Մինչեւ ապրիլ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն

30/01/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ինչպես եւ սպասվում էր, ԵԽ ԽՎ-ի ընդունված նոր` 1643 բանաձեւի հետ կապված Հայաստանի իշխանական շրջանակների ոգեւորությունը առաջին հերթին կապված էր դրանում «քաղաքական բանտարկյալ» արտահայտության բացակայության հետ: Թեեւ նույնիսկ իշխանությունների համակրանքը վայելող Ջոն Պրեսկոտը ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայտարարեց, թե բանաձեւում դրա բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Բացի այդ, դա է հաստատում նաեւ բանաձեւի այն պահանջը, որը պարտավորեցնում է ՀՀ իշխանություններին վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք լայն մեկնաբանության հնարավորություն են տալիս: Խոսքը հայտնի 300 եւ 225 հոդվածների մասին է:

Հունվարի 27-ին ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված Հայաստանի վերաբերյալ հերթական` 1643 բանաձեւում ամրագրված միակ դրական դրույթն այն է, որը պարտադրում է ՀՀ իշխանություններին երկու ամսվա ընթացքում վերանայել ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածները, ինչը ենթադրում է, որ այդ հոդվածներով մեղադրվող քաղբանտարկյալները պետք է մինչեւ ապրիլ ազատ արձակվեն: 1643 բանաձեւում կատարված փոփոխությունը, այն է` «Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ԱԺ նախագահի հունվարի 22-ի հրամանը եւ ընդգծում, թե ՀՀ Սահմանադրության համաձայն` օրենքում մեղմացումները հետադարձ ուժ կունենան եւ կկիրառվեն մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկվածների ճակատագրի վրա», ըստ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի, նշանակում է, որ այդ հոդվածներով ազատազրկվածները պետք է ազատ արձակվեն: Մեր հարցին, թե` հնարավո՞ր է` ՔՕ 300 եւ 225 հոդվածներում իշխանություններն այնպիսի փոփոխություններ կատարեն, որոնց արդյունքում, այնուամենայնիվ, այդ հոդվածներով մեղադրվողների նկատմամբ այլ հոդվածներ առաջադրվեն եւ նրանք մինչեւ ապրիլ ազատ չարձակվեն, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ դեպքում արդեն շատ լուրջ խնդիր կառաջանա, որովհետեւ մեղադրանք ներկայացվել է ՔՕ 300 եւ 225 հոդվածների այսօրվա տեսքով, եւ եթե այդ տեքստը փոխվում է` մեղմացման ուղղությամբ, ապա Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի այդ մեղմացումը կիրառվի իրենց նկատմամբ: Այսինքն` իրենց արարքների այն բաղադրիչները, որոնք քրեորեն պատժելի էին, փոխվելուց հետո կարող է քրեորեն պատժելի չլինեն»: Մեր հարցին՝ «Այսինքն` կարող է քրեորեն պատժելի մնա, եւ նրանք դատապարտվեն ազատազրկմա՞ն»` նա պատասխանեց. «Ոչ, դա արդեն կլինի խստացում, ոչ թե մեղմացում: Ես կարծում եմ, որ հաստատ այն կմեղմացվի, որովհետեւ, ի վերջո, այդ հոդվածների մեջ շփոթ կա: Ես միշտ ասել եմ, որ քրեական եւ քաղաքական հանցանքները պետք է տարանջատել»: Ավելի կոնկրետ պատասխան ակնկալող մեր «Ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասաց. «Եթե դատախազն իր մեղադրանքները հետ վերցնի, իհարկե, բա ի՞նչ պետք է լինի: Մեղադրանքը փոխվում է, իսկ դա նշանակում է, որ դատախազը պետք է իր առաջ քաշած մեղադրանքը հետ քաշի»:

Այս օրերին ԵԽ ԽՎ-ում գտնվող Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կարելի է որոշակի իմաստով գոհացնող համարել բանաձեւի գոնե այն դրույթը, որով մինչեւ ապրիլ պետք է ազատ արձակվեն ՔՕ 300 եւ 225 հոդվածներով մեղադրվող քաղաքական բանտարկյալները: «Որեւէ բան, որը մեծացնում է հավանականությունը, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն` մեզ գոհացնում է: Մենք չենք կարող դժգոհել որեւէ բանից, որը նրանց ազատ արձակման հնարավորությունը մեծացնում է: Ես ուղղակի կասկածում եմ` արդյո՞ք այդ բանաձեւն այդ հավանականությունը մեծացրել է, թե՞ ոչ: Բանն այն է, որ մենք ունենք դառը փորձ, որ ՀՀ իշխանությունները նույն ԵԽ ԽՎ-ին նախկինում տված իրենց խոստումները չեն կատարել, եւ երկրորդ` ինձ համար բոլորովին պարզ չէ, թե ինչու էր անհրաժեշտ այդքան երկար ժամանակ` այդ որոշումները կայացնելու համար, եւ ինչո՞ւ այդ որոշումները կայացվեցին հենց հիմա: Փաստորեն, որոշումները կայացրեցին այս պատժամիջոցից խուսափելու համար եւ ոչ թե քաղաքական կամքի իրական դրսեւորման, ինչը մի քանի ելույթ ունեցողներ նշեցին»,- ասաց նա: Նաեւ հավելեց. «Մեզ անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը, որ քննարկումը տեղի ունեցավ ակնհայտ կեղծ ինֆորմացիայի հիման վրա, որը տրամադրել էին պարոնայք Պրեսկոտն ու Կոլոմբիեն: Խոսքը` նախորդ շաբաթ ազատ արձակված մարդկանց որպես քաղբանտարկյալներ ներկայացնելու մասին է: Ազատ արձակվածներից ընդամենը 2-ն են եղել մեր ցուցակներում որպես քաղբանտարկյալներ, մյուսները քրեական հանցագործներ են: Կան նաեւ մարդիկ, ովքեր պայմանականորեն ազատ էին արձակված, եւ նրանց նկատմամբ ներումը կիրառելի չէ: Եվ եթե նկատեցիք, քննարկմանը մասնակցողների փաստարկները, թե ինչու պետք է մեղմ վերաբերմունք դրսեւորեն ՀՀ իշխանությունների նկատմամբ, այն էր, որ ինչ-որ առաջընթաց կա, եւ այդ «փաստը», որ քաղբանտարկյալների զգալի մասը ներման խնդրագրերով ազատ են արձակվել: Հետեւաբար՝ սա մեզ գոհացնել չի կարող: Գոհացնել չի կարող նաեւ այն հանգամանքը, որ քաղբանտարկյալ եզրն ընդհանրապես հանվեց նոր բանաձեւից: Նույնիսկ, եթե 225 եւ 300 հոդվածները հանվեն, կա քաղբանտարկյալների մի հատված, որոնք այլ հոդվածներով են դատապարտվել, եւ ես չեմ հասկանում, թե ինչու չպետք է նրանք քաղբանտարկյալներ համարվեն: Այնպես որ` կան բազմաթիվ երկակի ստանդարտներ եւ՛ նիստի քննարկումներում, եւ՛ այս նոր բանաձեւում, ուստի այն մեզ գոհացնել չի կարող: Բայց եթե այս որոշումը եւ այդ սպառնալիքը, որ մինչեւ ապրիլ իրենք պետք է վերահսկեն եւ հետեւեն, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ առաջընթաց ապահովեն, եթե դա իսկապես լուրջ է եւ կհանգեցնի վիճակի մեղմացմանը կամ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ապա մենք դա միայն կողջունենք»:

ՀՀ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Ա. Ռուստամյանն էլ` հակադարձելով ներման խնդրագրերի վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին, թե` իրենք կեղծ ինֆորմացիա են տարածել ԵԽ-ում` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը 20 քաղբանտարկյալի ազատ է արձակել, մեզ հետ զրույցում ասաց. «Բնական է, ներում շնորհելը նշանակում է, որ այդ մարդիկ ներում են խնդրել: Ընդդիմությունն ուզում է ասել` այդ 28-ը մեղավոր են, բայց նրանք մերը չեն, մեզ հետ կապ չունեն: Իրենք պետք է այնպես անեն, որ ցույց տան, թե իրենք ոչ մի մեղք չունեն: Իսկ 28 հոգի հաստատ մեղավոր են, չէ՞, որ խնդրել են իրենց ներել: Բա դրանք ովքե՞ր էին, մարտի 1-ին այնտեղ չեն եղել: Ընդդիմությունն ուզում է ասել, որ ջարդուփշուրի հետ իրենք ընդհանրապես կապ չունեն, որ իրենք միայն միտինգի ժամանակ հարթակից խոսել են, եւ այլն»: Հիշեցնենք, որ նախօրեին արդեն բացահայտվել էր ներման արժանացած 16 քաղաքացիներից մեծ մասի ով լինելը. դրանք հիմնականում մարտի 1-ին խանութների թալանին մասնակցած այն անձինք են, որոնցից մի քանիսը հետագայում` հիմնականում դատական նիստերի ժամանակ, հայտարարել են, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոշներն էլ իշխանական կուսակցությունների անդամներ են: Ինչեւէ: Նույն հարցի առնչությամբ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ ասաց. «Ովքեր են ներում ստացել` ես տեղյակ չեմ, բոլոր այդ անձինք դատապարտվել են մարտի 1-2-ի հետ կապված: Թե ո՞ւմ է ընդդիմությունը համարում քաղբանտարկյալ` ես դժվարանում եմ ասել»:

Սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ եւս մեկ անգամ նշեց, որ իրենք պարբերաբար պահանջել են իշխանություններից պատժել բոլոր նրանց, ովքեր քրեական հանցանքներ են կատարել, եւ ազատել բոլոր նրանց, ովքեր կալանավայրերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության համար:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ դեկտեմբերի 17-ին համազեկուցողների ներկայացրած զեկույցը «անհավասարակշիռ» ու «ծայրահեղ» էր, ուստի ինքը գոհ է, որ այն այժմ «բերվեց բալանսի»: «Կատարված փոփոխությունները բերեցին որոշակի բալանսի, հավասարակշռության: Այն վիճակը, որ կար դեկտեմբերի 17-ին կայացրած որոշումից հետո, շեղում էր դեպի, այսպես ասած՝ ծայրահեղացում, իրավիճակի ոչ ադեկվատ ներկայացում: Շատ կարեւոր էր, որ այս բանաձեւում փաստվեց ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի առկայությունը: Սա, ի դեպ, եղավ ամենակարեւոր խնդիրը, որը շուռ տվեց ամբողջ պրոցեսը դեպի այն ձեւակերպումները, որն այստեղ ունենք: Քաղաքական կամքի առկայությունն ամենակարեւոր հանգամանքն է ԵԽ-ում, եւ դա փաստվեց: Եվ փաստվեց հենց այն հանգամանքով, որ ստեղծվում է ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածները փոփոխելու համար աշխատանքային խումբը, որն արդեն կոնկրետ խնդիրներ է իրականացնելու: Այսինքն՝ ընդունվեց այն մոտեցումը, որ եթե ՀՀ-ն չի կարող շրջանցել իրավական համակարգով խնդիրները լուծելու այդ ճանապարհը, ուրեմն պետք է ընթացքի մեջ հնարավոր ոչ ստանդարտ լուծումներով արագացում մտցնի: Միակ ճանապարհն իսկապես այն էր, որ այդ հոդվածները փոխվեն, որը հետադարձ ուժ է ունենալու, եւ, բնական է, դրանից հետո արդեն դատախազը կարող է վերանայել նաեւ իր մեղադրանքները»,- ասաց Ա. Ռուստամյանը` վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ իշխանությունները հնարավորություն ունեն «լիարժեքորեն կատարելու ԵԽ նոր բանաձեւի բոլոր պահանջները»:

Իսկ ի՞նչն էր խանգարում անցած 9 ամիսների ընթացքում վերանայել ՔՕ վերոնշյալ հոդվածները` խուսափելու համար ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ի նկատմամբ նման «ներողամիտ» ու խղճահարույց ելույթներից ու մոտեցումից, արդյոք ՀՀ իշխանությունները չէի՞ն կարող ավելի շուտ մեղմել այդ հոդվածները: Մեր այս հարցին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Իհարկե կարող էինք անել: Դժվարանում եմ ասել, թե ինչու չի արվել մինչ այս: Երեւի ամեն ինչ որոշակի հասունացում է պահանջում: Եթե հիշում եք, մենք սկզբում գործ ունեինք նույն մասի հոդվածների բացարձակապես անընդունելի ձեւակերպումների հետ: Անցավ որոշակի փուլ, եւ գիտակցվեց, որ դա անընդունելի է»: Հարցին էլ, թե` մտավախություն չունի՞, որ ՀՀ իշխանությունների համար «բարենպաստ» այս բանաձեւը կարող է լարում առաջացնել Հայաստանում, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ բարենպաստ: Այն, որ չզրկվեցինք ձայնի իրավունքից, դա չի նշանակում՝ բարենպաստ: Ես հեռու եմ բանաձեւերն այդպես գնահատելուց: Բանաձեւում ամրագրված են որոշակի կատարված աշխատանքներ, ակնկալիքներ ՀՀ-ից, որոնք պետք է կատարվեն: Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ինձ դժվար է կանխագուշակումներ անել: Ես կարող եմ նպատակների մասին խոսել: Նպատակը կայունությունն է, հույսս էլ այն է, որ սա հաջորդ քայլը կլինի դեպի կայունություն»:

ԵԽ ԽՎ-ի շվեդ պատգամավոր Մարիետա դը Փուրբախ-Լունդինն իր ելույթում` դիմելով ԵԽ պատվիրակներին` նախօրեին ասել էր, թե Հայաստանի նկատմամբ պատժամիջոց չկիրառելը կնշանակի` «քարտ-բլանշ» տալ (իհարկե, հետո ինքը նույնպես քարտ-բլանշ տվեց` կողմ քվեարկելով բանաձեւի փոփոխություններին) ՀՀ իշխանություններին: Նա նաեւ թերահավատորեն է վերաբերվում այն պնդումներին, թե մինչեւ ապրիլ որեւէ դրական տեղաշարժ կլինի քաղբանտարկյալների հարցում: Սակայն Ա. Ռուստամյանի կարծիքով` «ՀՀ իշխանություններն իսկապես ունեն քաղաքական կամք օր առաջ այս հարցը լուծելու: Եվ ես համոզումով ասում եմ, որ իսկապես Հայաստանի իշխանությանը ձեռք չի տալիս կոնֆլիկտ ունենալ ԵԽ-ի հետ: 9 ամիս, այո, ձգձգվեց, կարելի էր ավելի արագ անել, բայց եթե մինչ այդ ոչինչ արած չլինեինք, այս երեք ամիսը մեզ չէր հերիքի: Ուրեմն` ինչ-որ բան արել ենք, եւ մեզ մի որոշ ժամանակ մնում է, որպեսզի ավարտին հասցնենք: Խոսքն ավարտին հասցնելու մասին է, եւ անցած 9 ամիսներին հենց այնպես` անգործ չենք նստել: Կատարվել են քայլեր, եւ բնական եմ համարում, որ դրանք ավարտին հասցնելու համար ժամկետները հերիք են»,- մեզ հետ զրույցում` անդրադառնալով հնչած մեղադրանքներին, ասաց նա:

Հ.Գ. Նախօրեին ՀԱԿ ներկայացուցիչ Լ. Զուրաբյանն ասել էր, որ իրենք պատրաստվում են անվստահություն հայտնել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, սակայն դա տեղի չունեցավ. ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ վստահ չեն ընթացակարգի հարցում, եւ եթե «մենք կարողանանք մեր սահմանափակ ռեսուրսներով դա անել, կանենք: Ընդդիմությունը ԵԽ ԽՎ-ում ներկայացուցիչ չունի»,- ասաց նա: Հարցին, թե ճի՞շտ է այս փուլում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած դիրքորոշումը, նա պատասխանեց. «Ր. Հովհաննիսյանը որդեգրել է մի դիրքորոշում, որը նույնը չէ, ինչ ՀԱԿ-ինը: Եթե մենք գտնենք ձեւը նման անվստահություն հայտնելու ԵԽ-ին` կհայտնենք, բայց ես վստահ չեմ, որ այդ ձեւը կա, եւ, որ այն մատչելի է: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում մեկնաբանել Ր. Հովհաննիսյանի որոշումը: Պայքարի կամ բողոքի արտահայտության տարբեր ձեւեր ու մեխանիզմներ կան, նա ընտրել է իր բողոքն ու տարակուսանքն արտահայտելու այդ ձեւը: Ակնհայտ է, որ մենք այս պահին դա չենք կիսում, բայց լավ կլինի նրան հարցնեք, ես նրա որոշումն ու դիրքորոշումը քննադատելու մտադրություն չունեմ»:

Ստրասբուրգ-Երեւան