Ուրբաթ օրը Ձիասպորտի ֆեդերացիայի եւ «Զատիկ» հայ-ֆրանսիական
նորաձեւության ստուդիայի կազմակերպած նորարարությունը ցնցեց հանդիսատեսին:
«Զատիկ» ստուդիայի հագուստների ցուցադրությունը համեմված էր ձիասպորտի մի
քանի համարներով: Շոուի հաղորդավարուհին հավաքածուն ներկայացնում էր
ձիավարժության հմտություններ ցուցադրելով: Իսկապես, պետք է նշել, որ
փոքրիկ Հայաստանում ու ոչ այնքան զարգացած նորաձեւության բնագավառում
երեւակայական այս գեղեցիկ ոճը զարմացրեց հանդիսատեսին: Բնության գրկում
իրականացվող այս ակցիան առավել ազդեցիկ էր, քան հեռուստատեսային
fashion-ները, որոնք իրականացվում են ամենատարբեր շքեղ բեմահարթակներում:
«Զատիկ» ստուդիայի հիմնադիր Նանա Սահակյանցի հավաստմամբ՝ հագուստների
ցուցադրությունը նաեւ պրոպագանդում էր այն միտքը, որ հագուստին պետք է
թեթեւ վերաբերվել, եւ թերեւս դա էր պատճառը, որ հագուստների հավաքածուի
մեջ հումոր կար: Ներկայացվող հավաքածուի մոդելավորողները չորսն էին՝ Նանա
Սահակյանցը, Տաթեւիկ Ղամբարյանը, Գոհար Այվազյանը եւ Թերեզա Մինասյանը:
Ցուցադրությանը ներկա էին նաեւ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Գոհար
Գեւորգյանը, Անդրեն, Լուսինե Թովմասյանը եւ այլք: Երգչուհի Շուշան
Պետրոսյանի կարծիքով՝ «Զատիկն» ունի իր ինքնատիպ ձեռագիրն ու ոճը, որն
անպայման տարբերվում է մյուս մոդելավորողների հագուստներից: Իսկ երգչուհի
Գոհար Գեւորգյանը միջոցառմանը ժամանել էր «Զատիկի»՝ հատուկ իր համար
կարված հագուստով, որպես ապացույց, որ համակրում ու սիրում է այդ ոճը:
Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած գեղեցկուհի Լուսինե
Թովմասյանը հաջորդ տարի կայանալիք «Միսս Տիեզերք» միջազգային փառատոնին
մասնակցելու է «Զատիկի» մոդելավորած հագուստով: Հավաքածուի զգեստները
ցուցադրում էին վրացուհի մանեկենուհիները, որոնք այնքան էլ չէին
համապատասխանում մանեկենուհիների միջազգային չափանիշներին՝ նրանք
անհամեմատ ցածրահասակ էին, ինչը խոչընդոտում էր զգեստներն ընկալելուն:
Ձիարշավարանի հսկայական տարածության մեջ հարթակի եւ հանդիսատեսի միջեւ
հեռավորությունը բավական մեծ էր եւ հագուստների նրբությունները հաճախ չէին
ընկալվում: Թեեւ միգուցե ոչ այնքան բարձրահասակ մանեկենուհիների նման
ընտրությունը հատուկ էր արված: Այդուհանդերձ, այդ հանգամանքը չձանձրացրեց
ներկաներին, քանի որ, ընդհանուր առմամբ, շոուն բարձր մակարդակով էր
կազմակերպված եւ ձիարշավարանում հագուստների ցուցադրության նմանօրինակ
մատուցումն արդեն իսկ գեղեցիկ էր: 1997թ. ստեղծված «Զատիկ» ստուդիան
աշխատում է հայկական մետաքսով, վուշով եւ այլ բնական նյութերով: Անհատական
պատվերների հետ մեկտեղ՝ 2002թ. ստուդիան սկսեց ստեղծել սեփական հավաքածու:
Աշխատելով տարբեր նյութերով՝ «Զատիկն» ընտրեց մետաքսը, քանի որ այն, ըստ
մոդելավորողների, տալիս է ստեղծագործելու անսպառ հնարավորություն:
«Զատիկի» հավաքածուն ցուցադրվում էր Արտո Թունչբոյաջյանի, Ինգա եւ Անուշ
Արշակյանների եւ այլ հայ հեղինակների երաժշտության ուղեկցությամբ: Իսկ
հագուստները նկարելիս մոդելավորողները ոգեշնչվում են հայկական միջնադարյան
մանրանկարչությամբ եւ հայկական տարազների էլեմենտներով, որի արդյունքում
ստեղծվում է 21-րդ դարին հատուկ հայկական նորաձեւության ինքնատիպ նոր ոճ: