«Կարծում եմ, որ մեր բացատրական աշխատանքի արդյունքում, մեր իրագործելիք աշխատանքները, պլանները ներկայացնելու արդյունքում Խորհրդարանական վեհաժողովի անդամները չեն դիմի այդ սանկցիային: Նախնական կարծիքը, կարծում եմ, արդեն ձեւավորվել է դրա վերաբերյալ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հայաստանյան այցից հետո հայտարարվեց, որ փոփոխություններ են պատրաստվում ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում, որոնք համապատասխանաբար պատիժներ են սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» համար: Հարցին, թե արդյո՞ք եղել է պայմանավորվածություն, որի համաձայն՝ ՀՀ իշխանությունները, զիջումների գնալով Քրեական օրենսգրքի այդ հոդվածների հարցում, փոխարենն ակնկալում են ԵԽ ԽՎ-ի մեղմ վերաբերմունքը, Ա. Ադոնցը պատասխանել է. «Իմ անձնական կարծիքով՝ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Համազեկուցողների հետ որեւէ զիջումների մասին խոսակցություն, բանակցություն չի եղել… Հայկական կողմը ներկայացրել է մոտակա ամիսների անելիքները՝ բարեփոխումների կոնտեքստով, մասնավորապես՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների»: Մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով կալանավորվածների հիմնական մասը մեղադրվել է 225 եւ 300 հոդվածների հիման վրա: Ա.Ադոնցի կարծիքով` հիշյալ հոդվածները պետք է ավելի հստակորեն ձեւակերպել, «որպեսզի Դատախազությունը հնարավորություն չունենա մեղադրանքը ձեւավորել՝ ինչպես կուզի: Դուք կարող եք ասել՝ զիջում, մյուսը կարող է ասել՝ պարտություն, բայց սա զիջում չէր, սա պարզապես պրեզենտացիա էր այն աշխատանքների, որոնք նախատեսված էին»: