Իրաքում ԱՄՆ-ը երկու խնդիր ունի։ Առաջինը՝ անհրաժեշտ է օգնել
իրաքցիներին՝ Իրաքն արդյունավետ պետություն դարձնելու, իսկ ապագայում՝
իրական ժողովրդավարության հասնելու հարցում։ Երկրորդը՝ առաջին խնդիրը
լուծելու համար անհրաժեշտ է հաղթահարել դիմադրությունը։
Բուշի վարչակարգը համոզում է, որ իրենք երկու ճակատում էլ հաղթում են՝
ժամանակ առ ժամանակ հայտարարելով, թե իրենք հաղթանակի ճանապարհին
«շրջադարձային փուլ» են անցել։ Վերջերս փոխնախագահը լավատեսորեն
հայտարարել է, թե դիմադրությունը վերջին շնչում է, մինչդեռ Իրաքից եկող
լուրերն այնքան էլ լավը չեն։
Ապստամբների կողմից սպանված ամերիկացիների եւ իրաքցիների թվի աճը կարող է
շարունակվել։ Հարձակումներն ավելի տպավորիչ են դառնում, իսկ
ահաբեկիչ-մահապարտների պակաս կարծես թե չի զգացվում։ Հանրությունը գնալով
ավելի քիչ է հավանություն տալիս Իրաքում Բուշի կառավարման մեթոդներին,
եթե, իհարկե, «կառավարում» բառն այստեղ տեղին է։ Մի խումբ հանրապետականներ
Կոնգրեսում կոչ են արել վարչակարգին՝ մինչեւ տարվա վերջ ներկայացնել
Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ծրագիր։ Ամենայն
հավանականությամբ, այն կարժանանա սենատորների հավանությանը, քանի որ
նրանցից շատերը մասնավոր ձեւով կասկածի տակ են առնում Իրաքում ԱՄՆ-ի
հաղթանակները։
Սենատոր Ժոզեֆ Բայդենն Իրաք կատարած իր հինգերորդ այցելությունից հետո
ներկայացրել է իր գնահատականը։ Բայդենի խոսքերով՝ ամերիկյան բարձրաստիճան
զինվորականներն Իրաքում խոստովանում են, որ անվտանգության իրաքյան ուժերին
մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի դառնան արհեստավարժ եւ արդյունավետ
կերպով դիմագրավեն բռնությանը։ Բայդենը հաստատել է, որ համառ աշխատանքի
ամենածանր փուլն Իրաքում նոր միայն սկսվում է։
Տ.Պ.