Այսօր արդեն վերջ կդրվեն հարցականներին` կզրկվի՞ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Իսկ հետաքրքիր է, այս հարցի պատասխանը մեր երկրի շարքային քաղաքացու ինչի՞ն է պետք: Ինչո՞ւ է նրան հետաքրքիր մի բան, որն իր անձի հետ անմիջականորեն չի առնչվում, որն, ինչպես քաղաքագետ Իգոր Մուրադյանն ասաց, «կեղծ քաղաքականության» ոլորտից է, քաղաքական վերնախավերի փոխհարաբերությունների մակարդակում լուծվող եւ նրանց առնչվող խնդիր, հետեւաբար` թող այդ վերնախավն էլ անհանգստանա:
Սակայն վերջին տարիներին, երբ հայրենի եթերը սկսեց ամեն կարգի մոլախաղերի գովազդը, խաղատները սկսեցին ավելի մեծ աշխարհագրություն զբաղեցնել, «ընտանեկան» զառերն ու լոտոները մտան հատկապես լյումպենի առօրյա, երբ բուքմեյքերական գրասենյակներում սկսվեց եռուզեռը, միտումը՝ խաղադրույք դնել նաեւ հանրապետության քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, սկսեց մեծ տարածում գտնել՝ ընդգրկելով, պատկերացրեք, նաեւ լուրջ մարդու համարում ունեցողներին: Կոնկրետ նախագահական վերջին ընտրություններից առաջ՝ բացի աշխատավայրում կազմակերպված «անմեղ» քվեարկություններից՝ պարզելու, թե այս կամ այն կոլեկտիվում քաղաքական ուժերի դասավորությունն ինչպե՞ս են պատկերացնում, ո՞ւմ հաղթանակի հնարավորությունն են մեծ համարում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Մարդիկ սկսեցին գրազ գալ՝ գումարով: Այսինքն՝ ընտրության արդյունքների, մեր երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի ոլորտ (օրինակ՝ Թուրքիայի նախագահը կընդունի՞ Սերժ Սարգսյանի հրավերը, ի՞նչ հաշիվ կարձանագրվի Հայաստան-Թուրքիա խաղի ընթացքում, կզրկվի՞ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայնի իրավունքից, թե՞ ոչ) մտավ նաեւ անձնական շահագրգռության էլեմենտը: Հասկանալի է, որ շատերը գումար են դրել կամ դնում` զուտ արդյունքին սպասելու պրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելու եւ ոչ թե նյութական շահ հետապնդելու նկատառումով: Սակայն երեւույթի բովանդակությունը դրանից չի փոխվում:
Եվ, ամենայն հավանականությամբ, մարդկային կամ գուցե ազգային հոգեբանության այս առանձնահատկությունն է դրդել պետությանը՝ իր քաղաքացիների հետ եւս մտնել անձնական շահագրգռություն հետապնդելու միջոցով զուգահեռաբար նաեւ պետության գանձարանը լցնելու հարաբերության մեջ:
Սոցիալական այն շերտը, որը ամեն օր երեւում է հեռուստաէկրաններին՝ նշելով, որ այսինչ լոտոյով կամ «զառով» շահել է այսինչ կենցաղային առարկան, հունվարի մեկից հետո հատկապե՛ս է պահանջում գնված յուրաքանչյուր մթերքի համար նախատեսված դրամարկղային կտրոնը: Պետությունը ճիշտ է հաշվարկել՝ ՀՀ քաղաքացիներին բացատրել, որ առեւտուր կատարելիս, համաձայն օրենքի, վաճառողը պարտավոր է նրան տալ հսկիչ-դրամարկղային կտրոնը՝ այդպիսով կատարելով պետության առաջ իր պարտավորությունները, նշանակում էր ոչինչ չասել: Լոտոների եւ մոլախաղերի մեջ հետաքրքրություն փնտրող մեր քաղաքացիներին ազնիվ եւ քաղաքակիրթ առեւտուր կազմակերպելու համար անհրաժեշտ էր շահագրգռել, ցույց տալ ոչ թե այն, ինչ կշահի պետությունը քաղաքակիրթ, ազնիվ առեւտրից, այլ այն, ինչ կարող է մտնել անձամբ յուրաքանչյուր գնորդի գրպանը, եթե նա ջանք թափի լինել օրինապաշտ:
Թվում է, նորմալ փոխհարաբերություններ են, պետությունն ու գնորդը փոխշահավետ գործարքի մեջ են՝ ընդդեմ օրինազանց սեփականատերերի, ովքեր ամեն ջանք գործադրում են՝ թաքցնելու այս պետությունից իրենց իրական եկամուտները: Սակայն, եթե մինչ «Ընտանեկան զառի» որակին հավակնող այս որոշումն ուժի մեջ մտնելը շատերը զուտ մեխանիկորեն, առանց ազնիվ քայլ կատարածի գիտակցության, վերցնում էին իրենց պարզած կտրոնն, այսօր արդեն այդպես չէ: Շատ գնորդներ արդեն, նվաստացած իրենց քաղաքացիական գիտակցությունն այդքան էժան գնահատելու համար, հրաժարվում են իրենց գնումների համար իրենց մեկնած կտրոններից՝ դրանք թողնելով վաճառողներին: Ինչ խոսք, որ շատ-շատերը հետեւողականորեն պահանջում են դրամարկղային կտրոնը՝ վստահ, որ եթե, ինչպես հայտնի երգում է, կյանքում կամ սիրո մեջ իրենց բախտը չի բերում, ապա այս դեպքում գուցեեւ բերի: Այդ մասին պատմող սյուժեներ նրանք ամեն օր տեսնում են հեռուստացույցով` այսինչ գյուղի գյուղացին, ում Աստծուց մոռացած էին կարծում, շամպայնով թրջում է նոր-նոր շահած ավտոմեքենան, իսկ ամուսնու հարեւանությամբ ժպտում է երջանիկ կինը՝ միամտորեն ցուցադրելով բոլոր ոսկե ատամները:
Սակայն պետության մակարդակով մարդկանց նման ձեւով շահագրգռելը՝ նպատակ ունենալով առեւտուրը տեղափոխել քաղաքակիրթ դաշտ, ավելի շուտ նսեմացուցիչ է. նյութական առումով պետությունը գուցե շահում է, սակայն անհամեմատ մեծ են կորուստները այլ, նյութականից բարձր արժեքների առումով: Հատկապես որ, իր քաղաքացիների հետ փոխհարաբերությունների գրեթե բոլոր մակարդակներում պետությունը նախապատվությունը տալիս է ոչ թե մարդկանց գիտակցությանը, այլ բնազդներին:
Այս թեմայով գրելիս՝ չէինք կարող չլսել նաեւ մեր՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կարծիքը: Դիմեցինք Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին: Տեր հայրն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, լավ չէ, երբ այն, ինչ մարդը պետք է անի քաղաքացիական, քրիստոնեական գիտակցությամբ, անում է նյութական շահագրգռության ելակետից: Թեեւ չեմ կարող շատ մեղադրել նաեւ իշխանություններին, ովքեր գնացել են նման որոշման, քանի որ, թերեւս, ավելի լավ ելք, քան մարդկանց նման ձեւով շահագրգռությունն է, չեն գտել: Ցավոք, մեր իրականության մեջ մարդիկ մտածում են՝ ինչպես դիմել հնարավոր զեղծարարությունների՝ պետությունից ինչ-որ բան կորզելու համար. սոցիալական ծրագրերից օգտվելու համար պատրաստ են երեւալ ավելի կարիքավոր, քան կան, կարող են թաքցնել երեխայի իրական տարիքը՝ ինքնաթիռի տոմսն ավելի էժան գնելու համար եւ այլն: Այնպես որ, կարծում եմ, այս քայլին պետությունը գնացել է հարկադրաբար՝ չունենալով ավելի հարմար տարբերակ»:
Հայաստանի շատ քաղաքացիների համար կառավարության նման որոշումն՝ անկախ այլ ելք չունենալու կամ սեփական քաղաքացիների արժանապատվությունը պետության շահից ստորադասելու անհրաժեշտությունից, մեղմ ձեւակերպենք՝ հաճելի չէ: Ավելին, ողջ հասարակությանը դնել ազարտի մեջ եւ ստիպել ամեն ինչ ընկալել սեփական շահագրգռության պրիզմայով, անազնիվ է:
Իհարկե, կարելի է մխիթարվել, որ մոլախաղերի նկատմամբ անտարբեր չէր անգամ Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոեւսկին: Սակայն, ի տարբերություն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Դոստոեւսկին, բացի այն, որ իր այդ մոլության պատճառով աննկարագրելի հոգեկան ապրումներ էր ունենում, ոչ մեկին չէր դրդում կրկնել իր սխալը: Եվ, ի վերջո, նրա այդ մոլության արդյունքում ծնվեցին նրա շատ ստեղծագործություններ, որոնք գրում էր՝ խաղատանն իր պարտքերը փակելու համար: Խաղատներում պարտքերը փակելու համար մեր իշխանավորներին ոգեւորողն ամենեւին էլ Դոստոեւսկու նախադեպը չէ: Նախադեպը շամպայնով նոր շահած մեքենան թրջող եւ բոլորին իրենց սխրանքը կրկնելու խորհուրդ տվող մոլորվածներն են,,,