Երկու շաբաթ առաջ Նկարիչների միության նկարադարանից գողացված 7 նկարները դեռեւս չեն հայտնաբերվել: Նաեւ հայտնի չէ, թե ո՞վ է գողության կազմակերպիչը։ Ոստիկանությունն այժմ հարցաքննում է Նկարիչների միության պահակին ու նկարադարանի պատասխանատուին։ Այդ մասին մեզ հայտնեց միության նախագահ Կարեն Աղամյանը, ով նաեւ նշեց, թե գողության դրդապատճառներն իր համար անհասկանալի են։ «Գողացված են այնպիսի նկարիչների աշխատանքները, որոնց անունները ոչ մեկին ծանոթ չեն ու ոչինչ չեն ասի ձեզ։ Մեզ էլ է հետաքրքիր՝ թե ինչո՞ւ են հենց այդ նկարները գողացվել, եթե նրանց կողքին ավելի արժեքավոր աշխատանքներ կային։ Ինձ թվում է, որ գողերը չեն էլ հասկացել՝ ի՞նչ էին ուզում գողանալ»,- ասաց նա։ Իսկ միության անդամ-նկարիչներին ամենաշատը հետաքրքրում է, թե արդյոք իրենց նկարների՞ց են առեւանգվել։ Եվ երբ իմանում են, որ հետախուզվող նկարների հեղինակների ցանկում իրենց անունը չկա, ազատ շունչ են քաշում ու ասում՝ փառք Աստծո։ Կ.Աղամյանը նաեւ վստահեցնում է, որ, այդ 7 նկարներից բացի, միության շենքից ոչինչ (ոչ մի փաստաթուղթ) չի կորել։