«Հայաստանում ներկայումս կան շուրջ 2800 դատապարտյալներ, որոնք
ապրում են անմխիթար պայմաններում»: Այս եզրակացությանն է հանգել
քրեկատարողական հիմնարկների քննչական մեկուսարաններ դիտորդական այց
կատարող խումբը:
Դիտորդական խմբի ղեկավար Թեմիկ Խալափյանի համար անհասկանալի է, որ
Եվրախորհրդի անդամ Հայաստանի քննչական մեկուսարաններում դեռեւս
խոշտանգումներ են գործադրվում մարդկանց հանդեպ: Պարզվում է՝
դատապարտյալների հիմնական բողոքները ոստիկանության ենթակայությամբ գործող
ժամանակավոր պահման մեկուսարաններից են, որտեղ խոշտանգումներ են կատարվում
անձի հանդեպ, ինչպես նաեւ՝ պարտադրվում է տալ կեղծ ցուցմունքներ: «Անձամբ
ես ականատես եմ եղել՝ Նուբարաշենում ժամանակավոր պահման մեկուսարանից
մարդկանց բերում էին կապտած դեմքով. այնքան էին ծեծել՝ երեսները կապտեցրել
էին»,- պատմում է պրն Խալափյանը: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ
ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ
Շիրինյանին: «Հռետորական հարցադրում է, որին պատասխանել չեմ կարող: Իմ
կաբինետում նստած, ի՞նչ իմանամ՝ ինչ է կատարվում այնտեղ»,- պատասխանեց նա՝
միեւնույն ժամանակ բացառելով մարդկանց հանդեպ որեւէ խոշտանգում
ժամանակավոր պահման մեկուսարաններում: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ
ոստիկանության ենթակայությամբ գործող ժամանակավոր պահման մեկուսարաններ
այցելելու համար եւս դիտորդական խումբ է ստեղծվել: Մարդու իրավունքների
պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը եւս դատապարտյալներից ստանում է բողոքներ:
2004-ից մինչեւ հիմա գրանցվել է շուրջ 60 այդպիսի բողոք: ՄԻՊ աշխատակազմի
Արագ արձագանքման խմբի ղեկավար Գայանե Հարությունյանը փաստում է, որ
դատապարտյալները բողոքում են դատարանների սխալ կայացրած վճիռներից:
Նուբարաշենի, Աբովյանի, Վանաձորի, Գորիսի եւ Գյումրիի քրեակատարողական
հիմնարկների (ՔԿՀ) քննչական մեկուսարաններ կատարած այցերի ժամանակ
դիտորդական խմբի անդամներին դատապարտյալները շատ են դժգոհել պետպատվերով
իրենց մատուցվող փաստաբանական ծառայություններից՝ պատճառաբանելով, որ դրա
դիմաց փաստաբաններն ավել գումար են պահանջում:
Դիտորդական խմբի ղեկավարի վկայությամբ՝ դատապարտյալներն ամբողջությամբ
կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ, թերթեր չեն ստանում, իսկ
գրադարանները վաղուց չեն համալրվում: Ինչ վերաբերում է մեկուսարաններում
բուժսպասարկմանը՝ Թ. Խալափյանը փաստում է, որ այստեղ ծառայությունները
մատուցվում են հին պարագաներով, իսկ պետպատվերով ստացվող դեղորայքը չի
բավարարում: Մասնավորապես, Վանաձորի 200 տարվա պատմություն ունեցող
ՔԿՀ-ում պայմաններն անմխիթար են, իսկ խոնավության աստիճանը հասել է 80%-ի:
«Զուգարանները մեկուսացված չէին»,- ավելացնում է նա: Այնտեղ չի եղել անգամ
ատամնաբուժական բազկաթոռ՝ «հասարակ մի հատ ատամ հանելու համար»: Սակայն,
ինչպես վստահեցրեց դիտորդական խմբի անդամ Պուշկին Սերոբյանը,
առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը խոստացել է Վանաձորի ՔԿՀ-ին
նվիրել մեկ ատամնաբուժական բազկաթոռ: Վանաձորում արդեն շենք է հատկացվել
եւ վերանորոգման աշխատանքները սկսվել են՝ նոր ՔԿՀ-ի համար: ՔԿՀ-ներում
բարեփոխումներ իրականացնողների առջեւ դատապարտյալների զբաղվածության
կազմակերպման խնդիր է դրված: Թ. Խալափյանի ղեկավարությամբ «Աբովյան»
ՔԿՀ-ում շուրջ 4 տարի կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, իսկ
դատապարտյալ պատանիների մասնակցությամբ ներկայացումները բեմադրվել են
Համազգային թատրոնի բեմում: Ապագա զինվորներին ինքնադրսեւորման
հնարավորություն տալու խնդրանքով նա դիմել է պաշտպանության նախարար Սերժ
Սարգսյանին: «Ամենադժվարը եւ ամենակարեւորը տեղում աշխատողների, ընդհուպ՝
մինչեւ հասարակ հսկիչի մտածելակերպը փոխելն է: Հին մեթոդներով այլեւս
հնարավոր չէ առաջնորդվել կամ աշխատել: Արդարադատության նախարարությունը
(ԱՆ) կադրերի ընտրության խնդիր ունի: Առհասարակ ԱՆ-ն այնպիսի
ժառանգություն է ստացել, որ այն վերափոխելու եւ միջազգային չափանիշներին
համապատասխանեցնելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք»,- ասում է
դիտորդական խմբի ղեկավարը: