2009թ. Հայաստանի առաջ ծառացել են ինչպես նախկինից եկող, այնպես էլ նոր ի հայտ եկած մի շարք մարտահրավերներ, որոնք պայմանավորելու են առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը:
Մի կողմից՝ 2008թ. նախագահական ընտրությունից հետո ստեղծված ներքաղաքական լարվածությունն է, եւ այդ լարվածության պատճառով միջազգային կառույցներում, հատկապես ԵԽ ԽՎ-ում Հայաստանի համար առաջացած անբարենպաստ վիճակը: Մյուս կողմից` ԼՂ-ի հիմնախնդրի լուծման հետ կապված սպասումներն են, որոնք գնալով ավելի վտանգավոր երանգներ են ստանում: Ընդ որում, վերջին երկու խնդիրներն ըստ էության կապված են իրար հետ: Իսկ այս ամենին լրացնելու է գալիս օրեցօր ավելի զգալի դարձող տնտեսական ճգնաժամը:
Արդյոք ՀՀ իշխանությունները նման երերուն վիճակում եւ միայն, ինչպես իրենք են սիրում ասել` «քաղաքական կամքով» կկարողանա՞ն հաղթահարել այս մարտահրավերները: Եվ ՀՀ քաղաքական դաշտում գործող ուժերը վերը նշված խնդիրներից ո՞րն են համարում պետության համար առավել վտանգավոր եւ ենթակա առաջնային լուծման:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թեեւ համաձայն է, որ մեզ լարված տարի է սպասվում, բայց կասկած չունի, որ ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջներն ի վերջո կկատարվեն: Ըստ նրա, դրա համար պարզապես էլի ժամանակ է պետք: «Ես կարծում եմ, որ 2-3-4 ամիս ժամանակ է պետք, շատ մեծ թիվ չէ»,- ասում է պարոն Սաֆարյանը: Պատգամավորը նաեւ համոզված է, որ տնտեսական ճգնաժամն, ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում այս տարի «դեռ կխորանա»: Ա.Սաֆարյանի համար, սակայն, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ԼՂՀ հարցի կարգավորումը: «Որովհետեւ դա արտաքին աշխարհի հետ հայկական հանրապետությունների առանցքային հարցն է: Մնացած բոլոր հարցերն իմ խորին համոզմամբ պտտվում են դրա շուրջը»,- ասում է պատգամավորը:
Առաջին հայացքից թվում է, թե մեր երկրի առաջ ծառացած այս երեք խոշոր մարտահրավերները զուտ ներպետական խնդիրներ չեն, որ դրանց լուծումը մեծապես կախված է արտաքին աշխարհից:
Սակայն խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանի համար գլխավորը ներքաղաքական կայունությունն է, իշխանության ու ժողովրդի միջեւ վստահության անհրաժեշտությունը: Պատգամավորի կարծիքով, ԼՂՀ հիմնախնդրի ու տնտեսական ճգնաժամի մարտահրավերները «ածանցյալ են այս գլխավոր խնդրին»: «Այնպես որ, ես առավել կարեւոր եմ համարում ներքին քաղաքականությունը, իսկ այն այժմ շատ բացասական դրսեւորումներով է ընթանում` քաղբանտարկյալների առկայություն, մարտի 1-ի 10 անմեղ զոհերի չբացահայտված գործեր, գումարած դրան՝ նաեւ մնացած հարցերը` ընդդիմության հետ երկխոսության բացակայություն, հանրահավաքների այսպիսի անազատություն: Այս ամենը, բնականաբար, շատ, առավել կարեւոր է, քան այդ արտաքին մարտահրավերները, որովհետեւ մենք կարող ենք ցանկացած արտաքին մարտահրավերի դիմակայել, եթե ունենանք ներքին համախմբվածություն: Իսկ համախմբվածությունը միայն կարող է լինել փոխադարձ վստահության պայմաններում: Մինչդեռ այսօր հասարակությունը իշխանությունների նկատմամբ վստահության որեւէ ծավալ չունի»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը նույնպես կարծում է, թե Հայաստանի առաջ ծառացած բոլոր խնդիրների լուծումը պետք է տրվի երկրի ներսում: «Հայաստանը մի ճգնաժամ ունի, որից համառորեն դուրս չի գալիս: Դա մեր պետականության, եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ օրենքի գերակայության խնդիրներն են: Ուրիշ խնդիր Հայաստանը բացարձակապես չունի, բոլոր ճգնաժամերն արդյունք են այդ երեւույթների: Ղարաբաղի հարցը, միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ մյուս բոլոր խնդիրները ածանցյալ են այս երեք հանգամանքներին: Եթե մենք մեզ հարգենք, սիրենք մեր պետությունը, հավատացնում եմ, որ որեւէ խնդիր չենք ունենա»,- ասում է Ս. Շահինյանը` միանգամից անցում կատարելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հիշեցնենք, որ, ինչպես Ս.Շահինյանը, այնպես էլ Տ.Սարգսյանը նախկինում եղել են Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցության անդամներ: Եվ հիմա էլ, ինչպես Վ.Մանուկյանը, այնպես էլ Ս.Շահինյանը իրենց նախկին կուսակցի գործունեությունը պաշտպանում են: «Վարչապետը մի բան է հայտարարում, ներքին օղակները միանգամայն այլ բան են հասկանում: Վարչապետը հայտարարում է, որ պատրաստ է բոլոր արտահանող կազմակերպություններին վարկեր տրամադրել, որպեսզի հայրենական տնտեսությունը ոտքի կանգնի: Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր նախարարություններում, եթե լրագրողական հետաքննություն սահմանեք, կպարզեք, որ գումարներն ըստ պատկանելության չեն գնում: Նորից աշխատում է կոռուպցիոն մեխանիզմը»,- ասում է մեր զրուցակիցը` այսպիսով կարծես ցանկանալով Տ.Սարգսյանին առանձնացնել ՀՀ կառավարության ու ողջ իշխանության մեջ գոյություն ունեցող արատավոր երեւույթներից: Իսկ վարչապետի՝ եթե ոչ անմիջական ցանկության, ապա թուլության պատճառով չէ՞, որ կառավարությունում գոյություն ունեցող արատավոր երեւույթները ներկայումս նույնպես շարունակվում են: «Պիտի օրենքը գերակայի, պիտի ինքնամաքրվի այս կառավարությունը: Ինչքան վերահսկողություն ուզում ես՝ սահմանի, եթե իրենք չեն ուզում ինքնամաքրվել, մի սողանցքի տեղ կգտնեն, որ կեղծիքներ թույլ տան: Երկրի ներքեւի ողջ կառուցվածքը ժառանգված է, ժառանգել են նախկինից: Վարչապետը երբ պետական ծրագիրը դնում է սեղանին, ներքեւի ստրուկտուրաները չեն վերլուծում, նրանք կատարում են: Նախկիններն իրենց աշխատաոճը չեն ուզում փոխել, իսկ դա նշանակում է՝ հակասություն»,- պատասխանում է Ս.Շահինյանը: