Հորանջելը համարվում է բնական բնազդ, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Պարզվում է`նախնադարում այն նույնիսկ հաղորդակցության միջոց է հանդիսացել: Ավելի հաճախ հորանջելն ասոցիացվում է հոգնածության ու ձանձրույթի հետ: Իսկ ահա նոր ժամանակներում կարծում են, որ հորանջելը նաեւ ուշադրության կենտրոնացման փորձ է:
Ինչպես յուրաքանչյուր կենսաբանական երեւույթ, այնպես էլ հորանջելն օրգանիզմի համար ունի իր նշանակությունը: Բժիշկները համոզված են, որ հորանջելու պատճառ կարող է դառնալ թթվածնի պակասը մարդու օրգանիզմում: Հորանջելու միջոցով կարծես փորձ է արվում հագեցնել թթվածնային քաղցը: Հաճախակի հորանջելը կարող է դադարել, եթե մի քանի ֆիզիկական վարժություն կատարեք: Բայց երբեմն հորանջելու պատճառը կարող է լինել ուղեղի արյան շրջանառության խանգարումը եւ դրանով պայմանավորված` ուղեղի թթվածնային քաղցը: Ներշնչման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, իսկ թոքերում եղած օդը թարմանում է: Հորանջելու ակտին, բացի շնչառական մկաններից, մասնակցում են նաեւ դեմքի եւ պարանոցի մկանները, որը նպաստում է գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը, որն էլ իր հերթին՝ լավացնում է ուղեղի բջիջների արյան մատակարարումը:
Հորանջելը կարող է նաեւ վարակիչ բնույթ կրել: Դա հիմնականում բացատրվում է մարդկանց էմպատիայի հակումներով, այսինքն, երբ զրուցակիցդ սկսում է հորանջել, ինքդ քեզ դնում ես նրա հոգեվիճակի մեջ կամ փորձում ես մտածել նրա նման:
Բինհեմտոնի համալսարանի գիտնականների մի խումբ, Էնդրյու Գելափի գլխավորությամբ, պարզել են, որ հորանջելու պատճառը, որքան էլ զարմանալի է, ուղեղի «տաքացումն է»: Փորձը կատարվել է թութակների վրա: Այս թռչունների ուղեղը համեմատաբար ավելի մեծ է եւ, բացի այդ, նրանց հատուկ չէ «վարակիչ հորանջը», ինչը հանդիպում է շատ մարդկանց ու կենդանիների մոտ: Թութակներին հետեւում էին երեք տարբեր պայմաններում` ջերմաստիճանի բարձրացման ժամանակ, արդեն բարձր ջերմաստիճանի ու կարգավորված նորմալ ջերմաստիճանի պայմաններում: Երբ կենսաբանները ջերմաստիճանը բարձրացնում էին` հորանջող թռչունների քանակը մոտ 2 անգամ ավելանում էր: Այսինքն` ուղեղն ավելի լավ է աշխատում սառը պայմաններում:
Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ իբրեւ հորանջում են չար աչքի ազդեցությունից, եւ հենց իրենք էլ դրանից ազատվելու ճանապարհներ են մշակել: Օրինակ` տատիկներն ավելի երիտասարդներին խորհուրդ են տալիս տանից դուրս գալուց առաջ հագուստին քորոց կամ մի սուր բան կպցնել, իբրեւ թե` չար աչքը ծակելու համար: Բայց, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը միայն ներշնչանքն է, եւ եթե մարդը հորանջում է, ուրեմն դրա կարիքն ունի: