«Հայտարարում են հանցագործության մասին»,- ասում է Անահիտ Բախշյանը

28/01/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ` 2007թ. օգոստոսի 10-ին Մյասնիկյան պող. 43 տան բնակիչ Համբարձում Գալստյանի բնակարանը` հարակից հողատարածքով հանդերձ, համարվել է պետական սեփականություն, այնուհետեւ` վաճառվել մեկ այլ քաղաքացու` Զվարդ Խաչատրյանին («168 Ժամն» անդրադարձել է այս թեմային):

Իսկ թե ինչ խարդախությունների են դիմել Երեւանի քաղաքապետարանի, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանների պաշտոնյաները` կներկայացնենք ստորեւ: Ոմն Զվարդ Խաչատրյան 1953-ից Մյասնիկյան 43 հասցեում բնակվող Հ. Ղազարյանի դուռը թակելով` տեղեկացրել է, որ այլեւս ինքն է տարածքի սեփականատերը, հետեւաբար` վերջինս պարտավոր է տարածքն ազատել: Ըստ Զ. Խաչատրյանի փաստաթղթերի` մասնավորապես սեփականության իրավունքի վկայականի, տիկինն այդ տարածքի հանդեպ պահանջատեր լինելու իրավական հիմքեր, այնուամենայնիվ, ունի: Մինչդեռ, թե ի՞նչ կեղծիքների է դիմել Երեւանի քաղաքապետարանն այդ տարածքը վաճառելու միջոցով փող աշխատելու համար, կարծում ենք, քննչական մարմինների ուշադրությունից չպետք է վրիպի: Հ. Ղազարյանն ապօրինի կերպով վաճառված իր բնակարանի հանդեպ իրավունքները վերականգնելու հարցում դիմել էր ՀՀ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի միջամտությանը, ուստի` Ա. Բախշյանը 2008թ. դեկտեմբերից սկսած Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին է դիմում նամակներով` խնդրելով պարզաբանումներ տալ այս գործընթացի վերաբերյալ: Մինչդեռ, քաղաքապետը մինչ օրս այդ նամակներին չի պատասխանել: Ի դեպ, Ա. Բախշյանը ձեռք է բերել եւ մեզ է տրամադրել շատ կարեւոր մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված է ինչպես վաճառված տարածքի չափագրված տարբերակը, այնպես էլ կադաստրային արժեքը, որով գնվել է հողատարածքը՝ բնակարանով հանդերձ: Նշենք, որ ըստ օրենքի, քաղաքապետարանը չէր կարող Մյասնիկյան 43 հասցեն ճանաչել պետական սեփականություն, քանի որ այդ տարածքում 1953-ից քաղաքացիներ են բնակվում. բացի այդ, 2007-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց Մյասնիկյան պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածների ինքնակամ զբաղեցրած շինությունները եւ հողատարածքները սեփականաշնորհման իրավունքով քաղաքացիներին հանձնելու վերաբերյալ: Փաստորեն, քաղաքապետարանը` Ե. Զախարյանի գլխավորությամբ, նախ՝ շրջանցել է ՀՀ վարչապետի որոշումը, այնուհետեւ զավթելով քաղաքացու բնակարանը` համարել է պետական սեփականություն եւ վաճառել մեկ այլ քաղաքացու: Իսկ ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետն այս գործընթացի իրավական կողմն ապահովել: Պարզվում է` այսպես… Նախ՝ Երեւանի քաղաքապետը նոր հասցե է «մոգոնել» եւ Մյասնիկյան 43 կոչվող հասցեն վերանվանել մի նոր, հորինված հասցեով, այն է` Գոգոլի 72/4: Այնուհետեւ, քաղաքապետի 2007թ. հունիսի 21-ի որոշման համաձայն` հորինված այդ հասցեի մակերեսը ճանաչվել է պետական սեփականություն, այն դեպքում, երբ իրական` Մյասնիկյան 43 հասցեն պատկանում է Հ. Ղազարյանին: Ամենահետաքրքիրն այն է, որ Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող Մյասնիկյան 43 հասցեն Գոգոլի 72/4 վերանվանվելուց հետո տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական տարածք: Այնպես որ, այս գործում առկա է նաեւ այս երկու համայնքների, ինչպես նաեւ՝ կադաստրային համապատասխան վարչությունների հանցավոր համագործակցությունը: Ինչեւէ, 363.4քմ ընդհանուր մակերեսով կառույցը քաղաքապետարանը Զ. Խաչատրյանին առաջարկել է գնել 3մլն 69760 դրամով, իսկ կառույցի համար առանձնացված 2173.38քմ մակերեսով հողամասը` 15մլն 126725 դրամ կադաստրային արժեքով: Տարածքը գնելու այս առաջարկության գրավոր փաստաթղթի տակ առկա է քաղաքապետարանի Աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վ. Նիկոյանի ստորագրությունը: Առհասարակ, բոլոր փաստաթղթերի մեջ Մյասնիկյան 43 հասցեն ֆիքսված է իբրեւ Գոգոլի 72/4, եւ այս խարդախությունն արվել է այն բանի համար, որպեսզի տարածքը վաճառելու վերաբերյալ փաստաթղթերն ամրագրվեն մի հասցեի տակ, որտեղ քաղաքացու սեփականության իրավունքի վկայական գոյություն չունի: Ասվածն ապացուցելու համար ներկայացնում ենք այն տեղեկատվությունը, որը ձեռք ենք բերել երկու օր առաջ: Քանի որ անօրինական այս գործարքի մասին գիտեն ինչպես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության, այնպես էլ ՀՀ կառավարության համապատասխան մարմինները, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի կատարվել փաստաթղթերն ուսումնասիրելու ուղղությամբ` մենք` ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ միասին, որոշեցինք ինքնուրույն հետաքննություն կատարել, ինչի արդյունքները ցանկության դեպքում պատրաստ ենք տրամադրել ՀՀ Դատախազությանը: Այսպիսով, Ա. Բախշյանի հետ միասին այցելեցինք Քանաքեռ-Զեյթուն համայնք եւ փորձեցինք «հայտնաբերել» փաստաթղթերում առկա, «հորինված» Գոգոլի 72/4 հասցեն: Շրջայցի արդյունքում պարզեցինք, որ նման հասցե գոյություն չունի: Բացի այն, որ տարածքում ընդհանրապես բացակայում է Գոգոլի 72/4 ցուցանակը, ավելին` տեղի բնակիչները վկայեցին, որ նման հասցե գոյություն չունի: Շրջելով բոլոր փողոցներում եւ նրբանցքներում` պարզեցինք հետեւյալը. տարածքում կա Գոգոլի փողոց, Գոգոլի «տուպիկ» եւ Մյասնիկյան փողոցները, սակայն Գոգոլի 72/4 հասցե, այնուամենայնիվ, գոյություն չունի: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին` «Մեզ մոտ կոտորակով հասցե չկա, եւ ձեր ասած հասցեն առաջին անգամ ենք լսում: Էդ տարածքը կոչվում ա Մյասնիկյան, հավանաբար սխալ հասցե են ձեզ տվել»: Ինչեւէ, տիկին Բախշյանի հետ միասին տարբեր փողոցներում թակեցինք շատ մարդկանց դռներ, ովքեր, սակայն, այդպես էլ չկարողացան ցույց տալ նշյալ հասցեն: Շարժվեցինք դեպի Հ. Ղազարյանի բնակարանի մերձակայք: Նրան պատկանող հողատարածքը տեսնելով` մեզ համար պարզ դարձավ, թե ինչու է քաղաքապետարանը այդ քայլերին դիմել. այն բավական «յուղոտ պատառ է»: Չնայած Հ. Ղազարյանին պատկանող բնակարանը փոքրիկ մի տնակ է, որն առաջին հայացքից կարող է գայթակղիչ չթվալ, այդուհանդերձ, տնամերձ հողամասը նոր սեփականատիրոջը կառուցապատման լայն հնարավորություններ է տալիս: Այս տարածքի առավելությունը հսկայական շինության հիմքեր գցելու հնարավորություն է տալիս, ավելին` այն գտնվում է դեպի Կենդանաբանական այգի տանող ճանապարհի ձախակողմյան հատվածի բլուրի վրա` բնության հրաշալի տեսարանով: Մի հետաքրքիր փաստ եւս. Հ. Ղազարյանը սկսած 1953-ից` բնակարանի կոմունալ վարձավճարները մուծել է Մյասնիկյան 43 հասցեի անվան տակ: Հ. Ղազարյանի հավաստմամբ` արդեն մեկ տարի է` իրեն ուղղված նամակները, ինչպես նաեւ՝ դատարանի ծանուցագրերը հասցեատիրոջը չեն հասնում, այն պարզ պատճառով, որ Գոգոլի 72/4 հասցե գոյություն չունի: Ասվածի հավաստիությունը ճշտելու համար տիկին Բախշյանը շաբաթներ առաջ Հ. Ղազարյանին վերոնշյալ հասցեով նամակ է ուղարկել, որը, սակայն, անհետացել է. նամակը ոչ հանձնվել է Հ. Ղազարյանին, ոչ էլ փոստատարի մոտ է:

Ա. Բախշյանի առաջարկով մենք այցելեցինք նաեւ Փոստի բաժանմունք, որի աշխատակիցները նույնպես Գոգոլի 72/4 հասցեի աշխարհագրական դիրքի մասին պատկերացում չունեին, սակայն փաստեցին, որ այդ նոր հասցեն փաստացի իրենց մոտ հայտնվել է մեկ տարի առաջ, իսկ մինչ այդ կոչվել է Մյասնիկյան 43: Փոստատարը մեզ տեղեկացրեց, որ նոր հայտնված հասցեի մասին ինքը վերջերս է իմացել, սակայն` «Երկար ժամանակ չէի գտնում էդ տունը, վայրը: Շատ եմ ման եկել, բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե էդ հասցեն որտե՞ղ ա: Վերջում` տարածքի բնակիչներից, էդ մարդու անուն-ազգանունը տալով՝ մի կերպ հայտնաբերել եմ, որ նոր էդ տեսակ հասցե կա: Առաջ դա կոչվել ա Մյասնիկյան, բայց անցյալ տարի ա փոխվել ու նոր անուն ստացել»: Իսկ մեր հարցին, թե փոստում համակարգիչների մեջ ամրագրվա՞ծ է այդ հասցեն` աշխատակիցները պատասխանեցին` ոչ: Ա. Բախշյանի հետ այցելեցինք նաեւ ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն համայնքների տարածքային ստորաբաժանում: Ոստիկանները նույնպես պատկերացում չունեին մեր նշած հասցեի մասին: Նրանք մանրամասն նկարագրեցին Գոգոլ փողոցը, Գոգոլի «տուպիկը» եւ Մյասնիկյան փողոցը, իսկ Գոգոլի 72/4 հասցեից, այնուամենայնիվ, տեղյակ չէին: «Իսկ եթե ահազանգ հնչի այդ հասցեից, ինչպե՞ս եք գտնելու, եթե համայնքի քարտեզում ամրագրված չէ». մեր այս հարցին պատասխանեցին` «Դե՛, թաղայինը կիմանա, էլի»:

Ինչեւէ, ամբողջ մի օր տեւած մեր այս «ճանապարհորդության» ընթացքում պարզ դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը Մյասնիկյան 43 հասցեի բնակիչներից ազատվելու համար ճարպկորեն հորինել է մի նոր հասցե, որպեսզի փաստաթղթերում տարածքը պետության սեփականություն համարելու հիմքեր ունենա, այնուհետեւ` վաճառելով հսկայական բնակմակերեսը` սեփականության իրավունքով հանձնի Զ. Խաչատրյանին: «Ինչպե՞ս է հնարավոր, որ տասնամյակներ առաջ մարդը ծնվի, տուն կառուցի, իր տան մեջ ապրի, եւ օրերից մի օր հայտնվի մեկը ու ասի` ես եմ էս տան տերը:

Զ. Խաչատրյանի թիկունքում մարդիկ են կանգնած, որոնց անունները դեռեւս հրապարակման ենթակա չեն, բայց կարող եմ վստահ ասել, որ, եթե նրա թիկունքում քաղաքապետարանի պաշտոնյաներն են կանգնած, ապա Հ. Ղազարյանի թիկունքին էլ ես եմ կանգնած: Պայքարելու ենք մինչեւ վերջ եւ բացահայտելու ենք այս անօրինական, քրեական գործը: Այս հետաքննությունը թող ՀՀ գլխավոր դատախազն ընդունի իբրեւ հանցագործության մասին հայտարարություն: Թող ընդունեն որպես ահազանգ եւ, եթե քաղաքապետի անօրինական գործողությունները բացահայտելու ցանկություն ունեն, ապա միայն մեր հայտնաբերած փաստերը բավական են գործ հարուցելու համար»,- ասաց

Ա. Բախշյանը, ով առաջիկա օրերին մեզ կտրամադրի նաեւ կադաստրային մարմիններից ստացված փաստաթղթերը: