Վենդետան փոխվե՞լ է

30/01/2009

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի համոզմամբ, ԵԽ ԽՎ-ի` Հայաստանի պատվիրակությանը ձայնից չզրկելու վերաբերյալ երեկ կայացրած որոշումը դեռեւս չի նշանակում, որ վերահսկողությունը ՀՀ-ի նկատմամբ դադարեցվելու է: Պատասխանելով Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, Թ. Համարբերգն ասաց, որ իր կարծիքով, եթե դրանք փոխվեն, արդյունքը կլինի այն, որ դատախազը կվերացնի այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, դրանով իսկ` կփոխվի նաեւ իրավիճակը: Անցած տարվա վերջին Հայաստան կատարած ժամանակ վերջինս հայտարարել էր, որ քննադատելու է արդեն ավարտված որոշ դատավարությունների ընթացքը եւ «7-ի գործով» նախաքննությունը, իսկ «7-ի գործի» վերաբերյալ իր վերջնական կարծիքը խոստացել էր հայտնել ավելի ուշ: Չնայած դրան, այն ժամանակ Համարբերգն արդեն որոշակի կասկածներ հայտնել էր` նշելով, որ բավարար ապացույցներ չկան անգամ դատավարությունը սկսելու համար: Պատրա՞ստ է արդյոք այսօր հայտնել իր վերջնական կարծիքը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանեց. «Քանի դեռ չի սկսվել դատավարությունը, ես չէի ցանկանա որեւէ տեսակետ կամ կարծիք հայտնել: Իմ եզրակացությունները կհրապարակեմ, երբ դատավարությունն ավարտվի: Այն ժամանակ կարող ենք ասել` կայի՞ն հիմքեր մեղադրանքի համար, թե՞ ոչ»: Իսկ «Ազատության» թղթակցի դիտարկմանը` «Նոյեմբերին դուք ավելի կոշտ դիրքորոշում ու տեսակետներ էիք հայտնում, ի՞նչ է փոխվել դրանից հետո», նա պատասխանեց. «Իրականությունն այն է, որ 7 կալանավորները եւ մյուս դատապարտյալները եթե անմեղ են, ապա չպետք է բանտում լինեն: Ուստի, այդ առումով էլ չափազանց կարեւոր է «7-ի գործով» դատավարությունը, որովհետեւ, եթե ապացույցներ չներկայացվեն, որ նրանք քրեորեն պատժելի արարք են կատարել, ապա պետք է ազատ արձակվեն: Վճիռը կայացվելու է դատավարության ավարտին, որն էլ ցույց կտա` ամեն ինչ արդա՞ր է եղել, թե՞ ոչ»: