Պարզվում է` իրավաբան Հրայր Թովմասյանն է իշխանություններին համոզել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները լինեն ոչ թե ուղղակի, այլ անուղղակի: Եվ ոչ միայն համոզել է, այլեւ երեկ քննարկման ժամանակ արդեն լրագրողներին ու «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էր համոզում, որ դա բխում է ընդդիմության շահերից:
«Կարեւորն այն է, որ լինեն արդար ընտրություններ: Շատ դժվար է պատասխանել այն հարցին, թե արդյոք ավելի քիչ ժողովրդավարական է Գերմանիա՞ն, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը ընտրվում է անուղղակի ընտրություններով, թե՞, ասենք, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, որտեղ ընտրվում է ուղղակի ընտրություններով: Ինձ համար, որպես զուտ իրավաբանի, պարզ է, որ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ուղղակի ընտրություններն իրենցից կներկայացնեին կոնֆլիկտագեն համակարգ` հատկապես այն դեպքում, երբ այդ ուժերը լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- համոզված պնդում էր Հ. Թովմասյանը: «Բացի այդ, պատասխանատվությունը մեկ անձի եւ մեկ կուսակցության՝ էականորեն միմյանցից տարբերվում է: Եթե ուղղակի ընտրությունների դեպքում ծրագրերի ձախողման դեպքում միշտ կարելի է քավության նոխազ այդ մեկ անձին ընտրել, եւ այդ մեկ անձը ինչ-որ պահի կարող է նույնիսկ կուսակցական չլինել, ապա այս պարագայում դրա պատասխանատուն քաղաքական թիմն է, որի անունը կուսակցություն է, կամ որի անունը կոալիցիա է(՞): Եվ եթե ուղղակի ընտրությունների ժամանակ քաղաքապետի լավ չաշխատելու դեպքում նրանից ազատվելու միակ հնարավորությունը հաջորդ ընտրություններն են, այս պարագայում իր լիազորությունները կարող է դադարեցնել հենց իր քաղաքական թիմը: Եվ Երեւանի այս մոդելը հետագայում կարող է որպես օրինակ ծառայել այլ համայնքների համար, նաեւ` երկրի համար: Ես ինքս կառավարման պառլամենտական համակարգի կողմնակից եմ»,- ավելացրեց իրավաբանը, որի հայտարարություններից տպավորություն էր ստացվում, որ խոսքը ոչ թե Հայաստանի իրողությունների ու քաղաքական համակարգի մասին է, այլ, ասենք, Գերմանիայի: «Այսպես գեղեցիկ խոսում եք, պարոն Թովմասյան, իսկ ինչո՞ւ հենց սկզբից այդ մոդելը չկիրառեցիք համեմատաբար փոքր քաղաքում, ասենք՝ Գյումրիում»,- Հ. Թովմասյանին հարցրեց Զարուհի Փոստանջյանը: «Պետք է ասեմ, իմ ջանքերն են եղել, որպեսզի քաղաքական իշխանությանը համոզեմ, որ Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրություններ չանցկացվեն: Ինձ համար անհասկանալի է, որ դա ցանկանում է քաղաքական ընդդիմությունը, որովհետեւ, անկեղծ եմ ասում, դա իր քաղաքական շահերից չի բխում: Որովհետեւ Հայաստանի քաղաքական իշխանությունների համար կենտրոնացնել եւ մեկ անձին ընտրելն ավելի հեշտ է»,- պատասխանեց Հ. Թովմասյանը: Իսկ մտավախություն չկա՞, որ ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքացիներն անտարբեր կլինեն եւ չեն մասնակցի ընտրություններին: «Այո, այդ մտավախությունը կա, բայց այստեղ եւ՛ կուսակցությունները, եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ հասարակական սեկտորը բավականին մեծ անելիքներ ունեն: Սակայն այդ մտավախությունը էլ ավելի կմեծանար, եթե բնակչությունը առանձին ընտրեր քաղաքապետ եւ ավագանի»,- պատասխանեց Հ. Թովմասյանը: Նշենք, որ Երեւան քաղաքի ավագանիում ներկայացուցիչներ ունենալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 7%-ի արգելապատնեշը, իսկ դաշինքները` 9%-ի (ԱԺ-ի պարագայում այդ սահմանը ավելի ցածր է` համապատասխանաբար՝ 5% եւ 7%): Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ին, եւ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 6-ը Երեւանի ավագանին պետք է ընտրված լինի: Ավագանին բաղկացած է լինելու 65 անդամներից, որոնք աշխատելու են հասարակական հիմունքներով: Երեւանը չի ունենալու մարզպետ, եւ Երեւանում տարածքային կառավարման ֆունկցիաներն իրականացնելու է հիմնականում Տարածքային կառավարման նախարարությունը: Ըստ Հ. Թովմասյանի՝ Երեւանի ավագանին նույնպես ունենալու է լայն լիազորություններ: «Ավագանին կարող է անվստահություն հայտնել քաղաքապետին: Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է, որ որեւէ այլ թեկնածուի` քաղաքապետ դառնալու շուրջ լինի մեծամասնության համաձայնությունը: Մյուս կողմից՝ Երեւանի ավագանին, բացառությամբ մեկ-երկու հարցի, իրավունք ունի որոշումներ ընդունել այն հարցերի վերաբերյալ, որոնք վերապահված են Երեւանի քաղաքապետին»,- նշեց Հ. Թովմասյանը: Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ ավագանու ընդդիմությունը բավականաչափ լայն լիազորություններով է օժտված լինելու, ի տարբերություն մեր այսօրվա խորհրդարանական ընդդիմության: «Երեւանի ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն բյուջեի նախագիծ ներկայացնել: Ավագանու առանձին խմբակցությունը կարող է ողջ ավագանու որոշումները բողոքարկել վարչական դատարան: Սա զգալի բարձրացնում է ընդդիմության դերը: Բացի այդ, ավագանու ընդդիմադիր խմբակցությունը կարող է նախաձեռնել, այսպես կոչված, «քննիչ հանձնաժողովների» ստեղծումը: Դա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կարգի հանձնաժողով է: Բայց եթե ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով կարող է ստեղծվել միայն ԱԺ-ի որոշմամբ, այստեղ դրանք կարող են ստեղծվել խմբակցության նախաձեռնությամբ, եւ հանձնաժողովի ղեկավարը կլինի հենց այդ նախաձեռնող խմբակցության ներկայացուցիչը: Փոքրամասնությունը իրավունք ունի ներկայացված լինել նաեւ ավագանու բոլոր ընտրովի մարմիններում»,- վստահեցրեց Հ. Թովմասյանը: «Երեւանը ունենալու է նաեւ ներքին վարչական շրջաններ, որոնց սահմանները համընկնելու են այսօրվա թաղային համայնքների հետ: Սակայն վարչական շրջանների ղեկավարները նշանակվելու եւ ազատվելու են Երեւանի քաղաքապետի կողմից: Օրենքի հիմքում դրված է նաեւ մունիցիպալ ոստիկանության նախատիպը: Այն կկոչվի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն, որի լիազորությունները բնորոշ են մունիցիպալ ոստիկանությանը»,- հավելեց Հ. Թովմասյանը: