Հունվարի 25-ին լրացավ Հայաստանի` Եվրախորհրդին անդամակցելու 8-րդ տարին: Դրանից ընդամենը 2 օր անց ԵԽ-ի ամենագլխավոր կառույցներից մեկը` Խորհրդարանական վեհաժողովը, քննարկում էր Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:
Իհարկե, մեր պատվիրակությանը ձայնից չզրկեցին, առաջադրված պահանջները կատարելու համար մինչեւ ապրիլյան նստաշրջան ժամանակ տվեցին, սակայն պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, մոտ 1 տարի է` կախված է մնում Հայաստանի վրա: Եվ անդամակցելու այս 8 տարիների ընթացքում Հայաստանը ԵԽ-ում այսքան խղճուկ վիճակում չէր հայտնվել: Իհարկե, նաեւ մեծ վերապահումով կարելի է խոսել իր անդամ բոլոր երկրներում հավասարապես ժողովրդավարություն հաստատելու` ԵԽ ցանկության մասին: Նաեւ` նույն ԵԽ տարբեր կառույցներում ժողովրդավարության նկատմամբ ունեցած պատկերացումների ու չափանիշների վերաբերյալ: Հակառակ դեպքում մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած «քաղբանտարկյալ» ձեւակերպումը կպահպանվեր նաեւ այն դեպքում, երբ քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ: Իսկ ի՞նչ են մտածում մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները` այնուամենայնիվ, այս շաբաթ ԵԽ ԽՎ-ում ինչո՞ւ որոշեցին Հայաստանի պատվիրակությանը ձայնից չզրկել եւ ի՞նչ հաշվարկների արդյունքում հանեցին «քաղբանտարկյալ» ձեւակերպումը:
«Թե ինչի՞ արդյունք էր, ես այս պահի դրությամբ չեմ մեկնաբանի, բայց եթե նույնիսկ բանաձեւում գրվեր, որ ՀՀ-ն աշխարհի թիվ 1 ժողովրդավարական երկիրն է եւ իր կառավարման համակարգով օրինակելի է, արդյո՞ք դա այդպես էր լինելու: Բանաձեւում արծարծված խնդիրներով չէ, որ մենք պետք է շարժվենք, այլ այն պահանջներով, որը կա ՀՀ քաղաքացիների մոտ»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկեցին` պատճառաբանելով, թե ներում է շնորհվել 28 հոգու: Սակայն փաստ է, որ դրանց մեծ մասը կապ չունի քաղբանտարկյալների հետ: Վերջին 16-ից միայն երկուսն էին քաղբանտարկյալների ցուցակից: Նաեւ նկատի են ունեցել, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվելու ՔՕ 225 եւ 300 հոդվածներում: Ակնհայտ է, որ սրանով իշխանությունները փորձում են փրկել իրենց դեմքը, որովհետեւ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, «7-ի գործը» շինծու են: Մենք բազմիցս նշել ենք, որ ոչ թե ուզում ենք, որ մեր պատվիրակությանը զրկեն ձայնի իրավունքից, այլ` որ իշխանությունները ռեալ քայլեր կատարեն: Արվել են իմիտացիոն, լավագույն դեպքում՝ կիսաքայլեր: Բայց իշխանությունները պետք է հասկանան, որ եթե պատվիրակության լիազորությունները չեն կասեցվել, դա չի նշանակում, թե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Գոնե հիմա պետք է քաղբանտարկյալներին ազատեն եւ օբյեկտիվ հետաքննություն իրականացնեն»,- ասում է ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ եւ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանի կարծիքով, ընդհանրապես բանաձեւում քաղբանտարկյալների առկայության արձանագրումը լուրջ խնդիր է յուրաքանչյուր երկրի համար, եւ ԵԽ-ն հազվադեպ է նման գնահատականներ տալիս: «Կարծում եմ, որ հաշվի առնելով վերջին պահին ՀՀ իշխանությունների արտահայտած ցանկությունը մի քանի հարցերով լրացուցիչ զբաղվելու վերաբերյալ` ԵԽ-ն փորձեց եւս մեկ անգամ հնարավորություն տալ, որ Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակի համար լուծումներ գտնել: Ընդհանրապես ԵԽ-ի նպատակը ոչ թե պատժելն է, այլ, եթե թեկուզ ամենափոքր հնարավորությունը կա, աջակցի, որ առկա խնդիրները լուծվեն»,- կարծում է Տ. Թորոսյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ գտնում է, որ ԵԽ ԽՎ-ն մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկեց, որովհետեւ ՀՀ իշխանությունները 1609 եւ 1620 բանաձեւերի բոլոր առաջարկությունները կատարել են: «Դա այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ Հայաստանում չկա քաղբանտարկյալ, եւ չէին կարող Հայաստանին զրկել ձայնի իրավունքից: Եթե դա այդպես լիներ, ուրեմն Վեհաժողովն ինքը խնդիրներ ունի: Համենայնդեպս, կողմնորոշումը հիմա այլ դարձավ, որովհետեւ այն ուժերը, որոնք փորձում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով Հայաստանում խնդիրներ լուծեին, փաստորեն պարտվեցին: ԵԽ պատասխանատուները երբ վերջին շրջանում գալիս էին, պարզապես մոռացված բանաձեւից ասում էին՝ ազատեք անազատության մեջ գտնվողներին, եւ դուք խնդիրներ չեք ունենա: Հայաստանը գնաց մի այլ ճանապարհով` պետության անվտանգությունն ավելի բարձր է, քան երաշխավորված ցանկացած առաջարկություն»,- ասում է Գ.Սահակյանը:
Իսկ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու ԵԽ ԽՎ-ն վերջին պահին նման փոփոխություններ կատարեց: «Սա ԵԽ-ի նման ինստիտուտի համար ընդամենը անբարոյական քայլ է, ԵԽ-ն չկարողացավ հաղթահարել իր բարոյականության սահմանը»,- ասում է պարոն Հովհաննիսյանը:Այնուամենայնիվ, մեր երկրի հետ կապված ի՞նչ խմորումներ են տեղի ունենում Եվրախորհրդում: Արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, թե քաղբանտարկյալ ձեւակերպումը հանելով եւ Հայաստանին եւս մի քանի ամիս ժամանակ տալով` ԵԽ-ն փորձում է մեր իշխանություններից զիջումներ ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Չեմ բացառում»,- այս հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Դեմիրճյանը:
«Էականը թուլացված կարգավիճակով իշխանություն պահելն է, եւ այդ դեպքում արդեն ոչ ցանկալի զիջումները հեշտ կլինի վերցնել»,- կարծում է Ա. Մարտիրոսյանը:
Տ. Թորոսյանն էլ համոզված է, որ բանաձեւերի կատարումը բացարձակապես առնչություն չունի Ղարաբաղի խնդրի հետ: «Ցավոք սրտի, ընդդիմությունը միշտ ասել է, որ առեւտուր է գնում, որ ԵԽ-ն էլ ավելի մեղմ վերաբերմունք դրսեւորի, եւ իշխանությունները զիջումներ անեն ԼՂՀ հարցում: Սա բացարձակապես չի կարող համապատասխանել իրականությանը նախ՝ այն պատճառով, որ ԵԽ-ն ԼՂՀ խնդրով հիմնական զբաղվող կազմակերպությունը չէ: Միաժամանակ, դժվար թե գտնվի մեկը, ով համարի, որ բանաձեւերում նշված խնդիրները Հայաստանում գոյություն չունեն: Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որ ասում են՝ տեսեք` այս ամենը արվում է ոչ թե այն պատճառով, որ մենք խնդիրներ ունենք, այլ՝ որ ճնշումներ գործադրվի Հայաստանի վրա: Սա անընդունելի մոտեցում է»,- ասում է Տ.Թորոսյանը:
«Ընդդիմության դաշտում ովքեր կոտրվում են, շահարկում են Ղարաբաղի խնդիրը: Դա ոչ մի աղերս չունի ԼՂՀ խնդրի հետ»,- սա էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքն է:
«Ինչո՞ւ փոխվեցին բանաձեւերը, ինչո՞ւ խեղաթյուրվեց բանաձեւերի հիմքում դրված քաղաքական գործոնը,- հարցնում է Հ.Հովհաննիսյանն ու պատասխանում,- Իմ կարծիքով՝ կա երկու բացատրություն: Առաջինն այն է, որ Հայաստան-Ադրբեջան պարիտետը չպիտի խախտվեր. այդ երկու երկրներն ունեն ընդհանուր կոնֆլիկտ, նրանք միասին անդամակցել են ԵԽ-ին: Կան Սերժ Սարգսյանի խոստումները Ղարաբաղի հարցի կարգավորման առաջընթացի հետ կապված, կա նաեւ Ալիեւի նմանատիպ մոտեցումը: Եվ Ս.Սարգսյանը մի ձեւով կարող էր համաձայնել Դավոս գնալ` եթե խոստանային, որ Ստրասբուրգում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից չեն զրկի: Հակառակ դեպքում կխախտվեր պարիտետը, եւ Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեին քաղաքական տարբեր հարթություններում: Սա հիմնական ու միակ ենթատեքստն էր, որ դրված էր երեկվա ԵԽ այդ շոուի մեջ: Այդպիսով Ս.Սարգսյանին հնարավորություն տվեցին, որ Ալիեւի հետ խոսի հավասարի իրավունքով: Այդ գինը տվել են իշխանություններին եւ ոչ թե Հայաստանին: Ցավոք սրտի, դա տվել են ԼՂՀ հարցի համար, եւ դա շատ թանկ է նստելու մեր երկրի ու ժողովրդի վրա: Ես կարծում եմ, որ ԼՂՀ լուծումը հետաձգելու ռեսուրսը սպառվել է, որովհետեւ անցած տարվա վրաց-օսական հակամարտությունը ցույց տվեց, որ կոնֆլիկտները երկարատեւ չլուծելու դեպքում վերածվում են կարճ պատերազմների: Դա ցույց տվեց Գազայի դեպքը»,- ասում է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահը, ով նույնպես ժամանակին ղեկավարել է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը: ԵԽ ԽՎ վերջին բանաձեւի հետ կապված հիմնական մեկնաբանությունն այն է, թե մինչեւ ապրիլյան նստաշրջանն ընկած ժամանակահատվածում ՔՕ 225 եւ 300 հոդվածները փոփոխելու արդյունքում պետք է ազատ արձակեն քաղբանտարկյալներին: Հավատո՞ւմ են ընդդիմադիր ու իշխանամետ այս քաղաքական գործիչները, որ իշխանությունները առաջիկայում կազատեն քաղբանտարկյալներին: Այստեղ արդեն դրական սպասումներ չունեն մեր բոլոր զրուցակիցները:«Ես մի փոքր թերահավատ եմ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
«Սպասենք, ժամանակը ցույց կտա, բայց իշխանությունների իմիտացիոն քայլերը լավատեսություն չեն ներշնչում»,- մտահոգ է Ս. Դեմիրճյանը:
«Իհարկե, կարեւոր է, որ չլինեն մարդիկ, որոնք հանիրավի ազատազրկված լինեն, բայց մյուս խնդիրը կա` ցավոք սրտի, այս ամենը չի տալիս հիմնախնդրի պատասխանը: Հայաստանում կային լուրջ պատճառներ մարտի 1-2-ի իրադարձությունների տեղի ունենալու հետ կապված, եւ մինչ այժմ այն, ինչ արվում է, արվում է հետեւանքների առնչությամբ: Մինչդեռ ամենակարեւոր խնդիրը այդ պատճառների պարզելն ու վերացնելն է, որպեսզի հետագայում նման ողբերգական իրադարձություններ տեղի չունենան »,- կարծում է Տ. Թորոսյանը:
Գ. Սահակյանն էլ, բնականաբար, կարծում է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ամբողջությամբ իրավական հարթությունում է նույնիսկ այն դեպքում, երբ Դատախազությունը, մոտ 1 տարի է, չի կարողանում ապացույցներ ներկայացնել, որ նրանք քրեորեն պատժելի արարք են կատարել: