Կարինե Ասիրյանն ազատ լողում է մյուզիքլի ալիքների մեջ

28/01/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երաժշտական ներկայացման՝ մյուզիքլի ժանրը հզոր ալիքի նման ծածկել է Մոսկվան։ Արդեն մի քանի տարի է, ինչ իրար ետեւից թանկ բյուջեներով, հարուստ դեկորացիաներով ու «աստղային» կազմ ունեցող մյուզիքլներ են բեմադրվում այնտեղ։

Նրանցից առաջինները՝ «Մետրոն», «Նոտր Դամը», «Ռոմեո եւ Ջուլիետը» ռուսական պրոդյուսերները ձեռք էին բերում արդեն պատրաստի ֆորմայով, այսինքն՝ ֆրանսիացիների ու լեհերի ստեղծած ներկայացման կաղապարն ուղղակիորեն Մոսկվա էին բերում՝ իրավունք չունենալով փոփոխել միզանսցեններն ու երաժշտությունը։ Փոխվում էր միայն լեզուն։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ առաջին օրիգինալ ռուսական մյուզիքլի՝ «Մոնտե Քրիստոյի» պրեմիերան։ Ալեքսանդր Դյումայի համանուն վեպը, որը դարձել է սիրո, վրեժխնդրության ու արկածախնդրության հոմանիշը, մյուզիքլի վերածելով՝ ռուսները մեծ գումար են ներդրել` մոտ 8 մլն դոլար: Ներկայացման մեջ ընդգրկված են 50 դերասաններ: Դերասանների եւ բալետային մասնակիցների կոստյումները ստեղծել են հայտնի մոդելավորողները: Դյումայի դարաշրջանի ոգուն են միացել ժամանակակից շքեղությունն ու գլամուրը։ Բեմի վրա հսկայական պրոյեկցիոն էկրան է տեղադրվել, կառուցվել են բազմահարկ ու շարժուն դեկորացիաներ, իսկ զգեստների համար տոննաներով թավիշ, արծաթ ու «Սվարովսկու» քարեր են օգտագործվել. յուրաքանչյուր սոլիստի հագուստի վրա` 1440 քար:

«Մոնտե Քրիստոն» դարձավ մեծ իրադարձություն, քանի որ ներկայացումը ոչ թե հաջողված նախագծերի պատճեն էր, այլ՝ ամբողջովին նորաստեղծ շոու-ներկայացում, իսկ բեմադրության մեջ զբաղված ողջ ուժերը Ռուսաստանից էին։ Միակ բացառությունը հայ երգչուհի Կարինե Ասիրյանն է, ով երգում ու խաղում է ներկայացման առաջին կազմում՝ խստագույն ու երկարատեւ քաստինգ անցնելուց հետո։ Մի քանի փուլից բաղկացած քաստինգին, որը 4 ամիս է տեւել, հազարավոր երիտասարդ երգիչներ են մասնակցել, սակայն ընտրվել է մեր հայրենակից Կարինե Ասիրյանը, քանի որ հնչեղ ձայնից ու վառ արտաքինից բացի՝ նա սարսափելի համառ ու աշխատասեր մարդ է։ «Հավատացնում եմ, որ ինձ համար փառքն ու փողը կարեւոր չեն, ես աշխատել էի ուզում։ Մի քանի տարի առաջ, երբ տեղափոխվեցի Մոսկվա, լավ հասկանում էի, որ պետք է աշխատեմ։ Բայց երբեք չեմ ենթադրել, որ կարող եմ որեւէ խանութում վաճառողուհի աշխատել, ես ուզում էի երգել։ Ու քայլ առ քայլ կարողացել եմ իմ երազանքն իրականացնել»,- ասում է նա։

«Մոնտե Քրիստոյում» նա կատարում է երկրորդ կանացի դերը՝ ստեղծելով գերության մեջ հայտնված ու վրեժ լուծելու պատրաստ ստրկուհի Գայդեի կերպարը։ Նրա Գայդեն ներկայացման ամենավառ կերպարներից է։ «Ես հաճախ չեմ հայտնվում բեմում, բայց իմ ելքը շատ գունեղ է։ Ես միակ պերսոնաժն եմ, ով վառ գրիմ ու զգեստներ ունի։ Իմ Գայդեն շատ համարձակ ու գեղեցիկ է։ Վեպում Գայդեն փխրուն ու ռոմանտիկ է, իսկ ես նրան պատկերացնում էի որպես հանդուգն ու անվախ աղջիկ։ Նա չի վախենում թշնամու երեսին նայել, քանի որ ինքնաբավ պերսոնաժ է, որը ամուր կանգնած է հողի վրա»,- ասում է նա։ Հատուկ Կարինեի պլաստիկային համապատասխան բեմադրվել են պարերն ու հատուկ նրա համար են կարվել թանկարժեք զգեստները։

Ընդ որում՝ Կարինեն իր հետքն ու ձայնն է թողել ռուսական բոլոր մյուզիքլներում։ Չի եղել նման որեւէ նախագիծ, որի մրցակցային ցանցի միջով նա անցած չլինի։ Նրա ուժեղ՝ ավելի ճիշտ` ռոք երաժշտությանը հարմար ձայնն ու տաքարյուն տեմպերամենտը միշտ գրավել են պրոդյուսերների ուշադրությունը։ Նա իր առաջին դերը ստացել է «Մետրո» մյուզիքլում, ապա դաժան մրցակցության պայմաններում՝ «Նոտր Դամի» հերոսուհի Էսմերալդա է ընտրվել։ «Շատ բարդ էր այդ դերը ստանալ, բայց ես կարողացա ցույց տալ, որ ես եմ իսկական Էսմերալդան, քանի որ արտաքնապես շատ էի նման այն կերպարին, որն ուզում էին գտնել ֆրանսիացիները։ Ռուսներն ուզում էին, որ այդ դերը ռուս երգչուհի կատարեր, բայց քանի որ ինձ ընտրել էին մյուզիքլի ֆրանսիացի հեղինակները, նրանք ստիպված եղան համաձայնել իմ դերակատարման հետ։ Ու թեեւ ես ամիսներ շարունակ փորձեր էի անում, սակայն չկարողացա երգել ներկայացման մեջ, որդի ունեցա ու ստիպված եղա հրաժարվել այդ դերից»,- ասում է Կարինեն, ով հիմա այդ դերով հանդես է գալու «Նոտր Դամի» հյուրախաղային տարբերակում։ Մյուզիքլները շատ հաշվարկված ու թանկ բեմական ժանր են ու գոյատեւում են այնքան, որքան հանդիսատես են ունենում։ Եվ երբ հայտնի է դառնում, որ ողջ Մոսկվան արդեն հասցրել է այն դիտել, մյուզիքլը սկսում է ճամփորդել հսկայական Ռուսաստանով մեկ։ Այդպես եղավ նաեւ «Ռոմեո ու Ջուլիետի» հետ, որտեղ Կարինե Ասիրյանը կատարում էր Ռոմեոյի մայրիկի դերը։ «Այդ մյուզիքլով ես կտրել-անցել եմ ողջ Կովկասը, Սիբիրն ու Հեռավոր Արեւելքը, եղել եմ Մուրմանսկում, Վլադիվոստոկում ու Կամչատկայում։ Մեկ ամսվա ընթացքում 27 քաղաքներում ենք երգել։ Դա շատ մեծ դպրոց էր ինձ համար։ Մյուզիքլներն ընդհանրապես շատ խիստ դպրոց են, քանի որ պահանջում են, որպեսզի բեմ դուրս եկող մարդը միաժամանակ երգչուհի, պարուհի ու դերասանուհի լինի։ Ամբողջական կերպար ստեղծելու համար պետք է շատ աշխատել։ «Մոնտե Քրիստոյում», օրինակ, ես անձնական խորեոգրաֆ ու ռուսերեն լեզվի ուսուցիչ եմ ունեցել, քանի որ թեթեւակի հայկական առոգանությամբ էի խոսում, եւ դա պետք է ուղղվեր։ Պրոդյուսերները չեն ընդունում «ոչ» բառը։ Եթե պետք է ներկայացման մեջ օդում կախվել, ուրեմն՝ պետք է կախվել։ Օրինակ, երբ ես խնդրեցի փոխել այն հատվածներից մեկը, որտեղ որպես տիկին Մոնտեկկի պետք է երգեի օդում՝ կամրջից կախված, ինձ ասացին՝ եթե չես ուզում կամուրջ բարձրանալ, ուրեմն մի երգիր»,- ասում է Կարինեն։

Երեւանի էստրադային-ջազային քոլեջի շրջանավարտ լինելով, նա այժմ Մոսկվայի Օպերետի թատրոնի թատերախմբի անդամ է։ Եվ զարմանալի համառությամբ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացի դառնալուց, թեեւ «Մոնտե Քրիստոյի» պրոդյուսերներն առաջարկում են դա անել, որպեսզի Կարինեն ավելի մեծ հոնորարներ ստանա. «Նրանք տանջվում են ինձ հետ, քանի որ դա պետական նախագիծ է, ու ես ստիպված եմ 3 ամիսը մեկ գրանցման վկայական բերել թատրոն։ Չգիտեմ՝ ինչո՞ւ, բայց ինձ համար կարեւոր է Հայաստանի քաղաքացի մնալ։ Այդպես ես ինձ ավելի վստահ եմ զգում»։

Հայաստանում Կարինե Ասիրյանը մի քանի երգ է ձայնագրել, մասնակցել է «Եվրատեսիլի» երգի նախնական մրցույթին ու ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում, սակայն նա դեռ չբացահայտված երգչուհի է, քանի որ հայկական էստրադային ֆորման ոչ թե բացահայտում, այլ, ընդհակառակը, կաղապարում է երգիչներին։ Միգուցե դա կանխազգալով էլ՝ Կարինեն չի շտապում հայկական փոփ-երաժշտության օրենքներով՝ ձայներիզ թողարկել ու «քաղցր» տեսահոլովակ նկարահանել։ Վերջերս նա ռուսերեն լեզվով ձայնագրել է «Պատեր» ռոք-կոմպոզիցիան ու ցանկանում է նոր որակով ներկայանալ Հայաստանում։

Կարինեն մտածում է նաեւ նոր մյուզիքլի մասին, քանի որ արդեն իսկ «ալիքը որսած» ու իր կարողություններում վստահ երգչուհի է։ Շուտով Մոսկվայում սկսվելու է «Թագավոր Արեւ» ֆրանսիական մյուզիքլի քասՑինգը, եւ նա պատրաստվում է պայքարել ըմբոստ ու ազատատենչ գեղջկուհու դերի համար։ Կրքոտ ու վառ պերսոնաժներն արդեն դարձել են նրա յուրահատուկ այցեքարտը։ Եվ շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներում մենք կկարողանանք նրա ստեղծած հերոսուհիներին տեսնել երեւանյան բեմում, քանի որ բանակցություններ են ընթանում «Նոտր Դամ» կամ «Ռոմեո եւ Ջուլիետ» մյուզիքլները Երեւան հրավիրել։ Ինչպես հայտնի է, բարձր կամ ցածր բեմական ժանրեր չեն լինում, լինում եմ լավ կամ վատ ներկայացումներ։ Իսկ երբ ներկայացումը լավն է լինում, մասնակից-դերասանը «աճելու» տեղ է ունենում։ Եվ Կարինե Ասիրյանն էլ կամաց-կամաց «աճում» է։