«7-ի գործով» քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկվա դրությամբ դեռ գտնվում էր Դատապարտյալների հիվանդանոցում, ուր շաբաթ օրը տեղափոխվել էր որովայնի շրջանում ունեցած սուր ցավերի պատճառով: Բժիշկներն ախտորոշել են դիսբակտերիոզ հիվանդությունը: Երեկ Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը մեր թղթակցին ասել է, որ նա սիստեմաներ է ընդունում, եւ ցավերը մեղմացել են: Սակայն Մ. Առուստամյանը չի կարողացել հստակ ասել` հունվարի 30-ին՝ «7-ի գործի» 7-րդ դատավարության օրը, Հ.Հակոբյանն իրեն այնքան լավ կզգա՞, որ մասնակցի դատական նիստին: «Եթե ի վիճակի եղավ, անպայման մասնակցելու է, իմ պաշտպանյալը շահագրգիռ է, որ դատավարությունը շարունակվի»,- ասել է նա: Եթե ի վիճակի չլինի մասնակցել դատավարությանը, ապա նիստը պետք է հետաձգվի, քանի որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրավունք չունի շարունակել նիստը, եթե քաղբանտարկյալներից որեւէ մեկը հարգելի պատճառով բացակայում է: Ինչպես հայտնի է, առողջական խնդիրներ ունի նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: 2 օր ստիպված էին եղել շտապօգնություն հրավիրել ԱԱԾ մեկուսարան: Ըստ Ս.Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանի, իր պաշտպանյալի «ճնշումը սարսափելի ցածր է, սրտի աշխատանքը` անկանոն»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ Ս.Միքայելյանին եւս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար: Սակայն, ըստ Հ.Արսենյանի՝ երեկ երեկոյան Ս.Միքայելյանը դեռ ԱԱԾ մեկուսարանում էր: Հ.Արսենյանը նաեւ քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի պաշտպանն է, ում հունվարի 26-ին Վերաքննիչ դատարանը ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ հեռացրեց դահլիճից ու դատը շարունակեց առանց նրա: Արդյոք ԵԽ ԽՎ նստաշրջանից հետո, երբ բանաձեւից հանվեց քաղբանտարկյալ ձեւակերպումը, եւ Հայաստանը մինչեւ ապրիլյան նստաշրջան ժամանակ ստացավ, հնարավո՞ր է, որ «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ որոշի 7 քաղբանտարկյալներին հեռացնել նիստերի դահլիճից: «Բացառվում է, Իրավունք չունի` սա ընդհանուր իրավասության դատարան է: Այդ իրավունքը միայն Վճռաբեկ դատարանն ունի: Եթե Վերաքննիչ դատարանի դեպքում օրենքին ինչ-որ հղում արվեց, ու խախտումով Ս.Այվազյանին հեռացրեցին դահլիճից, ապա այս դեպքում դա հնարավոր չէ»,- ասել է Հ.Արսենյանը: