Եվ այսպես, Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2008 թվականի 300 խոշոր հարկատուների ցանկը։ Լրագրողներն արդեն հասցրել են անդրադառնալ այդ ցանկին՝ հիմնականում ուշադրություն դարձնելով, թե ով որքանով է ավելացրել կամ պակասեցրել մուծված հարկերը։ Սակայն խոշոր հարկատուների ցանկը թաքնված «հմայքներ» ունի, որոնք ի հայտ են գալիս միայն այն դեպքում, երբ փոքր-ինչ «խորանում» ես թվերի մեջ։
Նշենք, որ բավական ժամանակ է պահանջում հիմնականում թվաբանությունը, քանի որ հարկային մարմինը նախանձելի համառությամբ չի նշում խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր գումարը՝ հաշվելու «հաճելի» գործը թողնելով նրանց, ում դա հետաքրքիր է։ Իսկ հաշվել լինում է միայն ձեռքով գումարելով, քանի որ համակարգչային ֆայլի «pdf» ֆորմատը թույլ չի տալիս ավտոմատ հաշվարկ կատարել։ Նշենք, որ ժամանակին հարկային ցանկերը «excel» ծրագրով էին տեղադրվում կայքում, ինչը հնարավորություն էր տալիս ավտոմատ հաշվել ցանկացած աղյուսակի տվյալներ։ Իսկ հաշվելը կարեւոր է, քանի որ հենց դրա արդյունքում են ի հայտ գալիս վերը նշված «թաքնված հմայքները»՝ արտահայտելով ամենատարբեր իրողություններ։ Հերթով անդրադառնանք դրանց։
Ո՞վ է «քաշում» հարկային բեռը
Կառավարությունը բազմիցս նշել է եւ շարունակում է պնդել, որ հարկերի հիմնական ծանրությունը ընկնում է խոշոր բիզնեսի վրա։ Արդեն գրել ենք, որ նույն հիմնավորմամբ են իշխանությունները փարատում այն մտահոգությունը, թե 2009-ին նախատեսված հարկերի ավելացումը (մոտ կես միլիարդ դոլարի չափով) կարող է ծանրանալ փոքր ու միջին բիզնեսի ուսերին։ Իսկ ինչպիսի՞ն է եղել միտումը նախորդ տարի, ո՞ր խավին է բաժին հասել հարկային բեռը։ Այս հարցի պատասխանը կարեւոր է այնքանով, որ ցույց է տալիս՝ որքանո՞վ են իրար համապատասխանում խոսքն ու գործը։
Եվ այսպես, 2008-ին հարկային մուտքերը 2007-ի համեմատ աճել են մոտ 20 տոկոսով։ Վատ ցուցանիշ չէ, սակայն ո՞ւմ հաշվին է ապահովվել այդ 20%-ը։ Խոշոր բիզնեսի՞։ Եկեք ստուգենք։ Խոշոր բիզնես ասելով՝ ընդունենք հենց 300 խոշոր հարկատուներին, եւ տեսնենք՝ նրանք որքանո՞վ են ավելացրել վճարված հարկերը։ Պատասխանը կարող եք գտնել Աղյուսակ 1-ում. 300 խոշոր հարկատուները միասին ավելացրել են հարկերը 45 միլիարդ դրամով կամ 14.4%-ով։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ ընդհանուր հարկային մուտքերի աճը չի կարելի կապել 300 խոշոր հարկատուների հետ, քանի որ նրանք պետք է ավելացրած լինեին հարկերը նվազագույնը 20%-ով։
Եթե հաշվենք տեսակարար կշռով, ապա 300 խոշոր հարկատուները 2007-ին վճարել էին ընդհանուր հարկերի շուրջ 62%-ը, իսկ 2008-ին՝ 60%-ը։ Սակայն պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ փոքրացնում ենք դիտարկվող խումբը՝ այսինքն՝ համեմատում ենք շա՜տ խոշոր բիզնեսի մուծած հարկերը՝ ասենք, առաջին 100 հարկատուներինը, հետո՝ ավելի շատ խոշորներինը, եւ այսպես շարունակ։ Ինչպես երեւում է աղյուսակում, առաջին 100 հարկատուները միասին մուծել են 9.5%-ով ավելի հարկ, առաջին 50-ը՝ 5%-ով ավելի։ Իսկ երբ խոսքը վերաբերում է առաջին 20 հարկատուներին, ապա պարզվում է՝ նրանք ոչ միայն չեն ավելացրել, այլեւ նվազեցրել են վճարված հարկերը 2%-ով։ Իսկ ամենախոշոր բիզնեսը՝ առաջին 10 ընկերությունները պակասեցրել են հարկերն ավելի քան 9%-ով։ Ստացվում է՝ որքան խոշոր է բիզնեսը, այնքան քիչ հարկ է վճարվել պետական բյուջե։ Ինչպես ասում են՝ թեորեմն ապացուցված է։
Եվս մի հանգամանք. առաջին 50 հարկատուների վճարած 209 միլիոն դրամի հարկերի մոտ կեսը՝ 103 միլիարդը, կազմում են անուղղակի հարկերը (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ եւ այլն)։ Իսկ այդ հարկերն ի վերջո մուծում է ոչ թե գործարարն, այլ սպառողը, քանի որ դրանք մտնում են վաճառող ապրանքի գնի մեջ։ Այնպես որ, հարկային բեռը մնում է ոչ թե խոշոր գործարարների, այլ ՀՀ շարքային քաղաքացիների ուսերին։
Ամենախոշորները
Նախ նշենք, որ ներկայացված աղյուսակում ընդգրկել ենք միայն առաջին 30 հարկատուներին՝ թե՛ այն պատճառով, որ թերթի ծավալը սահմանափակ է, եւ թե՛ այն, որ ամենահետաքրքիր «դետալները» հենց այստեղ՝ ցանկում են։
Առաջին հերթին, իհարկե, աչք է զարնում 2008-ի ամենախոշոր հարկատուն՝ Ղ-Տելեկոմը։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը եւ պետբյուջե է մուծել ավելի քան 30 միլիարդ դրամ (կամ 100 միլիոն դոլար)։ Հենց միայն այս թվի շնորհիվ կարելի է ասել, որ «Վիվա Սելը» Հայաստանում «կրել է» «ԱրմենՏելին», մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջինս, բջջային կապից բացի, տնօրինում է նաեւ ֆիքսված հեռախոսակապին, եւ ավելի երկար ժամանակ է` գործում է շուկայում։ «Բիլայն» բրենդի ներմուծումը, ըստ երեւույթին, դրական ազդեցություն չունեցավ «ԱրմենՏելի» ոչ այնքան դրական իմիջի, հետեւաբար նաեւ՝ պահանջարկի վրա։ Մի խոսքով, «ԱրմենՏելը» 5.6 միլիարդով պակաս հարկ է մուծել։
Եթե «Ղ-Տելեկոմն» աչքի էր ընկնում հարկերի աննախադեպ աճով, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ հակառակ իմաստով. նախկինում հանրապետության թիվ 1 հարկատուն ավելի քան 19 միլիարդով նվազեցրել է հարկերը։ Պատճառը հայտնի է. համաշխարհային ճգնաժամը։ Նշենք միայն, որ ճգնաժամը սկսվեց տարվա վերջին, մինչդեռ հարկային մուտքերը ողջ տարվա համար են։ Այսինքն՝ դժվար չէ պատկերացնել, որ այս տարվա պատկերը, ցավոք սրտի, շատ ավելի տխուր է լինելու։ Ի դեպ, 432 միլիոն դրամով պակաս հարկ է մուծել նաեւ Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատը։
Հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն՝ «ՀայՌուսգազարդը» նույնպես նվազեցրել է հարկերը՝ շուրջ 2 միլիարդով։ Հաշվի առնելով, որ գազի գինը չի նվազել, կարելի է ենթադրել, որ հայաստանցիները սկսել են ավելի քիչ գազ սպառել։
5-րդ խոշոր հարկատուն ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն» է՝ 12.5 միլիարդ դրամ։ 2007թ. ցանկում ընկերությունը ընդհանրապես չկա։ Փոխարենը, մոտ 9 միլիարդ դրամով հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնականը զբաղեցնում էր Ս. Ալեքսանյանի մյուս ընկերությունը՝ «Սալեքս Գրուպը»։ 2008-ի ցանկում, սակայն, «Սալեքս Գրուպը» զիջել է դիրքերը՝ վճարելով ընդամենը 1.88 միլիարդ։ Փաստորեն, կարելի է ասել, որ գործունեության ոլորտների մեծ մասը «Սալեքս Գրուպից» փոխանցվել է «Ալեքս Գրիգին»։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին նման փոխանցում կատարվել էր «Ֆլիտֆուդից» «Սալեքս Գրուպին»։
Վառելիքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները՝ «Քաղպետրոլսերվիս», «Ֆլեշ», «Արսօյլ», ավելացրել են հարկերը՝ չնայած միջազգային եւ տեղական շուկայում վառելիքի գնանկմանը։
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» 2008-ին մուծել է 3.76 միլիարդ դրամի հարկ՝ նախորդող տարվանից 369 միլիոնով պակաս։ Փոխարենը հարկերը 932 միլիոնով ավելացրել է Վարդանյանների մյուս ծխախոտային ընկերությունը՝ «Գրանդ Տոբակոն»։
Ինչ վերաբերում է ծխախոտ ներմուծողներին, ապա նրանք բոլորն էլ ավելացրել են հարկերը։ Օրինակ, «Ավերս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է «Davidoff» տեսակի ծխախոտի ներկրմամբ, 2008-ին մուծել է 3.5 միլիարդ դրամի հարկ՝ 2007-ից 1.1 միլիարդով ավելի։ Բացառություն կազմում է միայն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պարես Արմենիան», որը Հայաստան էր ներկրում «Phillip Morris» ֆիրմայի ծխախոտները։ 2007-ին այս ընկերությունը իր վճարած 7.6 միլիարդ դրամով զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնականը։ 2008-ի ցանկում, սակայն, նահանջել է 19-րդ հորիզոնականը՝ 2.77 միլիարդով։ Ընկերությունը, փաստորեն, 4.8 միլիարդով պակաս հարկ է մուծել։ Եթե հիշում եք՝ մաքսայինը երկար ժամանակ չէր մաքսազերծում «Պարես Արմենիայի» ներկրած ծխախոտները՝ խաթարելով նրա նորմալ գործունեությունը։ Պատճառների մասին չխոսենք (արդեն նշեցինք՝ ում է պատկանում ընկերությունը)։ Միայն նշենք, որ արդյունքում «Phillip Morris»-ը գերադասեց աշխատել մի այնպիսի ընկերության հետ, որն իր արտադրանքի ներկրման եւ իրացման հարցում խնդիրներ չի ունենա։
Ճիշտն ասած՝ երկար ժամանակ փորձում էինք հարկատուների ցուցակից պարզել՝ ո՞վ է զբաղեցրել «Պարես Արմենիայի» տեղը։ «Marlboro» Հայաստանում վաճառվում է, նշանակում է՝ ներմուծող էլ պետք է լինի։ Եվ շարժվում էինք հետեւյալ տրամաբանությամբ. եթե «Պարես Արմենիան» «Phillip Morris» չի ներմուծել եւ արդյունքում 4.8 միլիարդով պակաս հարկ է վճարել, ուրեմն պետք է լինի մի ընկերություն, որը 4.8 միլիարդով ավելացրած լինի հարկերը։ Նման ընկերություն չգտանք։ Փոխարենը գտանք «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունը, որը 2007-ի ցանկում չկար, իսկ 2008-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը՝ 2.35 միլիարդ դրամի հարկերով (որից 2.27-ը` հաստատագրված վճար, ինչպես մյուս սիգարետ ներկրողներինը)։ Մեր տեղեկություններով, հենց այս ընկերությունն է զբաղվում «Phillip Morris»-ի ներկրմամբ։ Սակայն անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս պետբյուջեն կորցրեց 2.5 միլիարդ դոլար («Պարես Արմենիայի» 4.8 միլիարդի եւ «Վիդիս Դիսթրիբյուշն»-ի 2.35 միլիարդի տարբերությունը)։ Կամ հայաստանցիները երես են թեքել «Marlboro»-ից, կամ էլ «Պարես Արմենիան» չափից դուրս առատաձեռն էր պետբյուջեի նկատմամբ։
Բանկերը
Հարկային մարմինը նախկինում առանձին հրապարակում էր նաեւ առեւտրային բանկերի ցուցանիշները՝ մասնավորապես շահույթի եւ շահութահարկի մասով։ Ընթերցողների համար առանձնացրել ենք ամենաշատ հարկեր վճարած 10 բանկերին։
Նշենք, որ առեւտրային բանկերից ամենախոշոր հարկատուն 2007 թվականին «HSBC»-ն էր, որը 2008-ին 75 միլիոնով պակաս հարկ է մուծել եւ զբաղեցրել 3-րդ տեղը։ 2008-ի առաջատարը «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկն է, որը 2007-ի համեմատ 1 միլիարդ դրամով ավելացրել է հարկերը։ 922 միլիոն դրամով ավելի է մուծել նաեւ «Արդշինինվեստ» բանկը»։
Հ.Գ. Նշենք, որ հարկատուների ցանկը նաեւ այլ թաքնված «հմայքներ» ունի, որոնցից ամենահետաքրքիրը կներկայացնենք առաջիկայում։