Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու: Այդ ցանկում հայկական մշակութային հուշարձաններից տեղ են գտել Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը` Ազատ գետի հովտով, Էջմիածնի Մայր տաճարի եկեղեցիների համալիրը` Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ, եւ Զվարթնոցի հնավայրը` տաճարով: Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի` Գնիշիկաձորի «անվանակարգը» մյուսներից տարբերվում է նրանով, որ այստեղ ակտիվ ներգրավված է բնությունը, այսինքն` բնության եւ մարդու ստեղծածը ներդաշնակորեն համադրված են: «Այստեղ կան բնական լանդշաֆտներ, օրինակ` ցորենի արտերը, խաղողի այգիները, ջրատար համակարգը, որոնք նույնպես ենթակա են պահպանության»,- նշել է նա: Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտում հաշվառված է պատմության եւ մշակույթի շուրջ 120 հուշարձան` Նորավանքի վանական համալիրը, Արենի եկեղեցին, Արջերի, Մոզրովի քարանձավները եւ այլն: Համաշխարհային ցուցակի մեջ ընդգրկվելու վերջնական որոշումը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին: Ներկայումս ցուցակում ներառված են 141 երկրի 851 համաշխարհային նշանակության հանրահայտ հուշարձաններ, որոնցից 36-ը գտնվում են Չինաստանում: