Հայրենասիրության ֆրոնտ

30/01/2009

Երեկ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները շրջանառության մեջ են դրել մի փաստաթուղթ, որով Վեհաժողովի մասնակիցներին ցանկանում են «տեղեկացնել, թե 60 տարի առաջ ադրբեջանցիներին Հայաստանից վտարել են»: «Հայաստանը չի ցանկանում ճանաչել այն ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ովքեր վտարվել են իրենց հողերից 1948-53թթ.-ին: Արդեն 60 տարի Հայաստանը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, 150.000 ադրբեջանցու, ովքեր վտարվել են 20-րդ դարի կեսերին»,- նշված է այդ փաստաթղթում: Ասվում է նաեւ, թե միջազգային հանրության անտարբերության պատճառով Հայաստանը դարձել է միաէթնիկ երկիր եւ 1988-ին էլ վտարել է մնացած բոլոր ադրբեջանցիներին «իրենց պատմական հողերից»: Ադրբեջանի պատվիրակությունը կոչ է անում կոշտ միջոցներ ձեռնարկել ՀՀ-ի դեմ` «վտարված ադրբեջանցիների իրավունքները ճանաչելու համար»: Երեկ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին ԵԽ ԽՎ 20 պատգամավորներ, որոնցից 9-ը` Թուրքիայից, 2-ական՝ Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, 1-ական` Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից: Ակնհայտորեն բացառապես քարոզչական նպատակ հետապնդող այս փաստաթղթին ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները պատրաստվում են արձագանքել այսօր: Սա մեր պատվիրակների համար «հայրենասիրության» եւ պաթոսի արտահայտման հրաշալի հնարավորություն է: Հատկապես նախորդած օրերին Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու դեմ կատարված «տքնաջան աշխատանքից» հետո: