Էրեբունի համայնքի 35փ. 127/1 հասցեում հունվարի 26-ին արտակարգ պատահար է գրանցվել: Երեկ այդ մասին «168 Ժամին» ահազանգել էին տեղի բնակիչները` խնդրելով այցելել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:
Բանն այն է, որ հունվարի 26-ի երեկոյան հանրակացարանի նկուղային հարկի խմելու ջրի խողովակաշարը պայթել եւ խառնվել է կոյուղաջրերին: «33 տարեկան տղաս փորձեց կանխել այդ իրավիճակը: Ջրի ճնշումն այնքան բարձր էր, որ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում այդ հոսքը կանգնեցնել: Որպեսզի վերեւի հարկերի ջուրը չանջատվի եւ դժգոհություններ չլինեն` տղաս որոշեց նկուղից ջուրն անջատել, որպեսզի մենակ մեր հարկը զրկվի ջրից»,- պատմում է Անահիտ Գրիգորյանը, ում որդին` Արմենն, իջնելով նկուղ՝ հայտնվել է սարսափելի վիճակում: Պարզվել է, որ շենքի տակ` նկուղում, 1-1,5 մակերեսով կոյուղաջրերի ճահիճ է եղել: Մթության մեջ առաջ շարժվող երիտասարդը խողովակաշարից բռնվելով` մի կերպ կարողացել է հասնել խողովակաշարի փականին: Սակայն, ինչպես բնակիչներն են ասում, «փտած, հարյուր տարվա» խողովակը կոտրվել է, իսկ Արմենն ընկել է կոյուղաջրի ճահիճը: «Պատկերացրե՛ք, 45 րոպե Արմենին չէինք կարողանում գտնել, մթության մեջ գոռում ենք, լացում ենք… Դու մի ասա՝ կեղտաջրերի ճահիճը քաշել ա, ու տղաս արդեն խեղդվում ա: Մյուս տղայիս ենք ուղարկել ու, փառք Աստծո, հեռախոսի լույսը գցելով` գտել է: Արմենիս հանեցինք` ոնց որ դիակ: Կեղտաջրերով, մամուռով պատված, խեղդված… Կեղտաջրերից, գազից խեղդամահ էր լինում: Շոկի մեջ ա, կարող ա եւ առնետ էլ մտած լինի բերանը, ուշքի չի գալիս: Նկուղում առնետների սերունդներ են մեծանում: Կիսամեռ վիճակում թպրտում էր…»,- նկարագրում է տիկին Անահիտը` վրդովված ասելով, որ մահամերձ Արմենին փրկելու համար քանիցս շտապօգնություն են զանգահարել, սակայն ծառայության մեքենան հայտնվել է ահազանգերից ուղիղ 1 ժամ հետո միայն: Բարեբախտաբար, Արմենի կյանքը փրկել են, մինչդեռ շենքում բնակվող եւ այդ ջրից օգտվող 10-15 մանկահասակ երեխաներ, այնուամենայնիվ, այժմ բարձր ջերմությամբ, հիվանդ պառկած են: Այս երեք օրերի ընթացքում հանրակացարանի բնակիչները չեն դադարում ահազանգել Երեւանի քաղաքապետարան, Էրեբունի թաղապետարան, Սանէպիդկայան, սակայն նշյալ կառույցներից որեւէ ուշադրության չեն արժանանում: Մեր այցելության պահին ականատես եղանք ցավալի տեսարանի, քանի որ հանրակացարանի նկուղային հարկի գրեթե բոլոր մանկահասակ երեխաները բարձր ջերմությամբ, թուլացած պառկած էին: «Ճիշտ է, խմելու ջուրը եռացնելով օգտագործում ենք, բայց տեսնո՞ւմ եք, բարուրի երեխայից սկսած, մինչեւ մեծահասակ` ջերմության մեջ վառվում են: Ախր համաճարակն էլ ո՞նց է լինում, բոլոր նշանները կան»,- ասում է Լարիսա Մաթեւոսյանը` վստահեցնելով, որ այս պահին իրենց հարկում 15 հիվանդ կա: Այդուհանդերձ, Էրեբունի համայնքի 35փ. 127/1 հասցեի բնակիչները հայտարարում են, որ շուրջ մեկ տարի է, ինչ ահազանգում են Սանէպիդկայան, քանի որ խողովակաշարը վերանորոգելու եւ համաճարակի տարածման խնդիրը վաղուց եղել է, եւ ամենեւին զարմանալի չէր, որ այն մի օր պայթելու է (Ի դեպ, «168 Ժամը» դեռ 4-5 ամիս առաջ անդրադարձել է այդ խնդրին): Մինչդեռ, ըստ բնակչուհի Գայանե Ծառատակյանի, Սանէպիդ կայանից երբեւէ չեն արձագանքել, փոխարենն առաջարկել են` «Դիմե՛ք Առողջապահության նախարարության կրծողների չգիտեմ ինչ վարչություն: Բայց նախարարությունում կրծողների բաժին կա՞, կամ Սանէպիդ կայանը պարտավոր չէ՞ գալ, զննություն կատարել»: Պոլիկլինիկայի բժիշկը միայն խորհուրդ է տվել անհապաղ ազատել այդ տարածքը: Բնակիչները վստահեցնում են, որ ամիսներ առաջ այս խնդրով բաց նամակ են գրել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան չեն ստացել: Նրանց լռության հետեւանքը եղավ այն, որ այսօր 15 հոգի թունավորվել են, եւ համաճարակի տարածումն անխուսափելի է: