«Դուք գո՞հ եք Առողջապահության նախարարությունում (ԱՆ) ձեզ մատուցվող
ծառայությունից» հարցին քաղաքացիների մեծ մասը բացասական պատասխան է տվել՝
պատճառաբանելով, որ այստեղ տեղեկատվություն ստանալը մատչելի չէ, իսկ
աշխատողներն անբարյացակամ են: Կատարված ուսումնասիրությունների
արդյունքում նման եզրակացության է հանգել «Հայաստան-հանրային ոլորտի
բարեփոխումների ծրագիրը»: Այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության
Միջազգային զարգացման նախարարության կողմից: Ծրագիրն աշխատում է 3
նախարարությունների՝ Առողջապահության, Կրթության եւ գիտության, Աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ՝ Գեղարքունիքի եւ
Տավուշի մարզպետարանների հետ: «Մեր նպատակն այն է, որ քաղաքացիները
կարողանան պարզ եւ մատչելի տեղեկատվություն ստանալ: Բազմաթիվ մարդկանց
համար դա խնդիր է, որովհետեւ չգիտեն՝ որո՞նք են այդ փոփոխությունները»,-
ասում է ծրագրի ղեկավար Սթիվեն Ջ. Ավալյան Նյուտոնը: Այդ նպատակով էլ 5000
տպաքանակով հրատարակվել են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների
ուղեցույցեր, որոնցում հստակ նշված են վերոնշյալ նախարարություններ
դիմելու կարգը, պահանջվող փաստաթղթերը եւ պատասխանը ստանալու ժամկետները:
Կառավարական 3-րդ մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված «Տեղեկատվական
կենտրոնի» «Առողջապահության նախարարություն» պատուհանի առջեւ ամեն օր
տասնյակ մարդիկ հերթ են կանգնում: Ոմանք դժգոհում են դիմումի պատասխանի
ձգձգման, ոմանք էլ՝ բացասական պատասխան ստանալու պատճառով: Ստեփանակերտից
ժամանած հայր ու աղջիկ ստիպված էին մի քանի օր գնալ-գալ՝ ԱՆ-ից Երեւանում
անվճար բուժվելու ուղեգիր ստանալու համար. «Պատրաստ ենք ժամերով նստել,
միայն նախարարը ստորագրի մեր ուղեգիրը»,- ասում էր դուստրը: Դիմողներից
շատերը չգիտեին՝ տվյալ հարցով ո՞ւմ պետք է դիմել, եւ ստիպված թակում էին
նախարարության բոլոր դռները: «Էս էլ նախարարություն է, փոխանակ մարդկանց
օգնեն, ավելի են վատացնում մեր վիճակը»,- դժգոհում էր նրանցից մեկը:
Նախարարություն գալիս են նաեւ իմանալու, թե իրենք անվճար բուժսպասարկումից
օգտվելու ի՞նչ արտոնություններ ունեն, եթե ունեն ընդհանրապես: Այսինքն,
մինչ այդ նրանք անտեղյակ են եղել իրենց իրավունքներին: Ավելի հաճախ այստեղ
գալիս են՝ խնդրելով ընդառաջել իրենց եւ բացառության կարգով միջնորդել` այս
կամ այն բուժծառայությունն անվճար ստանալու համար: Այս մարդիկ
ներկայացնում են ամենաչքավոր խավը: Միաժամանակ պետք է խոստովանել, որ,
այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ նախարարությունը չի մերժում անվճար
վիրահատվելու, բուժվելու եւ դեղորայք ու առողջարանային ուղեգիր ստանալու
վերաբերյալ դիմումները:
Սթիվեն Ջ. Ավալյան Նյուտոնը, սեփական փորձից ելնելով, նույնպես իր
դժգոհությունը հայտնեց երեւանյան բժշկական հաստատություններում մատուցվող
բուժծառայությունների որակից. «Կարող եք գնալ միեւնույն պրոֆիլի 3 բժշկի
մոտ, եւ կստանաք 3 տարբեր ախտորոշում, ինչպես վերջերս պատահել էր իմ
օգնականի հետ: Համոզված եմ, որ այս վիճակը ոչ մի օտարերկրացի չի կարող
շտկել: Շտկողները դուք պետք է լինեք՝ Հայաստանի քաղաքացիներդ»,- ընդգծում
է նա: Բժիշկները հաճախ են օգտվում քաղաքացիների անվճար բուժսպասարկում
ստանալու իրենց իրավունքների ու արտոնությունների չիմացությունից եւ այդ
պատճառով էլ լրացուցիչ գումարներ են գանձում: Դա վերացնելու համար
ընդունվել է կառավարության որոշում, որը պարտավորեցնում է անվճար բուժման
ենթակա հիվանդությունների եւ սոցիալական խմբերի ցանկը փակցնել
բուժհիմնարկների պատերին: Այդ պաստառները փակցված են նաեւ
նախարարությունում: Ինչպես տեղեկացրեց ԱՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ
Սայադյանը, իրենց նախարարությունը ստանում է օրական 100-110 դիմում՝
պետպատվերով բուժում ստանալու ակնկալիքով: «Դրանք հիմնականում այն մարդիկ
են, ովքեր սոցիալապես անապահով են, բայց ընդգրկված չեն այս կամ այն
պետական ծրագրում»,- նշում է աշխատակազմի ղեկավարը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված է.
«Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով այլ բան
նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ
հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետեւյալ տեղեկությունները եւ
դրանցում կատարված փոփոխությունները». դրանցից է մասնավորապես, «ստացված
հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝
մերժման հիմքերը»: Մեր հարցին, թե որքանո՞վ են ԱՆ-ում պահպանվում օրենքի
այս դրույթները, Գ. Սայադյանը պատասխանեց. «Մենք 3 ամիսը մեկ մեր ստացած
դիմումների ամփոփ հաշվետվությունը ներկայացնում ենք կառավարություն»:
Նախարարությունում կարծում են, որ այստեղ չպետք է զբաղվել մարդկանց
բուժման եւ այլ ծառայությունների մատուցման հարցերով: «Հիվանդը պետք է
հիվանդանոցում բուժվի»,- ասում է Գ. Սայադյանը եւ նշում, որ ԱՆ-ն պետք է
զբաղվի ոլորտի քաղաքականության մշակմամբ, որն, ի դեպ, դեռ մշակման փուլում
է:
ԱՆ-ն օրական ստանում է 100-ից ավելի դիմում-նամակ՝ տարբեր բնույթի.
առողջարանային ուղեգիր, անվճար դեղորայք ստանալու, ինչպես նաեւ՝ անվճար
բուժվելու կամ վիրահատվելու վերաբերյալ:
Լինում են նաեւ դեպքեր, երբ ԱՆ աշխատակիցներն իրենց անփութության պատճառով
կորցնում են քաղաքացու դիմումը: Այդպես էր եղել, օրինակ, Հայրենական
պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ մի պապիկի հետ: Նա քարտուղարության
աշխատակիցներին փորձում էր բացատրել, թե որքան անհրաժեշտ էր իրեն դեռ 2
ամիս առաջ գրված դիմումի պատասխանը: Հաշմանդամ պապիկն իր դիմումում ԱՆ-ից
ուղղակի խնդրել էր իրականացնել առողջարանային ուղեգիր ստանալու իրեն
վերապահված իրավունքը: Դիմողին հուսահատեցրել էր այն հանգամանքը, որ
ստիպված է լինելու տարբեր տեղերից նորից ձեռք բերել փաստաթղթեր ու
ներկայացնել նախարարություն: Իսկ քարտուղարության աշխատակիցները հանգիստ
խորհուրդ էին տալիս. «Ոչինչ, նորից կգրեք»: ԱՆ աշխատակազմի ղեկավարը
վստահեցնում է, որ նման դեպքեր քիչ են պատահում։
Ամեն տարի, երբ հաստատվում է պետական բյուջեն, եւ ընդունվում են պետական
նպատակային ծրագրերը, դրանք պետք է պարտադիր տպագրվեն հանրապետական
թերթերից որեւէ մեկում: Այս ամենը սահմանված է «Հասարակությանը իրավական
ակտերի մասին իրազեկման եւ իրավական ակտերի հաշվառման կարգի մասին» 2002թ.
N 1146-Ն որոշմամբ: Բայց ոչ մի թերթ պարտավոր չէ անվճար տպագրել այդ
փաթեթը: «Նախարարությանը որտեղի՞ց այդքան գումար»,- արդարանում է ԱՆ
խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը:
Պետական նպատակային ծրագրերի փաթեթը չի տպագրվում անգամ նախարարության
«Առողջապահության լրատու» թերթում: Վերջինս տպագրում է միայն հումանիտար
դեղորայքի ցանկը: Նշենք, որ թերթը ստանում են միայն բուժաշխատողները:
Նախարարության եւ ժողովրդի միջեւ կապ ստեղծելու միջոց է նաեւ արդեն 6 ամիս
նախարարությունում գործող «Թեժ գիծը»: Օրական գրանցվում է 40-70 զանգ, որի
10-15%-ը մարդկանց բողոքներն են բուժհիմնարկների ղեկավարներից,
բուժաշխատողներից, լրացուցիչ գումարներ վերցնելուց, եւ այլն: Զանգերի
60-70%-ը կապված է դեղորայքի ձեռքբերման, դրանց անվճար ստանալու եւ
նմանատիպ այլ հարցերի հետ: