Պուտինի քննադատներն օրերն են հաշվում

03/07/2005

Պուտինի պաշտոնավարման ավարտին մնացել է 1000 օր։ Անորոշության զգացումը,
թե ի՞նչ է լինելու դրանից հետո, դարձել է Ռուսաստանում ներդրումների
ռիսկայնության գլխավոր գործոնը։
Համաձայն Ռուսաստանի Սահմանադրության, երկրորդ ժամկետը լրանալուց հետո
Պուտինը պետք է թողնի նախագահի պաշտոնը, բայց ոչ քիչ թվով մարդիկ
կասկածում են, որ 52-ամյա Պուտինը՝ Խթը-ի նախկին գործակալը, որ
ընտրողներին հայտնի է իր երկաթյա ձեռքով, հենց այնպես չի լքի նախագահի
պաշտոնը։
Միաժամանակ շատ ներդրողների անհանգստացնում է այն հարցը, թե Կրեմլն ինչպես
է իրականացնելու նախագահական լիազորությունների փոխանցումն այն դեպքում,
երբ Պուտինն ահռելի իշխանության է տիրապետում։
Իշխանության գլուխ մնալու համար Պուտինը կսկսի փոփոխություննե՞ր մտցնել
Սահմանադրության մեջ, թե՞ իր ներկա ազդեցությունն օգտագործելով՝ «գրպանի»
նախագահ կդարձնի մեկին՝ կուլիսներից խաղացնելով թելերը, թե՞ ի հեճուկս իր
բոլոր քննադատների կանխագուշակումների՝ ամբողջովին կհեռանա
քաղաքականությունից, ոչ ոք չի կարող ասել։
«Կառավարական եւ ոչ մի պաշտոնյայից այս հարցերի պատասխանը չեք կարող
ստանալ,- ասել է ֆինանսների նախկին նախարար Միխայիլ Զադորնովը «Ռենեսանս
Կապիտալ» ընկերության Մոսկվայում կազմակերպած Ներդրողների ամենամյա
համաժողովի ընթացքում։ -Անորոշության գործոնը կպահպանվի մինչեւ 2008
թիվը,- գտնում է նա։ -Թե ռուսական, եւ թե օտար ներդրողների համար
անորոշությունից վատ բան չկա»։
Զադորնովը Պետական դումայի պատգամավոր է եւ անդամակցում է ընդդիմությանը։
Վերջերս նա նշանակվել է պետական «Վնեշտորգ» բանկի բաժանմունքի վարիչ։
Ընդդիմության մոտ քառասուն ակտիվիստներ, ովքեր շատ են ուզում, որ Պուտինը
պահի երրորդ անգամ չառաջադրվելու իր խոստումը, նախագահի վերջին հազար օրը
հաշվելու համար հատուկ օրացույց են ստեղծել։ Ընդդիմության
ներկայացուցիչներն այդ օրացույցը փակցրել էին Պուտինի մանկության տան
հարեւանությամբ գտնվող շենքի պատին, սակայն երեսուն րոպե անց ոստիկանները
հանել են այն։
Ռուսաստանի պատմությունը շատ քիչ օրինակներ ունի, երբ առաջնորդը կամավոր է
հրաժարվում իշխանությունից։ Մեծ մասը կամ մահացել են, կամ սպանվել, կամ
պաշտոնանկ են արվել, իսկ Պուտինի նախորդը՝ Բորիս Ելցինը, հեռացավ
առողջական պատճառներով։
Ինչ վերաբերում է Պուտինին, դատելով ըստ ամենայնի, նրա առողջությունը
հրաշալի է, նա չունի լուրջ քաղաքական հակառակորդներ, իսկ
ժողովրդականության վարկանիշն՝ անցած ամիս անցկացված հարցումների համաձայն,
69% է։
Ռուս ընտրողները գնահատում են Պուտինին ելցինյան շրջանի քաոսին վերջ
դնելու եւ նրա պաշտոնավարման օրոք նկատվող տնտեսական աճի համար։
Այսուհանդերձ, որոշ տնտեսագետներ պնդում են, որ տնտեսական աճի ռեսուրսները
գնալով նվազում են։
Պուտինի ընդդիմախոսներն ասում են, որ նա բավականաչափ իշխանություն է
կենտրոնացրել իր ձեռքում, որպեսզի, ցանկության դեպքում, փոփոխություններ
անի Սահմանադրության մեջ եւ նույնիսկ նենգափոխի նախագահական
ընտրությունների արդյունքները։

Տ.Պ.