Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կհամալրվի արտասահմանցի ֆուտբոլիստներով: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ակումբի մամլո ծառայությունից: Իսկ մինչ այդ թիմի խաղացողները հունվարի 25-ին մեկնել են Սոչի` երկշաբաթյա ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնելու նպատակով: Այդ ընթացքում էլ թիմում փորձաշրջան կանցնեն հինգ նիգերիացի եւ մեկ զամբիացի ֆուտբոլիստներ: Նիգերիացիներն իրենց երկրի երիտասարդական եւ ազգային հավաքականների անդամ են եւ 2007 թվականին Նիգերիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն: Զամբիացի ֆուտբոլիստն իր երկրի լավագույն խաղացողներից է, որը տեխնիկապես շատ լավ է պատրաստված: Սոչիի երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո «Փյունիկը» կվերադառնա Երեւան, ապա մեկ շաբաթ անց կմեկնի Անթալիա` անցկացնելու թիմի երրորդ ուսումնամարզական հավաքը: Նոր մրցաշրջանից առաջ թիմն իր վերջին հավաքն անցկացնելու է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում, որտեղ էլ ընկերական հանդիպումներով կմրցի ֆրանսիական ուժեղագույն մի քանի ակումբների` «Նիսի» եւ «Մոնակուի» հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Փյունիկը» գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ակումբում այդ տեղեկությունը հաստատել էին: