Ճգնաժամը` մշակույթում

30/01/2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նկատելի է դառնում նաեւ թանգարանների, թատրոնների ու գրախանութների աշխատանքում։ Օրինակ, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանը հայտարարել է, որ այս տարի չի պատրաստվում գումար ծախսել՝ ցուցադրություններ բերելու համար, այլ՝ օգտագործելու է սեփական պահոցները։ Թանգարանի աշխատակիցները կարծիք են հայտնել, որ ճգնաժամը նաեւ որոշակի դրական արդյունք ունի, քանի որ ստիպում է ուշադրություն դարձնել սեփական հարստությանը։ Իսկ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում գրախանութներ են փակվում, քանի որ վաճառքի ծավալների անկման պատճառով, գրախանութների տերերը չեն կարողանում տարածքների վարձավճարները մուծել։ Իսկ թատրոնները մտահոգվում են, որ մոտ ժամանակներս չեն կարողանալու ներկայացումների տոմսեր վաճառել, եւ հետաձգում են նոր բեմադրությունների պրեմիերաները։ Հայաստանի մշակութային կառույցներում ճգնաժամային կանխատեսումներ չեն արվում։ Ի՞նչ իմաստ ունի խոսել գրքերի վաճառքի մասին, եթե առանց ճգնաժամի էլ մարդիկ գիրք չեն գնում, կամ էլ մտածել թատրոնի տոմսերի մասին, եթե ավանդույթի համաձայն՝ ներկայացումները կիսադատարկ դահլիճներում են ցուցադրվում։ Դե, իսկ թանգարաններ էլ միայն զբոսաշրջիկներն ու աշակերտներն են հաճախում։ Իրականում ճգնաժամից տուժելու են այն մշակութային հիմնարկները, որոնք աշխարհի հետ կապ ունեն։ Այսինքն, այն թատրոնները, որոնք հյուրախաղային պայմանագրեր ունեն, կամ էլ այն հրատարակչությունները, որոնք փորձում են համաշխարհային գրքի շուկա մուտք գործել։ Համենայնդեպս, աշխարհի հետ կամուրջներ ստեղծող մշակութային կառավարիչներն արդեն իսկ խոշոր ֆինանսական կորուստներ ունեն։ Գիրք, գեղարվեստական ապրանքներ ու կտավներ արտահանող մասնավոր ձեռներեցները հասկանում են, որ իրենց բիզնեսին վտանգ է սպառնում։ Եվ հասկանում են նաեւ, որ պետք է միայնակ դիմակայել դժվարություններին։ Իսկ նրանք, ում համար աշխարհը սահմանափակվում է պետպատվերով ու Մշակույթի նախարարության որոշումներով, դեռ չեն մտահոգվում ճգնաժամով, քանի որ գերատեսչության վերջին ուղերձը եղել է՝ «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»։ Հոգեւոր ճգնաժամն այս դեպքում շատ ամուր պատնեշ է՝ տնտեսական ճգնաժամը չնկատելու համար։