«Լինում ա, որ էս աղբը մի շաբաթ ըտենց կուտակվում, մնում ա: Հեսա որ
ընտրություններ ըլնեն, չէ՞, ամեն օր կգան, կհավաքեն, փողոցի էս փոս տեղերը
կլցնեն, ու ըտենց միշտ ա»,- պնդում է Չարբախի բնակիչ Կարեն Հովհաննիսյանը:
«Էս ամառով էդ գարշահոտը լցվում ա բաց պատուհաններից ներս ու տարածվում ա
տան մեջ»,- դժգոհում է մյուս բնակիչը՝ Արթուր Ասատրյանը:
«Քաղաքի ծայրամասերում շենքեր կան, որոնց շրջակայքում աղբահանությունն
իրականացվում է քիչ պարբերականությամբ՝ 7-10 օրը մեկ»,- դա է փաստում նաեւ
Երեւանի քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ
տնտեսության վարչության գլխավոր մասնագետ Լեւոն Մնացականյանը:
Վերջինս Շենգավիթը համարում է «Երեւանի ամենաաղբոտ համայնքը»:
Թաղապետարանում դա բորբոքված ընդունեցին. «Թող քաղաքապետարանի աշխատողը
ման գա եւ տեսնի՝ իրականում ինչ է կատարվում քաղաքում»,- ասում է
թաղապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Ամատունի Գրիգորյանը:
Վերջինս համատիրությունների կողմից աղբի դիմաց գումարների «գրեթե
չգանձելու» պայմաններում բավարար է համարում համայնքի սանմաքրման եւ
աղբահանման աշխատանքների կատարումը: Իսկ այստեղ աղբահանումն իրականացնում
են 4-5 կազմակերպություն՝ իրենց հնամաշ մեքենաներով, եւ, թաղապետի տեղակալ
Համլետ Հակոբյանի խոսքերով՝ «թերացումներ միշտ էլ լինում են»: 2 տարի
«երկար մտածելուց» հետո, նրանք որոշել են հաջորդ տարվանից համայնքի
բյուջեի 30-40%-ը տրամադրել նոր աղբահան մեքենաներ ձեռք բերելու համար:
«Փառք Աստծո, շնորհքով տղերք ենք, կարանք դրսից էլ լավ տեխնիկա բերել:
Ավելի լավը բերենք, քան Կենտրոնինն է (նկատի ունի «Կենտրոն»
համայնքը.-Հ.Հ.): Եթե մյուս տարի չարեցինք, հաջորդ տարի հաստատ կանենք»,-
վստահ է Համլետ Հակոբյանը:
Հարցին՝ քաղաքապետարանն արդյո՞ք վերահսկում է քաղաքում իրականացվող
աղբահանման գործընթացը, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց.
«Քաղաքում մոտ 5000 բազմաբնակարան շենք կա, 52.000-ից էլ ավելի մասնավոր
տնատիրություն, այդքանը վերահսկել մի քանի հոգով, անհնար է»:
Նույն Չարբախի մետրոյի հարեւանությամբ եւ բնակելի շենքերի տարածքում
գոյացած շինարարական աղբի հսկա բուրգը, տեղի բնակիչների վկայությամբ,
այդտեղ է արդեն 5 տարի: Շինաղբի հավաքման գործընթացը թաղապետարանի եւ
համատիրությունների կողմից անտեսվել է՝ գործը բարդելով մեկը մյուսի վրա:
Սակայն այս իմաստով կարծես որոշակի տեղաշարժ է նկատվում: «Մենք
համատիրություններին զգուշացրել ենք, որ նման խնդիրների դեպքում
պայմանագիր կնքեն քաղաքապետարանի այդ հարցերով զբաղվող նորաստեղծ
վարչության հետ: Սակայն շատ դեպքերում ստիպված մենք ենք գնում-հավաքում,
չնայած որ այդ գործը մեր կոմպետենցիայի մեջ չի մտնում»,- նշում է Համլետ
Հակոբյանը: Նշենք, որ քաղաքապետի այս տարվա 114-Ա որոշմամբ՝ Սպանդարյան
հանգույցի Խճաքարերի քարհանքից 10 հեկտար տարածք է հատկացվել շինարարական
աղբի լցոնների համար՝ հետագայում այն կանաչապատելու եւ բարեկարգելու
նպատակով:
Ընդհանուր առմամբ, Երեւանում աղբահանման եւ սանմաքրման աշխատանքներն
իրականացվում են 12 սանմաքրման ընկերությունների կողմից, որոնք ունեն
հատուկ նշանակության շուրջ 265 մեքենա:
«Չէի ասի, որ աղբահանությունը մեր քաղաքում լիարժեք է կատարվում, քանի որ
մեր ունեցած մեքենաները մաշված են եւ՛ ֆիզիկապես, եւ՛ բարոյապես»,-
խոստովանում է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ
կոմունալ տնտեսության վարչության գլխավոր մասնագետը:
Հաշվի առնելով թաղապետարանների եւ սանմաքրման ընկերությունների «մեծ
ցանկությունը»՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը պայմանավորվածություն
է ձեռք բերել «Մոսկվա Զիլ» գործարանի տնօրինության հետ, որի համաձայն՝
ստացվելու է 45-50 մասնագիտացված մեքենա. «Մտածում ենք, որ ամեն մեկին 2-3
մեքենա տանք, թարմացնենք պարկը, էլի գոնե մի քիչ կբարելավվի աշխատանքը:
Բայց, իհարկե, ամբողջովին մաքրելու համար այն բավարար չէ»,- մտահոգվում է
Լեւոն Մնացականյանը:
Մինչ քաղաքային իշխանությունները կորոշեն՝ ի՞նչ հաճախականությամբ, ինչպե՞ս
եւ ի՞նչ միջոցներով լիարժեքորեն իրականացնել քաղաքի աղբահավաքման
գործընթացը, համաճարակաբանները զգուշացնում են, որ աղբի երկարատեւ
կուտակումներն այս շոգերին նեխում են եւ գարշահոտություն առաջացնում
շրջակայքում: Դրա հետեւանքով էլ աղբանոցներում շատանում է միջատների եւ
կրծողների քանակը, որոնք իրենց հերթին կարող են մի շարք վարակիչ
հիվանդությունների պատճառ լինել: