Փախել է Վրաստան

30/01/2009

Երեկ Վրաստանի իշխանությունները հաստատել են այն տեղեկատվությունը, որ իրենց մոտ է գտնվում ռուսական բանակի զինծառայող, 21-ամյա Ալեքսանդր Գլուխովը: Ռուսական աղբյուրները նշում են, որ վրացական ուժերը զինվորին գերի են վերցրել Հարավային Օսիայում, որտեղ, ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, ռուսական ուժեր են տեղաբաշխված: Սակայն, «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը եւ ինքը՝ Գլուխովը, հայտնել են, որ ռուս զինծառայողն իր կամքով է անցել վրացական ուժերի կողմը եւ ապաստան է խնդրել՝ փորձելով խուսափել ռուսական բանակում տիրող «անտանելի պայմաններից»: Վրաստանի իշխանությունները ողջունել են Գլուխովին, բնակարան են տրամադրել, Թբիլիսիի «McDonaldգs» ռեստորանում հյուրասիրել ընթրիքով: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտնել է, որ վրացական իշխանությունները նույնիսկ զանգահարել են զինվորի ծնողներին եւ հրավիրել Վրաստան: