Տնտեսական ճգնաժամը լրիվ մոռացության մատնեց երկնիշ տնտեսական աճը: Իշխանություններն այլեւս դրանով չեն հպարտանում: Ավելին` միայն միանիշ աճ են խոստանում: Սա ճգնաժամի դրական կողմն է: Բայց կա նաեւ բացասականը: Մեր իշխանությունները թեւերը քշտած՝ պարտքով փող են փնտրում: Ընդ որում` բոլորը: Կառավարությունը խնդրում է Ռուսաստանից ու Համաշխարհային բանկից: Խորհրդարանը` Չինաստանից: Կարծես մրցում են իրար հետ: Բայց օրենսդիր մարմինն իզուր է ներքաշվել այս մրցակցության մեջ: Սա անհավասար մրցակցություն է: Աջ ու ձախ պարտք խնդրելու գործում մեր կառավարությունն անհամեմատ ավելի արհեստավարժ է: Տնտեսական վիճակագրությունն արձանագրում է, որ անգամ տնտեսական երկնիշ աճի տարիներին ՀՀ կառավարությունը հաջողացնում էր մեծացնել երկրի պետական պարտքը: 2003թ. համեմատությամբ 2008թ. առաջին կիսամյակին այն աճել է ավելի քան 55 տոկոսով: Նույն ժամանակահատվածում մոտ 48 տոկոսով աճել է արտաքին պարտքը: Այսինքն` մեր կառավարությանը հաջողվել է միջազգային կառույցներին համոզել, որ, չնայած տնտեսության վագրային թռիչքներին, մենք պարտք մարող չենք: Ավելին` լրացուցիչ փող ենք ուզել ու ստացել: Փող հայթայթելու գործընթացը դադար չի ունեցել: Անգամ` համաշխարհային ճգնաժամի պարագային: Եվ ահա Համաշխարհային բանկի հետ վարվող բանակցություններն իրենց արդյունքը տվեցին: ՀԲ-ն երեկ հայտարարեց, որ Հայաստանին առաջիկա 4 տարվա ընթացքում 525 մլն դոլար կտրամադրի: Չբացառելով, որ դեպքերի բարեհաջող ընթացքի պարագային գումարը կարող է մեծանալ` մինչեւ 800 մլն դոլար: ՀՀ իշխանություններն 800մլն են ուզում: Հայաստանի արտաքին պարտքի մոտ 83 տոկոսը վերցված է միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Միայն 17 տոկոսն է բաժին ընկնում օտարերկրյա պետություններին: Անցած տարվա դրությամբ մենք պարտք ենք ընդամենը չորս երկրի` ԱՄՆ-ին (ընդհանուր պարտքի 2,5 տոկոսի չափով), Ֆրանսիային (0,35 տոկոս), Գերմանիային (8,25 տոկոս) եւ Ճապոնիային (6,35 տոկոս): Հարազատ իշխանությունները երեւի անթույլատրելի են համարում այն փաստը, որ այս ցուցակում ներառված չէ մեր ոխերիմ ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը: Ու փորձում են շտկել այդ բացթողումը: Անցնող շաբաթվա ընթացքում մեր մամուլի ուշադրության կենտրոնում էին փող խնդրելու նպատակով Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները: Նշվում էր, որ մենք ՌԴ-ից 2 մլրդ դոլար ենք խնդրում: Մամուլն ու փորձագետները նշում էին, որ ռուսական իշխանությունները մեր իշխանություններին առաջարկել են զսպել ակնկալիքները: Տարբեր տվյալներով՝ Ռուսաստանը մեզ 170-500 մլն դոլար պարտք կտա: Հնարավոր է՝ ավելի: Պարզ չէ միայն՝ մեր կառավարությունն ինչո՞ւ է ձգտում այդքան պարտք կուտակել: Ըստ «Արմենպրեսի»՝ առայժմ հայտնի է, որ ՀԲ-ի 525 մլն դոլարից 25 մլն կծախսվի գյուղական ճանապարհների նորոգման վրա: 8-ը` սոցներդրումների, 2-ը՝ գյուղական ձեռնարկությունների, 50-ը՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով: Մնացածն առայժմ անհայտ է: Եվ սա ամենաթափանցիկ վարկն է: Ռուսաստանից ակնկալվող փողերի ծախսման ուղղություններն առայժմ հայտնի չեն: Գոնե լայն հասարակությանը: Փոխարենը՝ բոլորը հրաշալի գիտեն, թե ինչ պայմաններով է Ռուսաստանը պետական պարտք տալիս: Ռուսաստանից բարենպաստ` «արտոնյալ» պայմաններով վարկ ստանալն անհնար է: Դրանք տրվում են խիստ կարճ ժամկետով: Ու բարձր տոկոսադրույքով: Այսինքն՝ սովորական բիզնես-վարկ են տրամադրում: Ավելին` մարման պայմանները երբեք չեն թեթեւացվում: Հայաստանն ունի ռուսական վարկեր մարելու պատմական օրինակներ: Բառի բոլոր իմաստներով՝ պատմական: Հիշենք, թեկուզ, «Գույք՝ պարտքի դիմացի» օրինակը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն հերթական վարկավորումը կանի հստակ հաշվարկով: Հաշվարկով, որ մենք չենք կարողանա պարտքը վերադարձնել: Փողով վերադարձնել: Հետեւաբար՝ կվճարենք բնամթերքով: Արդեն փորձագիտական կարծիքներ կան, որ Ռուսաստանը նպատակ ունի իր սեփականությունը դարձնել ՀՀ վերջին պետական արժեքավոր ունեցվածքը` Որոտանի կասկադը: Բայց այս ուղտը մեր դռանը կչոքի մեկ-երկու տարի հետո: Հիմա շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու է մեր կառավարությունը հանրահայտ Պանիկովսկու նման ընկել բոլորի ետեւից` «Տուր ինձ մեկ միլիարդ, տուր ինձ մեկ միլիարդ» խնդրանքով: Ի՞նչ են անելու փողը մոտ 10 տարի անընդմեջ երկնիշ աճից հետո: Հո միամտաբար չե՞նք ենթադրի, որ տնտեսական ճգնաժամի պարագային հարազատ կառավարությունը չի կարողանում ապահովել բյուջեի կատարումը կամ աշխատավարձերի ու թոշակ-նպաստների բարձրացման նախընտրական խոստումները: Առավել եւս, որ թոշակները մի քիչ բարձրացվել են: Իսկ պետական չինովնիկները աշխատավարձի բարձրացման խոստումները պիտի որ լուրջ չընդունեին: Բյուջեի խնդիրներն էլ միշտ կարելի է բացատրել համաշխարհային ճգնաժամով: Մանավանդ, որ հարազատ կառավարությունն այլեւս տաբու չի դնում ճգնաժամի թեմայի վրա: