Արտաքին ճգնաշամից կարող է դուրս գալ առանց կորուստների

28/01/2009

Այս հունվարը, պարզվեց, ակտիվ է լինելու. ամսի 27-ին՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանին ձայնից զրկելու մասին հարցի քննարկումը, ամսի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀՀ եւ ԱՀ Նախագահների հնարավոր հանդիպումը, ամսի 29-ին՝ ԵԽ վերջնական որոշումը Հայաստանի մասին:

Ակնհայտ է, որ ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնից զրկելու հանգամանքն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը փոխկապակցված են: Նմանատիպ իրավիճակ էր 1999-ի վերջերին, երբ հայաստանյան ներքին գործընթացները կապվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Այն ժամանակվա պես, հիմա էլ` արմատական ընդդիմությունը չի համագործակցում իշխանության հետ եւ առկա է հասարակական երկփեղկվածություն: Արդյունքում 1999-ին արձանագրեցինք 1 քայլ նահանջ Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ներկայիս ռեգիոնալ ու գլոբալ քաղաքական գործընթացների ժամանակաշրջանում նահանջներ պետք չեն: Պետք է հստակ կողմնորոշվել` ինչպես դուրս գալ այս ճգնաժամից, առավել եւս հիմա, երբ այդ գործընթացները բաց են:

Կան մի շարք հանգամանքներ, համաձայն որոնց՝ Հայաստանը կարող է չզրկվել ԵԽ ԽՎ ձայնի իրավունքից: Իսկ եթե անգամ ԵԽ-ն ձայնի իրավունքից չզրկի Հայաստանին, որը, ենթադրվում է, որ կբերի ԼՂ հարցում հայկական կողմի զիջումների, ապա այս պարագայում էլ Հայաստանը կարող է բացարձակապես չգնալ այդ զիջումներին: Ստորեւ` նկատառումներս.

1-ին. Հայաստանին կորցնելու Եվրոպայի մտահոգությունը. Ձայնից իրավունքի զրկումը Եվրախորհրդի կողմից կլինի անհաշվենկատ ու չտրամաբանված քայլ: Կովկասում Եվրոպայի համար այլ արդյունավետ գործընկերներ չկան: Վրաստանում Եվրոպան պասիվ ներկայություն ունի, իսկ հնարավոր մերձեցումը նրա հետ կրկին հարցականի տակ է դրվում` հաշվի առնելով Վրաստանի օգոստոսյան հեղինակազրկումը: Ադրբեջանի, թերեւս, ավտորիտար կառավարման ձեւն ու վերջերս արտասահմանյան լրատվամիջոցների փակումը խիստ հարցականի տակ են դնում նաեւ նրա հետ Եվրոպական համագործակցությունը: Ձայնից զրկելով՝ Եվրոպայի դիրքերն էապես կթուլանան Հայաստանում, ուստի եւ՝ ռեգիոնում: Իսկ հաշվի առնելով Թուրքիայի օրենսդրական ու այլ համակարգերի ժողովրդավարական տեսանկյունից անկատարությունը, դրանով հանդերձ՝ Թուրքիայի ԵՄ թեկնածության փաստը, տարածաշրջանում կզարգանա հանրային դժգոհությունը Եվրոպական ինստիտուտների նկատմամբ. նրանց քաղաքականությունը կբնութագրվի` որպես «երկակի ստանդարտների քաղաքականություն»: Արդյունքում Եվրոպան էապես կկրճատի իր հեղինակությունը տարածաշրջանում:

2-րդ. Եվրոպա-Ռուսաստան մրցակցությունը.
Եթե ԵԽ-ն զրկի Հայաստանին ձայնի իրավունքից, Ռուսաստանը կբարձրացնի հեղինակությունը ռեգիոնում, ԼՂ հակամարտության կարգավորման բնագավառում ու, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. Դիցո՛ւք ԵԽ ԽՎ փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեւի հայտարարությունը ԵԽ ԽՎ նիստում Հայաստանին պաշտպանելու մասին: Ուստի Եվրախորհուրդը դժվար թե կատարի այս քայլը, առավել եւս, երբ Ռուսաստանն արդեն բարձրացրել է իր իմիջը նոյեմբերին Մոսկվայում: Հայաստանն այս առումով կարող է օգտագործել Ռուսաստան-Եվրոպա մրցակցությունը եւ չգնալ որեւէ զիջման Ղարաբաղյան հարցում:

3-րդ. ԱՄՆ հնարավոր աջակցությունը Հայաստանին. Չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ ԵԱՀԿ Մինսկի Համանախագահության մեջ ԱՄՆ-ը ունի իր հստակ դիրքը: Որպեսզի կոմպենսացնի Վրաստանի օգոստոսյան հեղինակազրկման եւ Մոսկովյան հանդիպման արդյունքում ռուսական իմիջի բարձրացումը, ԱՄՆ-ը, թերեւս, պատրաստ կլինի հայանպաստ դիրքորոշում բռնել: Ավելին, երբ Ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, ենթադրվում է, որ պետք է ելնի՝ 1) արժեքայինի գերակայության ու տնտեսականի երկրորդայնության սկզբունքից, 2) ռեգիոնալ բալանսի պահպանման դասական սկզբունքից: Ադրբեջանի կողմից լրատվամիջոցների փակումն այս առումով ավելի է ամրացնում ամերիկյան հայանպաստ քաղաքականության մասին թեզս: Նաեւ հաշվի առնելով Միացյալ Նահանգների նոր նախագահի խոստումը Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման մասին, հայ մեծ համայնքի սպասումները նրանից ու խոստման իրագործման դժվարությունը, ԱՄՆ-ը, թերեւս, դեկլարատիվ հայանպաստ դիրք կբռնի Հայկական կողմի նկատմամբ մի որոշ ժամանակ:

Նշված գործոնների առկայությունն ու դրանց օգտագործումը Հայաստանի կողմից թեեւ տակտիկական բնույթ ունեն, բայց կապահովեն նրան՝ ինչպես ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքի զրկման վտանգից, այնպես էլ ԼՂ հարցում հնարավոր կորուստների սպառնալիքից:

Վահան ԴԻԼԱՆՅԱՆ
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ