրական ծավալներից. կիսով չափ հզորության դեպքում ավելի քիչ աշխատող է պետք, քան ունենք»: Այս պահին ընկերության աշխատակիցների 40%-ը հարկադիր պարապուրդում է, իսկ հանքանյութ չի արտահանվում: Հիշեցնենք, որ 2008թ. նոյեմբերին ընկերության աշխատակիցների հայտարարած գործադուլը դադարեցվեց այն բանից հետո, երբ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրինությունը համաձայնագիր կնքեցին կրճատումները 3 ամսով հետաձգելու մասին: Փետրվարի 18-ից այդ ժամկետը լրանում է: