Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որ շուրջ մեկ ամիս անգործության էր մատնված, երեկ վերջապես վերսկսեց աշխատանքները: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընթերցեց «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտի վերաբերյալ ՌԴ Ներքին գործերի նախարարության տեխնիկական փորձաքննության ինստիտուտի եզրակացությունը, որը վերջիններս ուղարկել էին ՀՀ Գլխավոր դատախազությանը:
Հիշեցնենք, որ «Չերյոմուխա 7-ի» նույնականացման հնարավորությունների վերաբերյալ ՌԴ ՆԳ-ին ուղղված նամակը, որն իր հետ Մոսկվա էր տարել Արամ Կարապետյանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտուալ թեման: Ա. Կարապետյանն այդպես էլ չի ասում` այդ նամակի պատասխանն իրեն տվե՞լ են, թե՞ ոչ, իսկ հանձնաժողովն էլ իբրեւ թե մինչեւ հիմա սպասում է, թե երբ ՌԴ-ից իրենց ֆաքսով կուղարկվի այդ պատասխանը: Եվ այս խճճված պատմության «տակից դուրս գալու» ելքն իշխանությունները գտել են միջնորդավորված` Գլխավոր դատախազությանն ուղղված պատասխանը հրապարակելու միջոցով:
Մինչ պատասխանին անդրադառնալը, հիշեցնենք, որ մարտի 1-ի գործի շրջանակներում կատարված «պաշտոնական փորձաքննության» արդյունքներից պարզ դարձավ, որ մարտի 1-2-ին Երեւանում ժողովրդի դեմ կիրառված «Չերյոմուխա-7»-ը ժամկետանց է եղել, ինչը, ըստ փորձագետների` ճիշտ օգտագործելու դեպքում պետք է զոհեր չլինեին: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով` մարտի 1-2-ին զոհված քաղաքացիներից 3-ը մահացել են հենց «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներից: ՌԴ ՆԳՆ Փորձագիտական ինստիտուտին ուղղված հարցերից մեկից պարզ է դառնում, որ ՀՀ-ն ՌԴ-ից «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտ է ներկրել 1986 եւ 1989թթ., այսինքն` 20-21 տարի առաջ, որոնք պետք է վաղուց էլ ոչնչացրած լիներ, քանի որ դրանց պիտանելիության ժամկետը 5 տարի է:
ՌԴ ՆԳՆ վերոնշյալ ինստիտուտի տրամադրած փաստաթղթի համաձայն, ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության քննիչ Հարությունյանն իրենց է դիմել մի քանի հարցադրումներով, որոնց պատասխաններն էլ իրենք ուղարկել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Քննիչ Հարությունյանի հարցին, թե` որքա՞ն է «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների պահպանման առավելագույն ժամկետը, պիտանի՞ են արդյոք 1986թ. եւ 1989թ. արտադրության փամփուշտները նպատակային կիրառման համար, ՌԴ ՆԳՆ-ից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Համաձայն 1976թ. հաստատված տեխնիկական պայմանների, «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակով փամփուշտների պահպանման առավելագույն ժամկետը 5 տարուց ոչ ավելի է: Համաձայն 1988թ. հաստատված տեխնիկական պայմանի՝ «Չերյոմուխա-7M» տիպի գազային նռնակով փամփուշտների պահպանման ժամկետը եւս 5 տարուց ոչ ավելի է: 1986թ. եւ 1989թ. արտադրության «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» տեսակի գազային նռնակներով փամփուշտների նպատակային կիրառման համար պիտանելիությունը կարող է որոշվել միայն դրանց հանձնաժողովային փորձարկումից հետո: Փորձարկումներով հաստատված փամփուշտների բնութագրերի տեխնիկական պայմաններին համապատասխանելու դեպքում նշված փամփուշտները կարող են համարվել պիտանի` նպատակային նշանակության կիրառման համար, իսկ չհամապատասխանելու դեպքում փամփուշտները ճանաչվում են ոչ պիտանի եւ ենթակա են ոչնչացման»: Ըստ հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանի, «Չերյոմուխա-7»-ը եւ «Չերյոմուխա-7M»-ն իրարից տարբերվում են նրանով, որ գազեր արտադրելու ժամանակահատվածը «Չերյոմուխա-7»-ի մոտ 4-6 վայրկյան է, իսկ «Չերյոմուխա-7M»-ը կարող է մինչեւ 10 վրկ գազ արձակել: «Չերյոմուխա-7»-ն արդեն հարվածը տալուց մեկ վայրկյան հետո սկսում է գազ արտադրել, իսկ «Չերյոմուխա-7M»-ի մոտ այն տեւում է մինչեւ 10 վայրկյան»,- ասաց Ս. Նիկոյանը:
Քննիչ Հարությունյանն այնուհետեւ հետաքրքրվել է ՌԴ Փորձագիտական ինստիտուտի մասնագետներից. «Եթե փամփուշտների պահպանման թույլատրման ժամկետներն անցել են, ապա հնարավո՞ր է արդյոք դրանց նպատակային նշանակության կիրառումը` հաշվի առնելով մարդկանց առողջությունը եւ կյանքին վնաս պատճառելու սպառնալիքը»: Ռուս փորձագետները պատասխանել են. «Պահպանման թույլատրելի ժամկետներն անցնելու դեպքում «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» գազային նռնակներով փամփուշտների մոտ կարող է տեղի ունենալ տեխնիկական բնութագրերի փոփոխություն դրանց մարտական հատկությունների նվազման ուղղությամբ: Արցունքաբեր ծխի արձակման տեւողության նվազում, գազային նռնակի թռիչքի առավելագույն հեռավորության նվազում, փամփուշտի չօգտագործելը հրապատիչի խափանման պատճառով: Ժամկետանց պահպանման ժամկետներով «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառումը մարդկանց դեմ վնաս չի պատճառի նրանց առողջությանը եւ կյանքին»: Քննիչ Հարությունյանն այնուհետեւ հետաքրքրվել է` արդյոք արգելվո՞ւմ է «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ, եւ եթե ոչ, ապա ինչպիսի՞ք են դրանց կիրառման եղանակները: Պատասխանը հետեւյալն է. «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում: «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» տեսակի գազային նռնակներով փամփուշտների կիրառման ժամանակ արգելվում է անմիջապես մարդու վրա կրակելը: Կրակը կարող է արձակվել իրավախախտների մոտ գտնվող տեղանքի կամ օբյեկտների վրա, ընդ որում` անհրաժեշտ է հաշվի առնել իրավախախտների վրա գազային ամպի տեղափոխումն ապահովող քամու ուղղությունը»: Իսկ` «Առկա՞ է արդյոք մշակված մեթոդիկա, եւ հնարավո՞ր է արդյոք «Չերյոմուխա-7» գազային նռնակների նույնացումը կամ նույնականացումը հրացանների հետ, որոնցից դրանք կիրառվել են» հարցին ռուս փորձագետը պատասխանել է, որ իրենք իրավասու չեն ձգաբանական ուսումնասիրություն կատարել, եւ հորդորել են քննիչ Հարությունյանին` դիմել ՌԴ ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոն: Հենց այս կետի համար էլ, ըստ էության, կազմակերպվել էր ողջ այս «նամակային պատմությունը», որպեսզի ռուսներն ասեն, թե նույնականացման հարցին պատասխանել չեն կարող: Իսկ գուցե ՌԴ ներքին գործերի փոխնախարարը Ա. Կարապետյանի նամակի պատասխանից առաջ այդ հարցի պատասխանն արդեն պարզե՞լ է ՌԴ ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոնից, եւ դրա համար այն չի հրապարակվում:
Ինչեւէ: Այս նամակ-պատասխանի ընթերցումից հետո հանձնաժողովի անդամ պատգամավորները հետաքրքրվեցին` եթե ժամկետանց «Չերյոմուխա-7»-ի կիրառումը մարդու կյանքին վտանգ չի սպառնում, այդ դեպքում ինչպե՞ս է 3 անձ զոհվել հենց այդ տեսակի գազային փամփուշտից: Այս հակասությունը փորձեց պարզաբանել Ս. Նիկոյանը` ասելով. «Հակասություն չկա: «Չերյոմուխա-7»-ի նշանակությունը գազ արտադրելն է, եթե այն ըստ իր նշանակության ես օգտագործում: Եվ եթե ժամկետանց է, ապա այն մարդու կյանքի համար վտանգավոր չէ, որովհետեւ նա ընդամենն արցունքաբեր գազ չի արտադրի»: Հանձնաժողովի անդամ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ ընդհատելով Ս. Նիկոյանին` ասաց. «Գազ չի արտադրել, կրակել են մարդու գլխի վրա, մահացել է: Պրյամոյ նավոդկով մարդու գլխի վրա կրակել են: Գազից չեն մեռել, է, պարոն Նիկոյան, փամփուշտը գլխի մեջ է»: Ի պատասխան Ա. Կարապետյանի այս հայտարարության` Ս. Նիկոյանն ասաց. «Նույն բանն էլ ես եմ ասում, ինչո՞ւ եք ընդհատում»: