Հայ Ազգային կոնգրեսի տվյալներով, առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրելու 30-ից ավելի դատապարտյալների ներում շնորհելու մասին՝ նրանց խնդրագրերի հիման վրա: Երեկ այդ մասին հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը` ընդգծելով. «30 մարդկանցից որեւէ մեկը քաղբանտարկյալների ցուցակում չկա: Այդ մարդիկ հավանաբար գողություն, կողոպուտ հոդվածներով դատապարտված անձինք են: Նաեւ՝ մարդիկ, ում պատիժը դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել»: Ա. Խաչատրյանն ասել է նաեւ, որ իշխանությունների այդ քայլը կապված է ԵԽ ԽՎ` հունվարի 27-ին մեկնարկող նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի քննարկման հետ: «Իշխանությունները սա ուզում են ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստից առաջ ներկայացնել որպես կատարված քայլ, բայց մենք նորից պնդում ենք, այդ մարդկանցից որեւէ մեկը չի անցնում քաղբանտարկյալների ցուցակով, որեւէ կերպ դա չի ազդում Հայաստանում առկա քաղբանտարկյալների թվի վրա»,- hայտարարել է ՀԱԿ Իրավական աջակցության կենտրոնի տնօրենը` նշելով, թե մինչեւ ԵԽ ԽՎ նստաշրջանը եվրոպական բոլոր կառույցները տեղեկացվելու են, որ «ՀՀ իշխանությունները հերթական անգամ գնում են պրովոկացիայի»: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել: Նա միայն ասել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտված ավելի քան մեկ տասնյակ անձանցից «ներման խնդրագրեր են ստացվել», որոնք դեռ պետք է քննարկվեն նախագահին առընթեր Ներման հարցերի հանձնաժողովում: