«Վիրավորված եմ, որ եվրոպական ինստիտուտների ներքո ՀՀ իշխանությունները օրենքի փոփոխություններ են նախաձեռնում, մինչդեռ մեր խմբակցության որեւէ մեկ առաջարկություն ընդունված չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Քրօր-ի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի ստեղծման աշխատանքային խումբ ձեւավորելու մասին հրամանին: Իսկ Լարիսա Ալավերդյանը վիրավորված է, քանի որ Քրօր-ի 300 հոդվածը` «բռնությամբ իշխանության յուրացում», վերանայելու կամ վերացնելու առաջարկությամբ «Ժառանգությունը» հանդես էր եկել դեռ ԱԺ նախորդ նստաշրջանում, սակայն այն չէր ընդունվել: Ինչեւէ: Ըստ Լ.Ալավերդյանի, երեւույթը, երբ միջազգային կազմակերպությունների ճնշմամբ, այս դեպքում՝ ԵԽ ԽՎ պահանջով, Հայաստանի օրենսդրական դաշտում փոփոխություններ են կատարվում, «քաղաքակրթության հետընթաց» է: Իսկ հարցին` ինչո՞ւ Հայաստանը իրավական պետություն չի դառնում, Լ. Ալավերդյանը պատասխանել է. «Որովհետեւ կա շահերի բախում` հասարակության եւ պետության վերին օղակներում կանգնած մի խումբ մարդկանց միջեւ: Մարդկանց մի խումբ այլեւս պատրաստ են ցանկացած գնով պաշտպանել եւ ապահովել իրենց վերարտադրությունը, մինչեւ անգամ` արյան գնով»: Ընդ որում, անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերից հետո Լ. Ալավերդյանը հասկացել է մի բան. «Ուղղակի քայլեր չեն կատարվում իրավական պետություն կառուցելու համար: Մոդայիկ է դարձել ՀՀ-ում «ժողովրդավարություն» բառն օգտագործելը: Մենք ոչ միայն կես քայլ չենք դնում առաջ, մենք ոտքը բարձրացնում ենք ու հետ դնում: Իշխանությունների մոտ, որպես նպատակ, իրավական պետություն չկա»: Նա վստահ է, որ այսօր գոյություն ունեցող ժողովրդավարական հետընթացը շարունակվելու է, եթե մարտյան իրադարձությունների ընթացքում սպանությունների հեղինակները եւ նրանց հրաման տվողները չբացահայտվեն, չպատժվեն: Ի դեպ, Լ. Ալավերդյանը եւս կասկածամտությամբ է վերաբերվում մարտի 1-2-ի դեպքերի մասնակիցների կողմից նախագահ Ս. Սարգսյանին ուղղված «ներման խնդրագրերին» եւ նրանց ներում շնորհելու վերաբերյալ հրամանագրին: «Ես կասկածներ ունեմ: Արդյո՞ք այդ նույն սադրիչները չեն, որոնք որ այդ ջարդարարությունն են կատարել` ղեկավարվելով ինձ համար անհայտ ուժերի կողմից: Այսօր եւս ղեկավարվելով նույն այդ ուժերի կողմից, հիմա դիմում են` այդ իմիտացիոն գործընթացը, պատկերը ստեղծելու համար»,- հարցրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Նա նաեւ արձանագրել է, որ չնայած ներում շնորհելը, ԵԽ ԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի պահանջն է եղել, բայց դա «բավականին թույլ քայլ է, որ կատարվում է իշխանությունների կողմից»: «Ասում եմ՝ ամենաթույլ քայլն է, որովհետեւ ներում խնդրողն այլեւս ինքն իրեն զրկում է հետագայում այլ ատյաններում բողոքարկելու իր մեղքի գոյություն ունենալ կամ չունենալը»,- բացատրել է նա: Իսկ ի՞նչ է կանխատեսում Լ. Ալավերդյանը ԵԽ ԽՎ-ում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Ոչինչ, քանի որ նրան արդեն չի հետաքրքրում` Եվրոպան ձայնի իրավունքից կզրկի՞ ՀՀ պատվիրակությանը, թե՞ ոչ: «Ինձ միայն հետաքրքրում է` ի՞նչ են անելու մեր իշխանությունները եւ մեր հասարակությունը, որ մեր երկիրը ճիշտ ճանապարհի վրա կանգնի: Ինձ հիմա հուզում է երկրում օրինականության կայացման գործընթացը, որն այսօր գտնվում է վատ վիճակում»,- իր դիրքորոշումն այսպես է ներկայացրել Լ. Ալավերդյանը` ավելացնելով, որ երկրում օրինականություն հաստատելու համար ընդամենը խիզախություն է պահանջվում: «Պետք է վերջապես խիզախություն ունենալ, հստակեցնել, որ Սահմանադրությամբ այդ դեպքերի պատասխանատվությունը կրում է երկրի այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին ուժային կառույցների ղեկավարները»,- հայտարարել է ԱԺ պատգամավորը` ընդգծելով, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը վաղուց պետք է հարցաքննած լիներ Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողները Լ. Ալավերդյանին հարցրել են նաեւ` արդյոք նա ինչ-որ ակնկալիքներ ունի՞ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներին ուղղված նամակից: Ի պատասխան՝ ԱԺ պատգամավորն ասել է. «Իհարկե, Հովիկ Աբրահամյանի իրավունքն է՝ նամակներ գրել, բայց ես, օրինակ, Աստված մի արասցե, եթե լինեի Հովիկ Աբրահամյանի տեղը, Հայաստանի նախագահին նամակ կգրեի: Կգրեի, որ կան քայլեր, որ հնարավոր է անել, որպեսզի մեր կոտրած ձեռքը իր տեղը դնենք, այլ ոչ թե սպասենք, որ մեր երկու ձեռքը ոլորեն հետեւը դնեն, խփեն ծոծորակին ու ասեն` զրկում ենք ձայնից: Դա, ի վերջո, մեր ազգին հարիր չէ»: