«Forbes»-ը ներկայացրել է 2009թ. անշարժ գույքի բնագավառում ներդրումների համար «թեժ տասնյակը». ցանկը գլխավորում է Վաշինգտոնը, որի հետ կապված լավատեսական կանխատեսումը բացատրվում է, հիմնականում, Բարաք Օբամայի իշխանության գալով եւ նրա` տնտեսությունը 1 տրիլիոն դոլարով խթանելու խոստմամբ: Ըստ վերլուծաբանների` մայրաքաղաքը կդառնա բյուջետային պաշարների առաջին ստացողը, ինչն այստեղ կխթանի գործարար ակտիվությունը: Բացի այդ, 2008թ. արդյունքներով Վաշինգտոնում գործազրկության մակարդակը եղել է ամենացածրերից մեկը երկրում՝ 4,1%՝ 7,1% նշագծի միջին ցուցանիշի դեպքում: Անշարժ գույքի բնագավառում ներդրումների գրավչության տեսակետից երկրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը: Այստեղ բնակարանների գները նվազում են ամսական միջին հաշվով 3%-ով, առեւտրային մակերեսներինը՝ 2%-ով: Սակայն դա չպետք է հուսախաբ անի այն ռազմավարական ներդրողներին, ովքեր քննարկում են երկարաժամկետ հեռանկարներ: ԱՄՆ-ի գործարար մայրաքաղաք Նյու Յորքը վարկանիշի 3-րդ հորիզոնականում է: Այն երկար ժամանակ Մանհեթենում չէր զիջում գնային դիրքերը՝ չնայած ամբողջ երկրում շուկայի փլուզմանը, որը 2008թ., ըստ Case-Shiller index-ի տվյալների՝ հասել է 19%-ի: Սակայն, վերջին ամիսներին արժեքի նշագիծը երերացել է նույնիսկ 57-րդ սթրիթի եւ Սոհոյի շրջանի ամենաէլիտար տներում: Ներդրումների համար առավել գրավիչ քաղաքների «թեժ տասնյակ» են մտել նաեւ (նվազման կարգով) Տոկիոն, Շանհայը, Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Փարիզը, Հյուսթոնը եւ Սինգապուրը: Վարկանիշը կազմվել է Անշարժ գույքի օտարերկրացի ներդրողների ասոցիացիայի տվյալների հիման վրա, որն ունի շուրջ 700 մլրդ դոլարի չափով ակտիվներ: Մոսկվան տասնյակի ցանկում նշված չէ: