33 տոկոսը` ԱՊՀ-ից

28/01/2009

2008 թվականին Ադրբեջանը 2,34 մլրդ դոլար գումարի ապրանքներ է ներմուծել ԱՊՀ-ի երկրներից, ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման 32,67 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն: ԱՊՀ-ից Ադրբեջան են ներկրվել հացահատիկային մշակաբույսեր (ընդհանուր ներմուծման 16,65 տոկոսը), ցամաքային փոխադրամիջոցներ (12,11 տոկոսը), սեւ մետաղագործության արտադրանք (6,86 տոկոսը), սարքավորումներ եւ մեխանիկական կայանքներ (6,29 տոկոսը): ԱՊՀ երկրներ ադրբեջանական ապրանքների արտահանման գումարը կազմել է 1,61 մլրդ դոլար (ընդհանուր արտահանության 3,39 տոկոսը): ԱՊՀ երկրներ հիմնականում արտահանվել են հանքային վառելիք, նավթամթերք, բիտումային միներալներ (ընդհանուր արտահանության 36,36 տոկոսը), մրգեր (9 տոկոսը), կենդանական ու բուսական ճարպեր (7,58 տոկոսը): ԱՊՀ երկրների հետ արտահանման-ներմուծման գործառնություններում բացասական հաշվեմնացորդ է գոյացել 720 մլն դոլարի չափով: